Տարօրինակն այն է, որ ինձ են տվել կոչում. Արմենչիկի դեպքում ավելի շուտ էի սպասում. Էռնա Յուզբաշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էռնա Յուզբաշյանի համար 2015-ը հոբելյանական տարի է. լրանում է նրա ստեղծագործական գործունեության 35-րդ տարին, ինչի առթիվ երգչուհին Հայաստանում է, պատրաստվում է հոբելյանական համերգների: «Ժողովուրդ»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել երգչուհու հետ:

-Տիկի՛ն Յուզբաշյան, ամեն անգամ, երբ գալիս եք Երեւան, ինչպիսի՞ նոր փոփոխություններ եք արձանագրում: Ձեզ հարազատ 90-ականների շունչը, այն ժամանակվա մարդկային հարաբերությունների որակը Երեւանում դեռ տեսնո՞ւմ եք:

-Գրեթե ամեն տարի լինում եմ այստեղ, լինում է նաեւ, որ տարին երկու անգամ եմ գալիս: Օրեցօր սիրունանում է Երեւանը, բայց մոտ 22-23 տարի առաջ, երբ ապրում էի այստեղ, փողոցով զբոսնելիս անընդհատ ծանոթ մարդկանց էի հանդիպում, հիմա ոչ, որովհետեւ, եսիմ… Երկրում չեն, ցավոք սրտի, նախկինում ծանոթ մարդկանց հետ կանգնում, զրուցում էինք. հիմա նման բան չկա…Կա՛մ մարդիկ զբաղված են, կա՛մ եսիմ…Տխուր է…

-Մի առիթով նշել եք, որ երկրորդ արտագաղթին արդեն չեք դիմանա. հույս չունենա՞նք, որ կվերադառնաք հայրենիք:

-Երեւի կուզենայի վերադառնալ, բայց, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է դա իրականացվել, որովհետեւ եթե մարդը նման քայլի է դիմում, պետք է սոցիալ-տնտեսական առումով ապահովված լինի: Երբ ես արտագաղթեցի ԱՄՆ, ես ոչինչ չունեի, բայց դա ուրիշ երկիր է, էմիգրանտի երկիր է, ես կարողացա այնտեղ աշխատանք գտնել եւ գումար վաստակել, ես ունեի կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսները: Իսկ վերադառնալ այստեղ` չունենանալով ոչինչ, չվաստակելով գումար, ինչպե՞ս եմ ապրելու. ես այստեղ ոչինչ չունեմ:

-ԱՄՆ-ում ակումբներում եք երգում, գուցե այստե՞ղ էլ այդ գործով զբաղվեք:

-Հարցն այն է, որ այնքան, որքան այնտեղ են ինձ վարձատրում, այստեղ չեն վճարի, ես ԱՄՆ-ում, աշխատելով ակումբներում, ամսեկան աշխատում էի 6-7 հազար դոլար. դա քիչ գումար չէ այնտեղի համար:

-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ուզում եք Ձեր աղջկան «քյարթու» հայի պես դաստիարակել: Ստացվո՞ւմ է, ձուլվելու վտանգ չկա՞:

-Ինքը քյարթու հայ է, բայց դրա հետ մեկտեղ ասում է` ես ամերիկացի եմ, մեր տանն ամբողջ օրը կռիվ է. ինքն Օբամային է սիրում, ես` Պուտինին (ծիծաղում է): Աղջիկս հիանալի գիտի, որ ինքը հայ է, այլ կերպ լինել չի կարող: Բայց նա նույնքան հակասական է, որքան ես: Կարեւորը նա խոսում է հայերեն: Մենք տանը երկու լեզվով ենք խոսում` ռուսերեն եւ հայերեն, հիմա դուստրս դրանք մի փոքր թուլացրել է. ամեն դեպքում, դպրոցը, ընկերները թողնում են իրենց ազդեցությունը: Ես աշխատում եմ աջակցել նրան հայերենի հարցում, այնպես անել, որ ինքը չամերիկականացվի, քանի որ ես դա տանել չեմ կարողանում, եթե անկեղծ… Մի ժամանակ աղջիկս Արմենչիկ էր սիրում, բայց հետը մի քանի խորհրդակցություն անցկացնելուց հետո արդեն չի խոսում այդ մասին (ծիծաղում է):

-Նախօրեին Դուք եւ երգիչ Արմենչիկն արժանացաք Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչման: Հանրության մի ստվար զանգված տարօրինակ համարեց այն հանգամանքը, որ Ձեզ, կարծես, նույն հարթության վրա դրեցին. Դուք ի՞նչ կասեք այդ առթիվ:

-Տարօրինակն այն է, որ ինձ են տվել այդ կոչումը. ես Արմենչիկի դեպքում ավելի շուտ էի սպասում, որ կտան, որովհետեւ, ինչ ասեմ, մարդն աշխատում է, դահլիճներ է լցնում, ինչ-որ մեկը կարող է նրան չսիրել, բայց մեծ մասը սիրում է…Ես նման հարցերին շատ հանգիստ եմ մոտենում, ով ուզում է լինի` Արմենչիկը, թե Վարդանչիկը…

-Շուտով հոբելյանական համերգներով հանդես կգաք Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում եւ Վանաձորում. կարոտե՞լ եք մարզի հանդիսատեսին:

-Վաղուց ուժգին ցանկություն ունեի համերգներով լինել ոչ միայն Երեւանում, այլեւ մայրաքաղաքից դուրս: Արցախ, օրինակ, հաճախ եմ այցելում, իսկ, առհասարակ, միշտ ցանկություն ունեմ լինել Հայաստանի տարբեր հատվածներում, ես, ընդհանրապես, շատ եմ սիրում գյուղը:

-«Բախտը քո» անունը կրող երգի մեջ ասում եք` «Բախտը քո քեզ է տալիս տարիներ մենության, քեզ է փորձում մի դաժան լռությամբ, բայց մի օր բացելու է դռները սիրո համար»: Այդ դռները Ձեզ համար, ի վերջո, բացվեցի՞ն:

-Ինձ թվում է` ես արդեն այն հասակում եմ, որ ինձ համար կամաց-կամաց ամեն ինչ փակվում է, մանավանդ` սիրո դռները… (ծիծաղում է): Կատակ եմ անում: Գիտե՞ք` քանի մարդը ողջ է, քանի դեռ նա կարող է սիրել, քանի կարող է զգալ գեղեցկությունը, ես կարծում եմ, որ կյանքը չի ավարտվում նրա համար, այն պարզապես անցնում է այլ վիճակի, ես նկատի ունեմ` այլ զգացողությունների, կյանքն այդ ժամանակ այլ իմաստ է ձեռք բերում:

-Համաձա՞յն եք, որ սերը փոխակերպվում է, բայց չի վերանում:

-Չի վերանում, իհարկե, բայց ես չգիտեմ… ճիշտն ասած` ինձ մոտ կյանքի այս փուլում այդ առումով դատարկություն է տիրում, ես դեռ պատրաստ չեմ ոչ մի բանի, նույնիսկ, եթե անկեղծ, այդ մասին չեմ էլ մտածում, այդ առումով ավելի ցինիկ եմ դարձել, չնայած մտահոգվում եմ այն բանի համար, որ ամեն ինչ այսպես է մնացել: Ես կարծում եմ` այդ անկառավարելի, խենթ սերը երիտասարդների գործն է, իմ տարիքում երեւի պետք է լինի ավելի խաղաղ, ավելի բարի զգացմունք: Այս պահին այդ ամենը դեռ չեմ զգում, հնարավոր է` ինչ-որ ժամանակ դա լինի, ես արդեն չգիտեմ, ոնց որ թե ուշ է…

-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:

-Ասում են` մարդն ինչից վախենում է, դա էլ ստանում է: Ես ոչ մի բանից չեմ վախենում, ուղղակի ուզում եմ լինել առողջ, երեխաս լինի առողջ, ուզում եմ չհուսահատվել մարդկանցից, ուզում եմ լինել ավելի պոզիտիվ:

-Իսկ ինչի՞ն եք հավատում:

-Իհարկե, առաջին հերթին` Աստծուն, ես քրիստոնյա եմ, աշխատում եմ պահել աստվածաշնչյան պատվիրանները, եկեղեցի եմ գնում… Աստված իմ, ինչի՞ն եմ հավատում. մարդուն եմ հավատում, ընկերությանն եմ հավատում…

Աննա Բաբաջանյան




Լրահոս