«Հիշողություններ ֆրոնտից…». կյանքի իրական և հերոսական պատմություններ պատերազմից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվում է «Հիշողություններ ֆրոնտից…» ծրագիրը։ Այն նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մասնակից վետերաններին։ Ինչպես նշում է ՀԿ նախագահ Արման Ղազարյանը, այդ իսկ նպատակով այս ծրագրի շրջանակներում նախատեսված է պատրաստել ՀՀ բոլոր մարզերում բնակվող վետերանների մասին 20 կարճատև (մոտ 1 րոպե) և մեկ՝ մոտ 15-20 րոպե տևողությամբ տեսահոլովակներ և դրանք եթեր հեռարձակել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ։

Ըստ տարբեր տվյալների, Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, որից 300 հազարը զոհվել են: Իսկ անցած տարվա տվյալներով՝ ՀՀ-ում ապրում է միայն շուրջ 1100 վետերան, և նրանց թիվն օր օրի, դժբախտաբար, պակասում է: Կյանքից հեռացող ամեն մի վետերան իր հետ մոռացության գիրկն է տանում սեփական հերոսական պատմությունը, որը ժամանակակից սերունդներին ներկայացնելու և ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտություն կա:
«Ցավով պետք է նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում նույնիսկ եղել են դեպքեր, երբ պայմանավորված նկարահանումներից օրեր առաջ տեղեկացել ենք, որ տվյալ վետերանը մահացել է… Նկարահանումները բավականին հետաքրքիր են անցնում՝ վետերաններից յուրաքանչյուրն իր ուրույն, անկրկնելի պատմությունն ունի՝ պատերազմական դաժանություններից մինչև բանակային հումորներ, հիշարժան նամակներ, սպասող հարազատներ և անթիվ նամակներ՝ դեպի տուն ու սիրած աղջկան…»,- ասում է Արման Ղազարյանը՝ շեշտելով, որ իրենց կազմակերպությունը մեծապես կարևորում է ժամանակակից երիտասարդության շրջանում իրական հերոսների կերպարների ձևավորման անհրաժեշտությունը։ Հատկապես դրա դերը մեծանում է ներկայիս մեդիայի համատեքստում, երբ մի շարք «գեղարվեստական» ֆիլմերով և սերիալներով «քարոզվում են» բոլորովին այլ վարքեր ու բարքեր…

ՀԿ նախագահը հույս է հայտնում, որ իրենց ջանքերը թեկուզ փոքր նպաստ կբերեն մեր հասարակությանը, մարդիկ գոնե մի պահ կմտածեն՝ որն է հայրենիքին նվիրված զինվորի, հերոսի իրական կերպարը, կփորձեն ներկա և գալիք սերունդներին փոխանցել իրական կյանքի պատմություններ, որոնք լավագույնս արտահայտում են հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը։
Հավելենք, որ «Հիշողություններ ֆրոնտից…» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։




Լրահոս