Այն պնդումը, թե «ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում», կյանքի ընթացքում անընդհատ հաստատվում է: Այս անգամ հերթը քաղաքական գործիչ եւ քաղաքացիական ակտիվիստ եզրույթների «հակամարտության» հանգուցալուծումն է:
Հայաստանի իշխանություններն արդեն մոտ տասը տարի է՝ հետեւողականորեն անարգում, արժեզրկում եւ փչացնում են քաղաքականության, կուսակցությունների ու քաղաքական գործչի դերը: Տարիներ շարունակ իշխանությունները հանրության գիտակցության մեջ ներարկում են, որ քաղաքականությունն անբարոյականություն է, քաղաքական գործիչները խաբեբա են, անգրագետ, անբարոյական եւ այսպես շարունակ: Այսինքն՝ իշխանություններն այս ընթացքում ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքական դաշտում իրենց գոյությունն արդարացնեն եւ լայն մասսաները վարկաբեկված լինելու ահից զերծ մնան քաղաքականությամբ ակտիվ զբաղվելուց: Քաղաքականության վարկաբեկման ամենացնցող օրինակը 2009-ի դեկտեմբերի 24-ին այն ժամանակ դեռեւս ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարությունը, թե «Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ: Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար: Եթե պատահական դառնա գործարար, կարճ ժամանակ հետո կունենա ֆինանսական պրոբլեմ եւ կսնանկանա, իսկ մեկը կարող է պատահական ընտրվել պատգամավոր եւ 5 տարի դառնա քաղաքական գործիչ»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ հայտարարությամբ Աբրահամյանն իրեն եւ իր կուսակից գործիչներին էր վարկաբեկում: Իրականում անխելք կամ «քիչ խելոք» մարդը չի կարող պատահական պատգամավոր դառնալ, քանի որ ընտրողը միշտ պահանջկոտ է: Պատահական մարդիկ պատգամավոր դառնում են միայն կեղծիքների, այդ թվում նաեւ՝ մարդկանց կաշառելու եւ ահաբեկելու միջոցով, հենց դա է պատճառը, որ նմաններին կարելի է հանդիպել միայն ՀՀԿ-ում եւ մնացած իշխանական քաղաքական ուժերի շարքերում:
Ինչեւէ: Թեմայից չշեղվենք: Իշխանություններն այնքան արժեզրկեցին քաղաքականությունը, որ բոլորը խուսափում են այդ երեւույթի հետ առնչություն ունենալ: Արդյունքում՝ վերջին տարիներին մենք ականատես ենք, թե ինչպես իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդները, որոնց ընդունված է անվանել քաղաքացիական ակտիվիստ, քաղաքականություն բառից վախենում են: Նոր-նոր ինչ-որ գործունեություն ծավալել պատրաստվող երիտասարդները քաղաքականությանը եւ քաղաքական գործիչներին վերաբերվում են իբրեւ մի եղկելի երեւույթի: Այս երեւույթը մեծ թափ ստացավ վերջին 2-3 տարիներին: Այսինքն՝ իշխանությունները լիարժեք հասան իրենց նպատակին. ՀՀ քաղաքացին այլեւս չի համարձակվում քաղաքական գործընթացներին միջամտել, իսկ քաղաքականությամբ զբաղվելը, առավել եւս կուսակցական դառնալն ընդհանրապես ամոթալի մի բան է դարձել, եւ մոտեցման հիմնական տարածողներն էլ դարձել են մերօրյա քաղաքացիական ակտիվիստները: Գագաթնակետը եղավ այս տարվա հունիսի 22-ից մեկնարկած եւ մոտ երկու շաբաթ տեւած էլէներգիայի սակագնի դեմ ծավալված բողոքի ցույցերը, որի կազմակերպիչը մի խումբ երիտասարդներ էին: Քաղաքականություն բառը լսելիս բողոքի ակցիայի կազմակերպիչներն այնպես էին փախչում, կարծես ինչ-որ մեկը ցանկանում էր իրենց հայհոյել կամ ազգով մեկ խայտառակել: Երիտասարդները կոնկրետ քաղաքական իրադարձություն էին կերտում, բայց պնդում էին, թե իրենց քաղաքականության հետ չկապեն:
Այսօր արդեն իրադարձությունների բերումով մենք ականատես ենք պետական դավաճանության մի դեպքի, որի հեղինակը հանրությանն իբրեւ քաղաքացիական ակտիվիստ ներկայացած մի երիտասարդ է: Արդյոք սա նշանակում է, որ քաղաքացիական ակտիվիստներին այսուհետ անհրաժեշտ է վերաբերել իբրեւ պոտենցիալ դավաճանների: Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որով քաղաքացիական ակտիվիստների մի մասը վերաբերվում են քաղաքականությանը եւ քաղաքական գործիչներին, ապա ստացվում է, որ լրագրողներն այս կամ այն երիտասարդ քաղաքացիական ակտիվիստի կամ խմբի գործունեություն լուսաբանելուց առաջ մի լավ պետք է մտածեն: Սակայն իրականությունն այն է, որ աշխարհում միայն մեկ մասնագիտություն գոյություն ունի, որով զբաղվելն անբարոյականություն է: Մնացած բոլոր դեպքերում վատն ու լավը, բարոյականը եւ անբարոյականը պայմանավորված են տվյալ անձով: Ասել կուզի՝ ամեն անգամ, եթե որեւէ քաղաքացիական ակտիվիստի մտքով կանցնի քաղաքականություն կամ քաղաքական գործիչ երեւույթի մասին որեւէ վատ որակում հնչեցնել կամ գրել (խոսքը չի վերաբերում կոնկրետ կուսակցությունների կամ քաղաքական գործիչների արարքին համարժեք տրվող գնահատականներին), թող մի հատ հայելու մեջ նայի, կարող է ինքն էլ է պատրաստվում Բաքվին հանձնվել…
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՈՆՈՐԱՐՈՎ ԽՈՍՈՂԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ամեն անգամ մինչեւ խորհրդարանում ելույթով հանդես գալն անպայման այցելում է Բաղրամյան 26: Նա նախագահական նստավայրի իր «կուռատրների» հետ համաձայնեցնում է ելույթների տեքստերը, մասնավորապես, թե այս անգամ ընդդիմադիրներից ում վրա պետք է հարձակվի: Ելույթից հետո կրկին ներկայանում է նախագահական նստավայր: Ըստ լուրերի՝ ՀՀԿ-ական նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն այնտեղ է գնում իր ելույթների «հոնորարների» ետեւից: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հենց իրենից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանից ճշտել՝ իրոք այդպես է՝ ինքը իր ելույթների տեքստերը նախապես համաձայնեցնո՞ւմ է Սերժ Սարգսյանի հավատարիմ անձանց հետ: «Դա ծիծաղելի է, ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, իշխանության ներկայացուցիչ պատգամավոր եմ ու իմ ելույթներում արտահայտում եմ իմ քաղաքական ուժի դիրքորոշումն ու տրամադրվածությունը»,- ասաց Եսայանը: Ըստ էության, նա չհերքեց լուրերն այն մասին, որ իր ելույթները «գրվում» են նախագահականում:
ԱՍՈՒՄ Է՝ ՍՊԱՍԵՔ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինքն ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ՀԷՑ-ը նոր սեփականատեր կունենա՝ այն էլ օֆշորում գրանցված ընկերություն: Սահակյանը պատասխանեց, թե այնպիսի տեղեկություններ են շրջանառվում, որոնց մասին ինքը ոչինչ տեղյակ չէ: «Ամեն ինչից առաջ ընկած գնում եք: Նման բան չի հայտարարվել, օվշորային ընկերություն է, թե ինչ է, դրա համար վարչապետը հանձնարարեց, որ լավ ուսումնասիրվի ու ներկայացվի իրեն: Իսկ երբ կներկայացնեն, այդ ժամանակ էլ առաջիններից մեկը Դուք կլինեք, որ կիմանաք, թե ինչ է իրականում եղել»,- ասաց Գալուստ Սահակյանը: Աժ նախագահը հորդորեց ինչ-որ սենսացիաների ետեւից չընկնել, որպեսզի չհրապարակվի այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են իրականության հետ առնչություն չունենալ:
