ԳՈՆԵ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՐԳԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական քարոզչությունն ընդամենը մեկ ամիս առաջ համառորեն տարածում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օգոստոսի 8-ին եւ 15-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզեր կատարած այցելությունների եւ այնտեղ կազմակերպված խորհրդակցությունների մասին լուրերը: Նշված խորհրդակցությունների թեման խաղողի մթերման հետ կապված խնդիրներն էին: Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետարանում նա ասել էր. «Կառավարությունը կանգնած է վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել եւ օժանդակել ձեզ: Մենք պատրաստ ենք լսել նաեւ ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին եւ վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»: Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանը գյուղացիներին խոստացել էր, որ խաղողի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի լինի: 10 օր էլ չկա, ինչ խաղողի համընդհանուր բերքահավաքը, ըստ այդմ, նաեւ՝ մթերումը, սկսվել է, բայց գյուղացիներն արդեն բողոքի ձայն են բարձրացնում: Երեկ Արարատի մարզի Լուսառատ եւ հարակից գյուղերի բնակիչները փակել էին Երեւան-Ստեփանակերտ պետական կարեւորության ճանապարհը եւ պահանջում էին լուծել իրենց խաղողի մթերման խնդիրները: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատես եղանք, որ Կառավարությունը չի կարողանում կատարել իր խոստումը: Արժե՞ր տալ նման խոստումներ:

 

 

 
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ ողջ օրը, մեծ ոգեւորությամբ տարածում էին Վահան Մարտիրոսյանի մտքի արգասիքները, որոնք նա դուրս էր տվել Բաքվում կայացած ասուլիսի ընթացքում: Այս պատմության մեջ թերեւս այդպես էլ անհասկանալի մնաց ՀՀ իշխանությունների եւ իրավապահ մարմինների պահվածքը: Փաստորեն, այս անձնավորությունը տարիներ շարունակ իշխանությունների բարեհաճությունը վայելելով՝ իշխանական լրատվամիջոցների անթաքույց աջակցությամբ ակտիվիստի կերպար էր ձեւավորում: Իսկ այսօր արդեն խոսում են այն մասին, որ նա հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն է եղել եւ այսպես շարունակ: Միգուցե Հայաստանի ԱԱԾ-ի ծրագիրն ի սկզբանե հենց այդպե՞ս է եղել՝ դարձնել հանրային կերպար, այնուհետեւ ճնշել, որ կարողանա գնա եւ հանձնվի Ադրբեջանին՝ որպես ՀՀ գործակալի: Մյուս կողմից էլ ուշագրավ է, թե ինչպես էր երեկ ՀՀ քննչական կոմիտեն փորձում ոստիկանության գլխին բարդել իր քննիչի անպատասխանատվությունը:

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը, նույն ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, սովորաբար չի հաճախում աշխատանքի: Բայց դա չի խանգարում, որ նա ամսական 141 հազար 500 դրամ աշխատավարձ ստանա: Ռուզաննա Խաչատրյանի՝ աշխատանքի հաճախելու առնչությամբ մեկնաբանության համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանին: «Որպես նախարարի խորհրդական՝ Ռուզաննա Խաչատրյանը զբաղվում է հիմնականում ռազմական բժշկության հարցերով: Նա աշխատում է անմիջապես նախարարի հետ, գալիս է, նախարարից հանձնարարականներ ստանում եւ դրանք տեղերում է իրականացնում: Իհարկե, քիչ է գալիս նախարարություն, բայց հանդիպում է նախարարին եւ հանձնարարականներ ստանում ու գնում է դրանք կատարելու: Նա միաժամանակ համակարգում է ռազմական բժշկության եւ առողջապահության նախարարության հետ համատեղ ծրագրերը»: Դե, իհարկե, նախարարի կինը դրսում ավելի շատ անելիքներ ունի, քան նախարարության շենքում։

 

 

