ԿԸՀ-ն երեկ ասաց իր «հեղինակավոր» խոսքը՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ. սա ընտրությունների արդյունքների վերջնական «ամփոփումից» հետո նկարված թվերի ներկայացումն էր: Ըստ այդ նկարչության՝ Ս. Սարգսյանը ստացել է 58,64 տոկոս: Այսինքն՝ 861.313 մարդ, ըստ ԿԸՀ-ի, կողմ է, որ մեր երկրում «խիարը» թարս աճի: Դե իհարկե, մենք գիտենք, որ իրականում հայաստանցիների մեծամասնությունը «խիարի» ճիշտ աճելուն է կողմ, ԿԸՀ-ն էլ գիտի, բայց այլ բան է իմանալը, այլ բան՝ իշխանությունների խամաճիկ լինելը եւ պարտականություն կատարելը (նկարում ՀՀ գլխավոր «թվանկարիչներն» են՝ ԿԸՀ անդամները): Ուրիշ ոչինչ չէր էլ կարելի ակնկալել. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որը մի ժամանակ հեռուստատեսությունում շինծու դատական գործընթացների մասին հաղորդումներում էր նկարահանվում, նույն հաջողությամբ նկարահանվեց «Շինծու ընտրություններ» կամ «Դժվար ապրուստ-2» կոչվող ռեալիթի շոուում:
Րաֆֆի Հովհաննիսյանին ԿԸՀ-ն տվեց 539.693 ձայն՝ 36,74 տոկոս: Ինչպես արդեն ասել է Ս. Սարգսյանն իր հանճարեղ ասույթներից մեկում՝ ինչքան ուզում, այդքան էլ խփում են: Րաֆֆու դեպքում ձայներն իրականում բավական շատ էին, դրա համար էլ մի քիչ անակնկալի եկան եւ չկարողացան շատ ցածր խփել: Ամենազավեշտալին այն է, որ ըստ «ԿԸՀ դրամատիկական թատրոնի»՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող իբրեւ թե 2.529.016 քաղաքացիներից ընտրության է մասնակցել իբրեւ թե 1.521.931 ընտրող: Իսկ Հայաստանում այդքան կենդանի ընտրող կա՞:
ՆՐԱՆՔ ՎՃՌԵՑԻՆ ՄԵՐ 5 ՏԱՐՎԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