«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը վաճառելու գործընթացն այլեւս գտնվում է հրապարակային փուլում, ասել է թե՝ գործարքի կնքմանը մնացել են հաշված օրեր: Մասնավորապես, երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ Կառավարությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրեն պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու գործարքի առնչությամբ համաձայնություն ստանալու նպատակով:
ՀՀ Կառավարությունը մեկ շաբաթ ժամանակ տվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի նախարարություններին եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների միջեւ կնքվելիք պայմանագիրն ուսումնասիրելու եւ գործադիրին եզրակացություն ներկայացնելու համար:
ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն, ինչպես եւ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: ՀԷՑ-ի գնորդ ընկերության սեփականատերերի մասին տեղեկություններն առայժմ գաղտնի են պահվում եւ չեն հրապարակվում: Սակայն արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին, որ այդ ընկերության թիկունքում կանգնած է ազգությամբ հայ, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս դեռեւս պաշտոնապես չի հաստատել իր առնչությունն այս գործարքին, բայց միեւնույն ժամանակ չի էլ ժխտվել նրա կապը ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության գործընթացի հետ: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերության մամուլի խոսնակ Զառա Աճեմյանը, լրագրողների հարցմանն ի պատասխան, ասել է, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրն իրենց ընկերությունը չէ: Իսկ Սամվել Կարապետյանի եւ ՀԷՑ-ի գնորդի կապի հարցը մնացել է առանց մեկնաբանության: Այլ կերպ ասած՝ Կարապետյանների կողմից ՀԷՑ-ը գնելու լուրը չնայած որ դեռեւս պաշտոնապես չի հաստատվում, միեւնույն ժամանակ չի էլ հերքվում, ինչն այս դեպքում հավասարազոր է այդ տեղեկությունը հաստատելուն:
Այսպիսով, կարելի է ասել, որ դեռեւս տարեսկզբին տարածված այն տեղեկությունները, թե ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, այսօր արդեն իրողություն են դառնում: Ի դեպ, գարնանը, երբ այդ լուրերը նոր էին շրջանառության մեջ դրվել, պաշտոնատար անձինք եւ Սամվել Կարապետյանի շրջապատը խուսափում էին այդ գործընթացի վերաբերյալ հարցերին կոնկրետ պատասխանելուց: Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ դրանից մի քանի ամիս առաջ ՀՀ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի փոխվի ՀԷՑ-ի սեփականատերը: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո ակնհայտ էր, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության գործընթացը ընդամենը ժամանակի հարց է: Բայց մյուս կողմից էլէներգիայի նոր սակագնի հարցը այդպես էլ վերջնականապես չլուծվեց: Ուստի ենթադրվում էր, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը իր մասին կհայտարարի այդ խնդրի լուծումից հետո:
Եվ հիմա կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները, ՀԷՑ-ի ներկա եւ ապագա սեփականատերերը էլէներգիայի սակագնի հարցում կոնկրետ պայմանավորվածություն են ձեռք բերել: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հայտարարել է, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո էլէներգիայի սակագինը չի վերանայվի: Ասել կուզի` իշխանությունները խոստացել են, որ մի քանի ամսից էլէներգիայի սակագինն իրենք, այնուամենայնիվ, կբարձրացնեն:
Ի դեպ, մինչ օրս չի պարզաբանվել այն հարցը, թե ռուսական կողմի համար, որպես ՀԷՑ-ի նոր սեփականատեր, Սամվել Կարապետյանն ինչու է ձեռնտու: Բանն այն է, որ Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպի» մեջ մտնում են մոտ 200 տարբեր ոլորտներում գործող ընկերություններ: Սակայն այդ խմբի մեջ իրենց ուրույն դերն ունեն հենց էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները, որոնք ներառված են «Կասկադ էներգոհոլդինգ» ընկերությունների խմբում: Մասնավորապես, դրանք են «Կասկադ-էներգո», «Կասկադ-էներգոսբիտ», «Կասկադ-էներգոսետ», «Կասկադ տեխ-էքսերգո» եւ այսպես շարունակ: Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» մաս կազմող Էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունները հիմնադրվել են 2005-ին եւ արդեն 2007-ից դրանք գործունեություն են ծավալում Ռուսաստանի մի շարք տարածքներում, այդ թվում նաեւ՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Այլ կերպ ասած՝ Սամվել Կարապետյանը վաղուց է Ռուսաստանի էներգետիկ շուկայի խաղացող: Այն փաստը, որ նրա ընկերությունները տարեցտարի զարգացել եւ նոր տարածքներ են ընդգրկել, ենթադրում է, որ Կարապետյանների եւ ՌԴ իշխանությունների հարաբերությունները լիարժեքորեն փոխադարձ համաձայնեցված են:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԽԱՉԻ ՔԱՎՈՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատրաստվում է հոկտեմբերի 13-ին մեծ միջոցառում կազմակերպել Ապարանում: Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին պատրաստվում են խաչ ավելացնել: Մեր տեղեկություններով՝ այս անգամ խաչի «քավորի» պարտավորությունները Հովսեփյանը «դնելու» է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի «ուսերին»: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները հրավիրվել են միջոցառմանը մասնակցելու: Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գոհունակությամբ հաստատեց, որ այս տարի խաչի «քավորը» ինքն է լինելու: Նշենք, որ խաչը Բաղդասարյանին «փոխանցելու» է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որն այդ պարտավորությունը իր վրա էր վերցրել 2014 թվականի հոկտեմբերին:
ԱՐԱԳԱՑՎԱԾ ՌԵԺԻՄՈՎ
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ խորհրդարանը պատրաստվում է արտահերթ նիստ հրավիրել, քանի որ չի կարողանում «սպառել» նոր Սահմանադրության նախագծի հետ կապված հարցերն ու ելույթները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ՝ հենց նիստի սկզբին, հայտարարեց, որ այսօր՝ ժամը 11.00-ին, արտահերթ նիստ է գումարվելու, քանի որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումը չեն հասցնում ավարտել: Ի դեպ, երեկ պատգամավորները սկսեցին սահմանադրական փոփոխությունների շուրջ մտքերի փոխանակումը: Ըստ այդմ, հերթագրվեց 41 պատգամավոր, որոնցից ելույթ ունեցան 15-ը: Այսինքն՝ դեռեւս 26 պատգամավոր այսօր պետք է ելույթ ունենա: Յուրաքանչյուր ելույթին հատկացվում է 10 րոպե: Ստացվում է, որ եթե խորհրդարանը ողջ օրը առանց մեկ րոպե անգամ կորցնելու նիստեր անցկացնի, ապա կհասցնեն մինչեւ աշխատանքային ժամի ավարտը՝ 18.00-ն, պատգամավորների ելույթներն ավարտել: Սակայն բացառված չէ, որ արտահերթ ելույթներ եւս լինեն, այդ դեպքում արտահերթ նիստը կարող է մի փոքր երկարել օրվա ավարտին կամ այն կշարունակվի նաեւ շաբաթ օրը: Հիշեցնենք, որ իշխանությունները շտապում են, որպեսզի հասցնեն ԱԺ հաջորդ՝ հոկտեմբերի 5-ին սկսվելիք քառօրյայում կազմակերպեն Սահմանադրության նախագծի քվեարկությունը:
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ կհրավիրի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներն արդեն իսկ սկսելու են քննարկել սահմանադրական հանրաքվեի կազմակերպման հետ կապված հարցերը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԻՍԿ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ՉԻ ԴՆՈ՞ՒՄ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դուրս է գալիս կուսակցությունից եւ հրաժարվում ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է սոցցանցում: «Վերջին շրջանում իմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին եւ թե՛ ներկուսակցական կազմակերպական հարցերում, սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ եւ չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» եւ, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաեւ՝ վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները»,- գրել է Հակոբյանը:
ՀԱՇՎԻ ՄԵՋ ՄՏԱՆ
Սահմանադրական փոփոխությունների քննարկման նպատակով Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել «Ռամկավար ազատական կուսակցության» (ՌԱԿ) ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի եւ Սեյրան Ղարիբյանի հետ:
ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՂԸ
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, իր ելույթում արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հնչեցրած քննադատությանը, ասել է. «Բա շուռ չգաս ու ասես՝ ա՛յ խելոք, բա որ էդքան լուրջ քննադատության ես փորձում ենթարկել, խմբակցությունդ փորձիր ղեկավարել: Յոթը քեզ ընտրել են, դրանցից չորսը քեզ լքել են, մեկը չի վստահում, մեկն էլ վրեդ իշխում ա: Հիմա եկել ես, ո՞ւմ ես խելք սովորեցնում, այ քեզ բան»: