Նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Մարալիկ համայնքում սեպտեմբերի 13-ին կայացած համայնքային ընտրությունների ժամանակ «Հայ էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Նա ասաց նաեւ, որ պատրաստ է ցույց տալ «չեկերը»: Եւ, ահա, երեկ ԱԺ-ում այս առումով իրարանցում էր:
«Ժողովուրդ»-ը ԱԺ կուլիսներից հետաքրքիր մանրամասներ պարզեց, որոնք հետեւել են ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը: Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, որը եղել է ՀՀԿ-ի պաշտոնական պատասխանատուն Մարալիկի ընտրություններում, (հաղթող թեկնածուն նրա սանիկն է), առավոտյան հանդիպել է Արամ Մանուկյանին եւ պահանջել խոստացված «չեկերը»: Նույն հարցով ՀԱԿ պատգամավորին է հանդիպել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, Մարալիկ քաղաքն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը: Մանուկյանն ասել է, թե կհայթայթի եւ կտրամադրի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ Մանուկյանի հայտարարության հարցով խիստ անհանգստացած է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. նա հրահանգել է Արամ Մանուկյանից վերցնել բոլոր անհրաժեշտ փաստերն ու փաստաթղթերը, որպեսզի ընթացք տա խնդրին: Այս առիթով ԱԺ-ում ՀՀ Կառավարության ներկայացուցիչը եւս Արամ Մանուկյանից փաստեր է ուզել:
Անհանգստացած էին նաեւ ՀԷՑ-ի նոր սեփականատերերը. նրանք էլ իրենց հերթին են խորհրդարանականներին դժգոհել, թե իրենք ինչ կապ ունեն Մարալիկի ընտրությունների հետ եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրել են իրավիճակը շտկել:
Բայց ուշագրավն այս պատմության մեջ, իհարկե, քրեական տարրերի ներգրավածությունն է: Ինչպես բոլոր ընտրություններին, այնպես էլ Մարալիկում մասնակցություն են ունեցել նաեւ մի շարք հեղինակություններ, որոնք իրենց առջեւ մեկ խնդիր են դրել՝ այնպես անել, որ ամեն ինչ «մաքուր լինի»: Ընդ որում, պայմանավորվածություն է եղել ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուներին սատարող հեղինակությունների միջեւ: Եւ Արամ Մանուկյանն իր այդ հայտարարությունով, ըստ էության, քար է գցել նրանց «բոստանը», թե հեղինակություններն իրենց տված խոստումները դրժել են, ինչը, հասկանալի է, «աններելի» բան է այդ աշխարհի համար: Պարզվում է` նրանք էլ իրենց հերթին են Արամ Մանուկյանից բացատրություններ պահանջել` տալով 2 օր ժամանակ՝ կա՛մ պատգամավորը պետք է ապացույցներ ներկայացնի, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրի:
Իսկ ինչո՞ւ է նման խառնաշփոթ առաջացել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արամ Մանուկյանին այդ կարեւոր տեղեկությունը հասել է երկու աղբյուրից՝ մեկը ՀԱԿ-ի Մարալիկի ներկայացուցիչներն են, երկրորդը` ԲՀԿ-ական գործընկերները, որոնց թեկնածուն պարտվեց ընտրություններում: Եւ հիմա Մանուկյանը նրանցից պահանջում է ինֆորմացիայի փաստերը տալ, քանի որ հարցը զեկուցվել է մինչեւ Սերժ Սարգսյանին, ու նա սպասում է պատասխանի: Ասել է թե՝ Արամ Մանուկյանին անհարմար դրության մեջ են դրել՝ վստահեցնելով, որ նման բան է եղել, իսկ երբ եկել է փաստերը ներկայացնելու ժամանակը, բոլորը հեռացել են՝ Մանուկյանին թողնելով միայնակ: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե որտեղ են Ձեր փաստերը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ես քաղաքական հայտարարություն եմ արել, սպասե՛ք, փաստերն էլ կներկայացնեմ»: Զրուցեցինք նաեւ Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հետ, ով ասաց. «Ես, անկեղծ ասած, զարմացա, որ Արամ Մանուկյանը, լինելով փորձառու քաղաքական գործիչ, նման հայտարարություն արեց, քանի որ դա բացարձակ սուտ տեղեկություն էր: Ես ակնկալում եմ, որ ԱԺ պատգամավորը, ինչպես խոստացել էր, կհրապարակի, ցույց կտա այդ կտրոնները: Թեեւ ես վստահ եմ, որ այդպիսի բան չկա: Առայժմ սպասում ենք»:
Ի դեպ, պարզվում է՝ Մարալիկի ընտրություններում ընտրակաշառքի թեման բավականին զգայուն է ոչ միայն այն պատճառով, որ պայմանավորվածություն է եղել՝ երկու կողմերն էլ նման բան չպետք է անեն, այլեւ ԲՀԿ թեկնածուին ամեն կերպ անցկացնելու խնդիր է դրված եղել: ԲՀԿ ներկայիս հովանավոր թեւը տարբեր տեղեկությունների համաձայն՝ 50 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել՝ թեկնածու Արտակ Ավդալյանին անցկացնելու համար: Սակայն թեկնածուն պարտվել է: Եւ հիմա անհրաժեշտ է որեւէ կերպ արդարացնել այդ պարտությունը: Ու չի բացառվում, որ հենց այս նպատակով էլ ընդդիմադիր պատգամավորին տեղեկություն է փոխանցվել ՀԷՑ-ի կտրոնների մասին, որպեսզի «հովանավորների» մոտ արդարանան, թե ինչու չստացվեց քաղաքապետարանի գույքահարկի տեսուչին քաղաքապետ դարձնել:
Իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, դժվար է ասել. արդյո՞ք Արամ Մանուկյանին կհաջողվի ներկայացնել ապացույցներ, թե՞ ստիպված կլինի հրապարակավ ներողություն խնդրել՝ սուտ բան հայտարարելու համար, թերեւս ժամանակը ցույց կտա:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻՆ` ԲԱՐՈՒՐԸ ԳՐԿԻՆ
Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Արմեն Հարությունյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ 16 տարին չլրացած, 1999թ. ծնված աղջկա հետ, փոխադարձ համաձայնությամբ, 2014 թվականի հուլիսի 10-ից սեռական հարաբերություններ է ունեցել, եւ նրանք շուրջ երկու շաբաթ Տավուշ գյուղում վարել են համատեղ ամուսնական կյանք:
Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ կետով («Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ, որը կատարվել է քսանմեկ տարին լրացած անձի կողմից»): Սույն հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Ա. Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը: Նշենք, որ 15-ամյա աղջկա հետ փաստացի ամուսնանալու ժամանակ Արմեն Հարությունյանը եղել է 29 տարեկան` գրեթե կրկնակի մեծ: Տավուշի մարզում բազմաթիվ են դեպքերը, երբ չափահաս երիտասարդն ամուսնանում է 15-ամյա աղջկա հետ:
Նման որոշ դեպքերում քրեական գործեր են հարուցվում, կայանում են դատավարություններ, որոնք սովորաբար ավարտվում են ամբաստանյալին պայմանական պատիժ նշանակելով: ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն օրենք է ընդունել, որով 2017 թվականից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դառանալու: 9-րդ դասարանն ավարտելուց հետո շրջանավարտները կա՛մ պետք է ուսումը շարունակեն ավագ դպրոցներում, բուհերում, քոլեջներում, կա՛մ ուսումնարաններում:
Այդ մասին Տավուշի մարզպետարանում օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը` շեշտելով, որ պարտադիր 12-ամյա կրթությամբ իրենք «պարտադրում են ավելի լավ ապագայի հույս»: Սակայն Աշոտյանը չասաց, թե 15 տարեկանում ամուսնացած, մեկ տարի անց մայրացած աղջիկները ոնց են 12-ամյա կրթություն ստանալու, նրանք դպրոցական կամ ուսանողական նստարանին նստելու են նորածնի բարուրը գրկի՞ն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