Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 89.3 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ուղղված սեյսմակայուն դպրոցների կառուցմանը եւ աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջաններից մեկում բնական աղետներին արձագանքելու կարողության զարգացմանը:
«1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից ի վեր ՀՀ իշխանությունները բազում քայլեր են ձեռնարկել՝ ուղղված արտակարգ իրավիճակների կառավարման եւ արձագանքման համակարգերի մշակմանը, ինչպես նաեւ սեյսմակայուն ճարտարապետական նախագծման եւ շինարարության բարելավմանը»,- նշեց ԱԶԲ-ի Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության քաղաքաշինության գլխավոր տնտեսագետ Յոնգ Յեն:
«Ծրագիրը կաջակցի կառավարության ընթացիկ ջանքերին վերակառուցելու եւ ամրացնելու դպրոցները՝ համապատասխանեցնելով դրանք սեյսմակայունության ավելի բարձր չափանիշների: Այն կօժանդակի կառավարությանը զարգացնելու սեյսմիկ ռիսկերը կառավարելու կարողությունն ու նախաձեռնությունները»,-ասաց պարոն Յեն:
Ներկայումս Հայաստանում գործող շուրջ 1400 դպրոցներից մոտ 1000-ը սեյսմիկ ամրացման եւ վերակառուցման կարիք ունի: Աշխատանքների գնահատված ծախսերը կազմում են մոտ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար: ԱԶԲ-ի տրամադրած վարկն ու դրամաշնորհը կաջակցեն առնվազն 46 առաջնահերթ դպրոցների:
Տրամադրված միջոցները կօժանդակեն նաեւ համապատասխան դպրոցներում աղետներին նախապատրաստման եւ արձագանքման պլանների մշակմանը: Համայնքներում յուրաքանչյուր դպրոցի համար կկազմակերպվեն իրազեկման արշավներ սեյսմիկ իրավիճակներին արձագանքելու վերաբերյալ:
Աջակցության այս ծրագրի համար հիմք է ծառայում ԱԶԲ-ի՝ աղետներին արձագանքման փորձը այլ երկրներում, այդ թվում 2015թ-ի Նեպալի երկրաշարժի ժամանակ: Ծրագրի շահառուներն են մոտ 58,700 աշակերտներ, ուսուցիչներ եւ դպրոցի անձնակազմը, ինչպես նաեւ ընտրված դպրոցների հարակից համայնքների ավելի քան 87,000 բնակիչներ, ովքեր երկրաշարժի դեպքում կկարողանան օգտվել բարելավված ժամանակավոր ապաստաններից:
ԱԶԲ-ի օժանդակությունը կազմում է 88.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ ԱԶԲ-ի արտոնյալ ֆոնդից եւ 800 000 ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Կառավարությունն իր կողմից կտրամադրի 18.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: Ծրագրի տեւողությունը 5 տարի է, ակնկալվող ավարտը 2020թ-ի նոյեմբերն է:
Սա ԱԶԲ-ի արդյունքների վրա հիմնված առաջին վարկավորումն է Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում: Վարկավորման այս նոր ձեւը հաստատվել է ԱԶԲ-ի խորհրդի կողմից 2013թ-ին՝ նպաստելու հաշվետվողականության բարելավմանը, արդյունքների եւ ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաեւ բարելավելու պետական ոլորտային ծրագրերի արդյունավետությունը՝ դրանով խթանելով ինստիտուցիոնալ զարգացումն ու կառավարման արդյունավետությունը:
ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին եւ պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2014թ-ին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է 22.9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 9.2 միլիարդ դոլարի չափով համաֆինանսավորում: