ՀՀԿ-Ն ԳՆԱԼՈՒ Է ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանի արտահերթ նիստում շարունակվեց սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Արտահերթ ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք եւս ոչ են ասում, սակայն.«Մենք ոչ ենք ասում պոպուլիզմին, ոչ ենք ասում քաղաքացիական ներուժն անհիմն ու ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին: Մենք ոչ ենք ասում որոշ քաղաքական ուժերի, անհատների, անհետացող եւ պահ առ պահ վերակենդանացող քաղաքական գործիչների կողմից ժողովրդի զգացմունքների վրա խաղալու գործելակերպին՝ հանուն սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու եւ քաղաքական թատերախաղով զբաղվելու»,-հայտարարեց Սահակյանը:
Վերջինիս խոսքով նոր Սահմանադրության նախագիծն անթերի չէ, բայց այն դրված է հրապարակային քննարկման: «Սահմանադրությունը պիես չէ, որ կարելի է բեմադրել ըստ ռեժիսորի ճաշակի: Այն լրջագույն փաստաթուղթ է, եւ պետք է յուրաքանչյուր ոք, քաղաքական գործիչ մոտենա մեծագույն սթափությամբ՝ գիտակցելով իր պատասխանատվությունը պետության հանդեպ»,- նշեց Սահակյանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ, անդրադառնալով ընդդիմությանը, ասաց, թե Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրն ու Սահմանադրության փոփոխության հարցը իրար կապելն ու դրանից կառչած մնալը ոչ թե քաղաքական մարգարեություն է, այլ ընդդիմության թուլության ու իրական ասելիք չունենալու հետեւանք: «Մենք գնալու ենք մեր ճանապարհը, մենք համոզված ենք, որ հնարավոր ճիշտ ու անհրաժեշտ քայլերն ենք անում Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի համար, մենք հիմնավորում ենք մեր քայլերը: Իսկ դուք ընդամենն ասում եք՝ ոչ, եւ ոչինչ»:
Նաղդալյանի խոսքով՝ գետնատարած հայացքով հայրենիք չեն կառուցում: «Երազանք ունեցեք, պրագմատիզմը միշտ չէ, որ փարոս է իշխանություն ձեռք բերելու ճանապարհին: Իսկ եթե պատրաստ չեք պատասխանատվության, սուրբ տեղը թափուր չի մնում, ձեր փոխարեն ուրիշները կգան»,-հավելեց Նաղդալյանը:
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իր հասցեին հնչած քննադատությանը հակադարձելու առիթը բաց չթողեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ում կողմից նախօրեին Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցված դիֆերամբներն ու հիացական գնահատականները, բնականաբար, հարուցել էին ընդդիմադիրների բացասական արձագանքը: Նա իր գործընկերներին խորհուրդ տվեց «աբիժնիկություն» չանել, որովհետեւ դա վտանգավոր է առողջության համար:
Այնուհետեւ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի ելույթին՝ Եսայանն ասաց. «Նիկոլ ջա՛ն, սիրում ես պոկեր խաղալ, գնա, խաղա, բայց քաղաքականություն մի՛ խաղա, չի ստացվում, բոլոր թեւերը երեւում են: Սիրում ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլի՞ն ես սիրում, սիրի, բայց գոնե սիրածդ պատմությունները մինչեւ վերջ կարդա»:
Երեկ խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ ուշագրավ ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորը նշեց, որ իշխանություններն իրենց գործունեության առաջին իսկ օրվանից ընդօրինակել են ԽՍՀՄ գործելաոճը՝ ՀՀ-ն ներկայացնելով որպես վասալային պետություն:
Ըստ Փոստանջյանի` իշխանությունները ձեռնարկել են «Սահմանադրական փոփոխություններ» անվամբ օպերացիան, որի նպատակը ժողովրդին զինաթափելն ու իշխանությանը հավերժ տիրանալն է: «Սերժ Սարգսյանը ընդունեց, որ կա մարտահրավեր, ու ինքը խնդիր ունի մաքրելու քաղաքական դաշտը, ու այն իր համար վտանգ է ներկայացնում: Փետրվարյան դեպքերից հետո նա փորձում է ստեղծել իր քաղաքական հարթակը ու լուծել է այդ խնդիրը», – նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ՏՄՊՊՀ-Ն ԳՈՐԾԵԼ Է ԱՊՕՐԻՆԱԲԱՐ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը չի դադարում իր արշավը «Մարաթուկ» տուրիստական ընկերության դեմ:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մի շարք դիմում-բողոքների հիման վրա հարուցել է վարչական վարույթ «Մարաթուկ» ընկերության հանդեպ: Ընկերությունը մեղադրվում է հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար: Սակայն «Մարաթուկ»-ը հակառակն է պնդում. «Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ընկերության նկատմամբ եւ իր առջեւ խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը` երեւի թե ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար»: Երեկ ավարտվեց այս գործով վարչական վարույթը: Բնականաբար, ինչպես նախորդ նիստին, այնպես էլ երեկ թույլ չտվեցին լրատվամիջոցներին ներկա գտնվել նիստին:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը նիստի ընթացքի վերաբերյալ զրուցեց ընկերության իրավաբան Գնել Մուղնեցյանի հետ, ով հայտարարեց, որ նիստի ընթացքում բազմաթիվ ապօրինություններ է արձանագրվել: «Հանձնաժողովի այսօրվա (երեկ-Ս.Հ.) նիստում մի շարք ապօրինություններ տեղի ունեցան, մասնավորապես հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովի աշխատակիցները, մինչդեռ, իմ կարծիքով, դռնփակ նիստում նրանք չեն կարող մասնակցել: Դռնփակ գաղտնի վարչական նիստում չեն կարող գտնվել այլ սուբյեկտներ՝ բացի վարչական մարմնից, որն էլ իրականացնում է վարույթը: Սա օրենքով նախատեսված կարգավորում է: Ավելին՝ ասեմ, որ վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի կոլեգիալ մարմնի անդամներից որեւէ մեկը հարց չէր տալիս: Հարցերը տալիս էին բացառապես Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցները, ինչը, իմ կարծիքով, նույնպես ապօրինություն է: Քանի որ վարչական վարույթ իրականացնում է Հանձնաժողովը, հետեւաբար, հանձնաժողովի անդամները պետք է հարցեր ուղղեն: Իսկ հարցերը տալիս էին իրավաբանները, որը, իմ կարծիքով, հստակ ուղղորդված էր»,- ներկայացրեց ընկերության իրավաբանը: Նա նաեւ ընդգծեց, որ ընկերությունը երբեւէ անբարեխիղճ մրցակցություն չի դրսեւորել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ դժգոհող կողմը՝ Մելինե Բեգլարյանը, ում կողմից ներկայացված դիմումի համաձայն է վարույթ հարուցվել, երեկ ներկա չգտնվեց նիստին: «Ես դրանում նույնպես միտում եմ տեսնում: Նա դիմում էր ներկայացրել, որ առանց իրեն քննեն: Եւ առանց նրա ներկայության վարչական վարույթն ավարտվեց: Մելինե Բեգլարյանի՝ նիստին չներկայանալը որոշակի կասկածների տեղիք է տալիս, որ այս ամենը ուղղորդված է»,- նկատեց Գնել Մուղնեցյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ մյուս կողմի՝ Մելինե Բեգլարյանի հետ, ով ասաց, որ ինքը նախապես դիմում է ներկայացրել Հանձնաժողով: «Ես գործի բերումով ներկա չեմ եղել նիստին: Իրենց նամակ ուղարկել էի, որ արդեն ես ասելիք չունեմ այդտեղ»,- հայտնեց Մ. Բեգլարյանը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը Մելինե Բեգլարյանից հետաքրքրվեց՝ սկզբունքային հարց թվացող խնդրին ինչու հետեւողական չեղավ եւ ինչ շահ է հետապնդում. «Ես արդեն ամեն ինչ, ինչ պետք էր, ասել եմ: Ես չեմ ուզում, որ այս թեման այդպես շահարկվի լրատվամիջոցներով: Նաեւ՝ պետք է կողմերը լրացուցիչ ապացույցներ ներկայացնեին: Բայց ես ապացույցներ չունեմ ներկայացնելու: Ի՞նչ է, ես նախապես հո՞ չգիտեի, որ իրենք պետք է կոպիտ խոսեին կամ թյուր տեղեկատվություն տրամադրեին, որ ձայնագրեի»: Այս գործով ՏՄՊՊՀ որոշումը հայտնի կլինի առաջիկայում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԻՄԵԼ
Սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում՝ մասնավորապես Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում, տեղադրվեցին Յութուբից ներբեռնված, կեղծ օգտատերերի կողմից տարածվող տեսանյութեր: Դրանցում քաղաքապետի թեկնածու, Իջեւանը 1999-2011թթ. ղեկավարած, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը ներկայացվում էր շատ վատ ձեւով: Այդ տեսանյութերից 1-2-ում վիրավորանք կար նաեւ Վ. Ներսիսյանի փաստացի սեփականությունը հանդիսացող «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանի հասցեին: Ներկայումս այդ տեսանյութերը Յութուբում ջնջվել են: Սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախօրյակին Վ. Ներսիսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե իրեն վարկաբեկող տեսանյութերի հեղինակներին բացահայտելու նպտակով ինքը դեռ օրեր առաջ բանավոր դիմել է ոստիկանություն, իսկ առաջիկայում նաեւ գրավոր է դիմելու: Երեկ «Ժողովուրդը» ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ վերը նշված տեսանյութերի կապակցությամբ ո՛չ Վ. Ներսիսյանը, ո՛չ էլ Ն. Խաչիկյանը գրավոր չեն դիմել ոստիկանություն: Փոխարենը ոստիկանության Իջեւանի բաժին է դիմել Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը, ով հայտնել է, որ այս տարվա ապրիլին «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության պատրաստած մի տեսանյութում անհայտ անձանց կողմից իր խոսքը խեղաթյուրվել է, եւ այդ չարամիտ մոնտաժը Իջեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղադրվել է համացանցում: Ոստիկանության Իջեւանի բաժինը Գ. Գուլակյանի դիմումի կապակցությամբ ստուգումներ է կատարում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` մի քանի օր առաջ տեղի է ունեցել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հարսանեկան արարողությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն ամուսնացել է հայուհու հետ, ով ՀՀ-ում է բնակվում` Նոր Նորքում: Արթուրի ընտրյալի անունը Մերի է, ով հասարակ ընտանիքի աղջիկ է: Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել, ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվել, որ ամուսնությունը հույժ գաղտնի է պահվում: Ի դեպ, զույգի նշանադրությունը տեղի է ունեցել նախորդ տարի` կրկին նեղ շրջանակներում: Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը:

 

ԴԵՄՈԳՐԱՖԻԿ ԱՂԵՏ
Եվրոպական երկրները պետք է ամրացնեն իրենց սահմանները, քանի որ մայրցամաք է ուղեւորվում 30-35 մլն փախստական: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն: Նրա խոսքով՝ ԵՄ երկրներն անտեսում են ակնհայտ անհրաժեշտությունը՝ ամրապնդել սահմանները ու իրերն անվանել իրենց անուններով: Սեպտեմբերի 15-ից Հունգարիայում ուժի մեջ են մտել փոփոխությունները, որոնց համաձայն՝ սահմանին վերահսկողությունը զգալի ուժեղացվել է:




Լրահոս