ՌՈՒԲԼՈՎ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը, պարզվում է, իր պաշտոնական աշխատավարձից բացի՝ նաեւ ռուսական ռուբլով է եկամուտներ ստանում: Այվազյանն, ըստ իր 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի տարեկան 4 մլն 960 հազար դրամ աշխատավաձից բացի՝ ստացել է նաեւ 2 մլն 80 հազար ռուբլի: Ի դեպ, տարվա վերջին նա հայտարարագրել է 4 մլն 80 հազար ռուսական ռուբլի, 15 մլն դրամ եւ 50 հազար դոլար դրամական միջոց: Նշենք, որ Այվազյանը 2011-ից 2013 թթ աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում որպես գլխավոր մասնագետ: 2013-ից մինչ օրս ՀՀ վարչական դատարանի դատավոր է: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երկու բնակարան եւ «BMW X5 3.0 D» մակնիշի ավտոմեքենա:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, ով, պարզվում է, երկար ժամանակ է` ճանաչում է Վահան Մարտիրոսյանին, համացանցի իր էջում գրառում է կատարել` հայտարարելով, որ մի քանի տարի առաջ Վ. Մարտիրոսյանը հայտնել էր Ադրբեջան գնալու իր ցանկության մասին: «Նա իրեն անընդհատ այստեղ-այնտեղ ցույց էր տալիս: Նա այն ժամանակ էլ ասաց, որ ուզում է գնալ Ադրբեջան, բայց այնտեղ ինչ-որ կոնֆլիկտ էր նրա հետ եղել, ու խափանվեց գնալը: Ու արդեն երեք տարի նա ընդհանրապես Ադրբեջանի մասին չէր խոսել: Ուղղակի նա ահավոր փառասեր է, մեդիադաշտում երեւալու մեծ մոլուցք ունի: Չի կարող ապրել առանց կամերաների, առանց նրա, որ հեռուստաէկրաններին իր անունը չտեսնեն: Ադրբեջանում նրա վերջին ասուլիսն էր: Նա այլեւս ոչ մեկին պետք չի»,- armlur.am-ին ասել է բլոգերը:
Իսկ հարցին, թե հնարավոր է, որ նա տարիներ շարունակ Հայաստանում Ադրբեջանի համար է աշխատել, Քոչարյանը պատասխանել է. «Չեմ կարծում: Ճիշտն ասած` ինձ մոտ նման տպավորություն չի եղել: Նա նման հարցերով չէր զբաղվում: Իրեն իր երազած տղայի տեղն էր դրել: Ուղղակի նպատակը եղել է ադրբեջանական մամուլի էջերում երեւալը»:
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՉԷ
«Կարծում եմ` ավելի լավ կլիներ, եթե նա քաղաքական ապաստան խնդրեր Հյուսիսային Կորեայում կամ Ռուսաստանում: Այդպիսով նա ավելի հանգիստ կլիներ, քան Ադրբեջանում: Ես նրան որպես ընդդիմադիր չեմ ճանաչում, ճիշտն ասած»: Armlur.am-ին ասել է վերջին շրջանում ադրբեջանական մամուլին ակտիվորեն հարցազրույցներ տված կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` հավելեով. «Քանի որ նա պետական պաշտոնյա չէ, դա իրավաբանական տեսակետից դավաճանություն չէ: Հետաքրքիր է, որ այն լրատվամիջոցներն են նրան անվանում դավաճան, ովքեր չեն զլանում մեկ այլ պետությանը` Ռուսաստանին ծառայել: Դա ինձ ավելի շատ է հետաքրքրում»: Հարցին` ինչ տարբերություն կա ադրբեջանական կայքերին տված իր հարցազրույցների եւ Վահան Մարտիրոսյանի ասուլիսի միջեւ՝ հաշվի առնելով, որ երկու դեպքում էլ ադրբեջանական կայքերով քննադատվում է Հայաստանը, Խզմալյանը պատասխանել է. «Տարբերությունը տեսնելը շատ հեշտ է: Ես իմ երկրում եմ խոսում, ճշմարտությունն ասում եմ՝ պատասխանատվություն վերցնելով, չեմ փախչում որեւէ տեղ, անկյան հետեւից, դրսից չեմ խոսում, հատկապես այնտեղից, որտեղ նման խոսքերի համար վճարում են»:
PR ՆՊԱՏԱԿՈՎ
«Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ավելի շատ PR հանդիպում էր, քան գործնական»,- Armlur.am-ին ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` նշելով, որ Ռուսաստանն այժմ շատ ծանր գեոքաղաքական կացության մեջ է: «Ռուսաստանը հիմա պիտի փորձի ակտիվանալ որոշակի տարածքներում, որպեսզի իր հետ հաշվի նստեն: Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ գոնե որոշակի կետերում ինքը կարողանում է հարց լուծել, բայց արի ու տես այդ հարցերն էլ չեն լուծվում»,- ասել է Կարապետյանը` նկատելով, որ ՀԷՑ-ի վաճառքը Ս. Սարգսյանի եւ Վ. Պուտինի հանդիպման արդյունքներից մեկն է: