Քաղաքացին չի վերադարձնի ստացված գործազրկության նպաստը. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գործազուրկի կարգավիճակ ունեցող Ռուզաննա Սարգսյանը 10 ամիս շարունակ գործազրկության նպաստ է ստացել, սակայն մեկ օր ժամկետով թարգմանչական ծառայություն մատուցելուց հետո զբաղվածության տարածքային կենտրոնից տեղեկացվել է, որ որպես գործազրկության նպաստ 128 961 դրամ ստացված ֆինանսական միջոցները պետք է վերադարձնի, քանի որ զբաղվել է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ռուզաննա Սարգսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին:
Բարձրացված հարցի կապակցությամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն հասցեագրած գրությամբ Պաշտպանի կողմից վկայակոչվել է օրենսդրական այն հիմնավորումը, որ դիմումատուի կողմից իրականացված մեկօրյա թարգմանչական գործունեությունը չի կարող որակվել որպես անհատ ձեռնարկատիրական գործունեություն: Իսկ բնակչության զբաղվածության եւ գործազրկության ոլորտի օրենսդրությամբ` անձը համարվում է չզբաղված քանի դեռ չի իրականացրել օրենքով նախատեսված գործունեության տեսակներից որեւէ մեկը (այս դեպքում անհատ ձեռնարկատիրություն):
Բացի այդ Ռուզաննա Սարգսյանը թարգմանչական գործունեություն իրականացրել է ծառայությունների մատուցման պայմանագրով եւ իրավաբանորեն հաշվառված չի եղել որպես անհատ ձեռնարկատեր:
Պաշտպանի միջնորդության արդյունքում հարցը քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում եւ որոշվել է, որ որպես գործազրկության նպաստ ստացված գումարները քաղաքացու կողմից ենթակա չեն վերադարձման:




Լրահոս