ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից
Երեկ ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին եւ նրա հետ քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հյուրի խնդրանքով արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձը իրավունք ունի օգտվելու սոցիալական փաթեթի հնարավորություններից:
Ռուզաննա Եղոյան (30 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Եղոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցփաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի ծառայությունները չեն տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսիններից որեւէ մեկն իրավունք ունի առանց մյուսի համաձայնության ամուսնալուծության դիմում ներկայացնել:
Սիրարփի Հարությունյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել: Ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե՝
-բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,
-ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայությանը, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց,
-ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման: Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2014թ. գրանցվել է 18 հզ. 912 ամուսնություն՝ 2013-ի համեմատ աճելով 3%-ով: Իսկ ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4498՝ տարեկան կտրվածքով աճելով 19.8%-ով: 2014թ. գրանցված 1000 ամուսնությունից 238-ն ամուսնալուծվել է` 2013թ. 205-ի փոխարեն: