ՀՀՇ-Ն ԿԱՄ «ԳԵՂԻ ԿԼՈՒԲ»-Ն ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ստեղծված առաջին ընդդիմադիր, գաղափարական քաղաքական ուժը՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը այլեւս չկա: Փետրվարի 23-ին՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակից ընդամենը օրեր անց, ՀՀՇ արտահերթ համագումարը որոշում կայացրեց կուսակցության անվանափոխության մասին, եւ արդյունքում ՀՀՇ-ն վերածվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:
Այսպիսով՝ Հայաստանի անկախության ակունքներում կանգնած կուսակցությունը, որի օրոք, ըստ էության, հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը, որի օրոք Հայաստանը հաղթեց Արցախյան պատերազմում, որի օրոք երկիրը դուրս եկավ էներգետիկ ճգնաժամից, այլեւս չկա: ՀՀՇ համագումարում այս որոշումն ընդունվեց բավական մեծ դժվարությամբ. կուսակցության ներսում լուրջ դիմադրություն կար, եւ շատերը ՀՀ ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ, ըստ էության, դեմ էին ՀՀՇ անունը ՀԱԿ դարձնելուն: Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո համագումարի պատվիրակների մի մասը, այնուամենայնիվ, համաձայնեց կողմ քվեարկել այս որոշմանը. արդյունքում՝ ՀՀՇ-ն անվանափոխվեց 375 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ այդ, Լ. Տեր-Պետրոսյանը նշեց, թե այս քաղաքական իրավիճակում հարկավոր է թույլ չտալ, որպեսզի 2008թ. ծավալված համաժողովրդական շարժման ալիքը մարի, ու լավագույն ելքը ՀՀՇ-ն «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վերածելն է, որին կմիանան նաեւ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամները, հիմնականում՝ անկուսակցականները, որոնց թիվը միգուցե ավելի շատ է, քան ՀՀՇ անդամներինը, եւ որոնք որեւէ կերպ չէին ցանկանում իրենց անունը իրավաբանորեն կապել ՀՀՇ-ի հետ: Տեր-Պետրոսյանն ասաց, որ ինքը չէր ուզի՝ ՀՀՇ-ն վերածվի թանգարանային կուսակցության: Առաջին նախագահը բավական կոշտ քննադատություն հնչեցրեց ՀՀՇ նախորդ տարիների գործունեության վերաբերյալ: Նրա կարծիքով՝ ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի նախագահությունից դուրս գալուց հետո դարձել էր «լավագույն դեպքում մի գեղական «կլուբ», եթե չասենք աղանդ»:
ՀՀՇ հասցեին Տեր-Պետրոսյանի հնչեցրած այս քննադատությունը, բնականաբար, լուրջ դժգոհություն է առաջացրել ՀՀՇ ներսում: Կուսակցականներից շատերն այն աստիճան էին վրդովվել, որ մասնավոր զրույցներում ասում էին, թե Ռոբերտ Քոչարյանը, որն իր իշխանության հատկապես սկզբնական շրջանում խնդիր էր դրել ամեն գնով վերացնել ՀՀՇ-ն,  չկարողացավ, բայց Տեր-Պետրոսյանը մի նախադասությամբ քանդեց պատմական այդ արժեքը:
Պարզվում է՝ Տեր-Պետրոսյանի այդ հապշտապ որոշման պատճառը ավելի խորը արմատներ ուներ: Ու քանի «երկրի գլուխը խառն է», մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներով են զբաղված, Տեր-Պետրոսյանը որոշեց ՀՀՇ-ի եւ ՀԱԿ-ի հարցերը միաժամանակ լուծել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջին նախագահը մտավախություն ուներ, թե ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարող էր Հայ ազգային կոնգրեսի անունը վերցնել ու ինքնուրույն քաղաքական գործունեություն ծավալել, դրա համար էլ շտապեց թեկուզ ՀՀՇ-ն քանդելու գնով ՀԱԿ «բրենդը» սեփականաշնորհել: Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին 28 հոգի Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն ՀԱԿ անունով կուսակցություն հիմնադրելու համար: Դա արվեց, որպեսզի Նիկոլն առաջ չընկներ: Ու քանի որ այդ քայլով իրավաբանորեն ՀԱԿ անունը ամրագրված էր («բրոնիա» էր արված), ուստի ՀՀՇ անվանափոխությունից հետո նախաձեռնող խումբն առաջիկա օրերին հետ է վերցնելու դիմումը:
Հավելենք, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն օրեր առաջ հայտարարել էր, որ եթե ՀՀՇ-ն լուծարվի, ինքը կհիմնի ՀՀՇ կուսակցություն:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս