Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» երկրորդ միջազգային գիտաժողովը, որը միավորել է տարբեր երկրների առաջատար մասնագետների:
«Հայաստանում վերջին տասնամյակում տեսությունից պրակտիկա անցման գործընթացը հստակորեն է իրականացվել: Մենք ունենք ձևավորված երիտասարդ բժիշկների սերունդ, որոնք իրենց չեն պատկերացնում ապացուցողական բժշկությունից դուրս և իրենց գործողություններում, մտածելակերպում, գիտական պրպտումներում, նշանակումներում հիմնվում են միմիայն ապացուցողական բժշկության սկզբունքների վրա»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ապացուցողական բժշկության քննարկումը բժշկական հանրության համար նշանակալի առիթ է:
Նրա խոսքով` ապացուցողական բժշկությունը թույլ է տալիս առողջապահական համակարգի տարբեր հարցերի վերաբերյալ տալ առավել հստակ գնահատականներ:
Մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք` նախարարն ընդգծեց, որ գիտաժողովը փաստում է, որ ապացուցողական բժշկությունը երկարաժամկետ ամրապնդվել է մեր երկրի առողջապահական համակարգում:
«Բժշկագիտության մեջ փաստերի վրա հիմնված գործունեությունն ունի իր որոշակի առանձնահատկությունները»,- նկատեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը` մեջբերելով լատինական մի ասույթ, որի համաձայն փաստ առավել ուժեղ ազդեցություն ունի քան խոսքը:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն իր ելույթում ընդգծեց, որ ապացուցողական բժշկությունը գիտական մեթոդաբանություն է, գիտական բժշկությունն ու գործնական առողջությունը կապող կարևոր կամուրջ:
Երկօրյա գիտաժողովի զեկույցներն կանդրադառնան ապացուցողական բժշկության ներդման հետ կապված դժվարություններին, առողջապահական տեխնոլոգիաների գնահատման զարգացման հեռանկարներին, օրենսդրությանը:
Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն նաև կլինիկական ուղեցույցների մշակմանը, ապացուցողական բժշկության հիմունքների դասավանդմանը, այլ արդիական թեմաների վերաբերող հարցեր:
«Ապացուցողական բժշկություն. տեսությունից պրակտիկա» խորագրով գիտաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: