Որոշ լրատվականներ փորձում են այս դեպքը որակել որպես կենցաղային հողի վրա վիճաբանություն: Ես հայտարարում եմ, որ այս ամբողջ միջադեպը քաղաքական հաշվեհարդար է, անձնական որևէ բանի հետ կապ չունի:
Այս մասին քիչ առաջ բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:
«Ես այն մարդկանցից եմ, որ մարդկանց չեմ հայհոյում, այն էլ հեռախոսով: Ես կարող եմ հայհոյել միայն այն դեպքում, երբ ինձ հեռախոսով հայհոյեն: Գործի վարույթը ցույց կտա, որ սա քաղաքական հաշվեարդար էր»,- վստահ ասաց ազատամարտիկը:
Իսկ առերեսման վերաբերյալ նա նշեց, որ առայժմ որևէ բան չի կարող ասել. «Եվ քննչականը և ոստիկանությունը ճիշտ հետքի վրա են: Այս պահին արդեն իսկ կա երեք ձերբակալված: Իսկ իմ կողմից մատնանշված Տիգրանի մասին ավելի ուշ հայտարարություն կանեմ: Ես Տիգրանի հետ որևէ վիճաբանություն չեմ ունեցել: Եթե կան մարդիկ, ովքեր փաստեր ունեն, թող ներկայացնեն: Եկեք տրամաբանենք. մենք Հանրապետակաի կենտրոնական գրասենյակի մոտ հայտարարություն ենք անում, ելույթ ունենում, որից հետո ինձ հետապնդում են ու ծեծի ենթարկում: Ծեծելուց հետո էլ վերջում ծանր քարը գցում են գլխիս ասում «լավ սատկեց», սա քաղաքական հաշվեհարդար չէ՞, պատվեր չէ՞»:
Ազատամարտիկը նշեց, որ ֆինանսական, գույքի, տան, պարտքի հետ այս միջադեպը կապ չունի. «Սա զուտ իմ քաղաքական հայացքների հետ է կապված: Ես այլ հարցերի այլևս չեմ պատասխանի»:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ազատամարտիկի և բեման ենթարկված և գործով որպես վկա անցնող մի քանի անձանց առերեսումը: Նշենք՝ ազատամարտիկը ծեծի էր ենթարկվել սեպտեբերի 21-ին՝ «Հայազն» կուսակցության կազմակերպած երթից հետո: