Ինչո՞ւ ազատամարտիկները լռեցին և դադարեցին պահանջներ ներկայացնել Սմբատ Հակոբյանի ծեծի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ծեծված Սմբատ Հակոբյանը, որը «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ է, իրականում անձնական խնդիրների պատճառով է բռնության ենթարկվել: Իրավապահ շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Սմբատ Հակոբյանը մեծ թվով պարտքեր ունի տարբեր մարդկանց ու հենց այդ պատճառով էլ հայտնվել է աղմկալի իրադարձությունների կենտրոնում:

Armlur.am-ի տեղեկություններով, նրան զանգահարել են պարտքը ուզելու համար, Սմբատ Հակոբյանը հայհոյել է զանգահարողին՝ իր խոսքերն ուղղելով վերջինիս մորը: Պարտքատերն էլ կուտակված զայրույթը պարպել է ընկերների հետ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելով:

Սակայն Հակոբյանն այս մասին իր գործընկեր ազատամարտիկներին ոչինչ չի ասել՝ հայտարարելով, թե իրեն հալածում են քաղաքական գործունեության, քաղաքացիական ակտիվության և վերջապես ազատամարտիկի կոչումը արատավորելու, նսեմացնելու համար: Սակայն իրականում, երբ նրա գործընկերները տեղեկացրել են, թե ինչն է եղել խնդիրը, այսօր արդեն լռում են եւ դատապարտող հայտարարություններ չեն անում:

Իհարկե, ծեծը երբեւէ չի կարելի խրախուսել կամ համարել հարցերը լուծելու տարբերակ, բայց փաստ է, որ ամեն ծեծ չէ, որ պետք է դարձնել քաղաքական հալածանք ու հերոսանալու առիթ: Ի վերջո ազատամարտիկը, լրագրողը, թե մտավորականը պետք է իր կոչմանը հավատարիմ մնա, այլ ոչ թե որտեղ անհրաժեշտ է հանդես գա ազատամարտիկի կոչմամբ, իսկ որտեղ ինքն է ցանկանում՝ խուլիգանի վարքագիծ դրսեւորի:

Թերեւս սա է պատճառը, որ ողջ օրվա ընթացքում Armlur.am-ի թղթակցի ջանքերը՝ գտնելու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին, ապարդյուն անցավ. նրանք այլևս չեն ցանկանում այդ թեմայով խոսել՝ զլանալով անգամ հեռախոսազանգերին պատասխանել:

Հուսանք, այնուամենայնիվ, իրավապահները չեն օգտվի առիթից և անպատիժ թողեն՝ թեկուզ անձնական դրդապատճառներով ծեծի ենթարկած բանդիտներին:

Արփինե Թովմասյան




Լրահոս