 
Ընդամենը մի քանի տարի առաջ ՀՀ իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարում էին, թե իբր Հայաստանը շուտով կդառնա ձուկ արտահանող երկիր: Մարդիկ նույնիսկ համոզված էին, որ այդքան էլ էական չէ՝ ծով ունենք, թե ոչ, միեւնույն է՝ շատ ջուր ունենք եւ բազմաթիվ լճեր կարող ենք սարքել: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի ձկնաբուծական ընկերություններն առավել քան խոցելի են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ձկնաբուծությամբ զբաղվող հերթական ընկերության ղեկավարը տեղեկացրել է իրենց գործունեությունը դադարեցնելու մասին: ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գործող «Արմավիր ֆերմեր» ընկերության տնօրեն Ազատ Հարությունյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ էլէներգիայի սակագնի թանկացումից հետո իրենք ստիպված են իրենց գործունեությունը դադարեցնել: «Մենք միանգամից փակվում ենք, ինչ կա-չկա մաքրում ենք ու չենք աշխատելու»,- ցավով հայտնել է Հարությունյանը:

 

 

 

 
ՍՈՒԼԹԱՆԻ ԿԱՐՈՏՈՎ

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից առաջ կապի եւ տրանսպորտի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե անցումը խորհրդարանական համակարգին ինչ կտա Հայաստանին, ասել է.«Առաջինը՝ մի ընտրություն պակաս կլինի, որը ինձ համար շատ կարեւոր է: Իսկ Դուք գիտեք մեր ժողովրդին. հակամարտությունները սկսվում են ընտրությունների ժամանակ, եւ հետո յուրաքանչյուր ընտրությունից հետո չեն մոռանում, շարունակում են, որը ես համարում եմ անընդունելի: Ընտրությունների քանակը սահմանադրական փոփոխություններից հետո կրճատվում է, դա արդեն շատ լավ է»:
Նկատենք, որ Գագիկ Բեգլարյանի ներկայացրած այս արտառոց հիմնավորումը բազմիցս, փոքր-ինչ ավելի քաղաքագիտական փաթեթավորումներով ներկայացրել են այլ կարկառուն ՀՀԿ-ականներ: Եվ անգամ մասնագիտական քննարկումների ժամանակ էլ իրավաբանի կրթություն ունեցող որոշ հանրապետականներ հենց հետ ընտրական բախումներից խուսափելու նպատակով են փորձել արդարացնել համաժողովրդական ընտրությունները մեկով կրճատելու մոտեցումը: Մինչդեռ իրականում քիչ թե շատ իրավական եւ քաղաքագիտական գիտելիքներ ունեցող մեկի համար նման հիմնավորումը պետք է որ ամոթալի լիներ, առավել եւս, որ համաժողովրդական ընտրությունները, ասել է թե` ժողովրդի` ընտրությունների միջոցով իշխանության իրացման իր իրավունքի կրճատումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կոպիտ հետքայլ ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից:
Ինչ են ասում հանրապետականները. որքան քիչ համապետական ընտրություններ լինեն, այդքան քիչ հետընտրական բախումներ կլինեն: Այդ դեպքում գուցե առհասարակ անցնենք միապետական կարգերի՞, Հայաստանը դարձնենք սուլթանատ, որտեղ ընդհանրապես ընտրություններ չկան, հետեւաբար, չկան նաեւ հետընտրական բախումներ:
Փոխանակ կատարելագործելու ընտրական մեխանիզմները եւ ապահովելու ժողովրդի` ազատ եւ արդար ընտրության իրավունքը, հանրապետականները, փաստորեն, չեն էլ թաքցնում իրենց ոգեւորությունը` այդ իրավունքը սահմանափակելու գործում: Ի վերջո, ինչից են առաջանում հետընտրական բախումները` ընտրությունների շարունակական եւ համատարած կեղծման արդյունքում: Եվ եթե հանրապետականներին այդքան մտահոգում են հետընտրական բախումները, ապա թող նրանք գոնե մեկ անգամ չկեղծեն ընտրությունները եւ թույլ տան, որ ժողովուրդն իրացնի գործող եւ նաեւ առաջարկվող Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, հանրապետականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել նման հեռանկարի հետ, ապա ժողովրդավարական սկզբունքներից այսպիսի հետքայլերը գոնե թող փորձեն անցկացնել անաղմուկ, այլ ոչ թե դրանք ներկայացնեն որպես ամենամեծ ձեռբերում: Մի տեսակ անհարմար է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցող ուժի համար:




Լրահոս