ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ «ՊՏՈՒՂՆԵՐԸ»` ՇՈՒՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում առաջիկայում Հայաստանում թանկացումների նոր ալիք կբարձրանա: Բանն այն է, որ սպառողներն արդեն ստացել են օգոստոս ամսվա հաշիվները, եւ մանր ու միջին ձեռնարկատերերից շատերը ներկայումս կանգնած են իրենց գործունեությունը դադարեցնելու խնդրի առաջ:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում գործարար դաշտը հերթական անգամ գնալու է նոր թանկացումների, քանի որ օգոստոսի 1-ից ստիպված է լինելու սպառած էլէներգիայի վարձը 16 տոկոսով ավել վճարել: Գործարարները լավ գիտեն, որ այդ թանկացումը մեծ հարված է հասցնելու ոչ միայն սպառողի, այլեւ հենց իրենց՝ արտադրողների գրպանին:
Եվ, այնուամենայնիվ, նրանք դեռեւս չեն շտապում իրենց արտադրանքի գները բարձրացնել, այլ մանրակրկիտ հաշվարկներ են անում՝ հնարավորինս զերծ մնալու համար թանկացումներից: Քանի որ այս ամենի արդյունքում իրացման ծավալները էլ ավելի կնվազեն: Օրինակ՝ «Թամարա ֆրուտ» պահածոների արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը վստահեցրեց, որ չի պատրաստվում ընկերության արտադրանքը թանկացնել: «Գները կմնան նույնը, ոչ մի փոփոխություն չեմ անելու, որովհետեւ ես արդեն պայմանագրեր ունեմ կնքած եւ չեմ կարող գնային փոփոխություններ անել: Կփորձեմ ընկերության մարժայից դուրս բերել եւ իմ շահույթի հաշվին չթանկացնել»,- լրացրեց Հովհաննիսյանը:
Սակայն քիչ չեն այնպիսի ընկերությունները, որոնք չեն կարող դիմանալ այսպիսի պայմաններին եւ կհայտնվեն սնանկացման եզրին: Այդպիսի վտանգի առջեւ է ՀՀ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գործող «Արմավիր ֆերմեր» ընկերությունը, որը ձկնամթերքի արտադրությամբ է զբաղվում: Ընկերության տնօրեն Ազատ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստվում է դադարեցնել արտադրությունը: «Մենք միանգամից փակվում ենք, ինչ կա-չկա մաքրում ենք ու չենք աշխատելու: Էլէներգիան այնքան թանկացավ, որ մարդիկ սկսել են ինքնահոս ջրերով ձուկ արտադրել, իսկ մենք էլէներգիայով ենք արտադրում: Հիմա դա ի՞նչ անենք, հետո ո՞ւմ ծախենք այդ ձուկը: Ես այլեւս ձկան արտադրությամբ չեմ զբաղվելու, գուցե մեկ այլ գործով զբաղվեմ, ով գիտի: Բայց անհնար է այս պայմաններում աշխատել»,- վրդովված նկատեց Հարությունյանը: Ի դեպ, այս ընկերությունը երբեւէ արտահանում չի իրականացրել: Իսկ եղած արտադրանքն էլ սպառել է միայն ներքին շուկայում. «Մարդ իր սեփական երկրում եթե չի կարողանում աշխատել, ապա արտահանմամբ ինչպես զբաղվի»:
«Ժողովուրդ»-ը գործարարից տեղեկացավ, որ այս օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից բոլոր գործարարներին «հրավիրում են» ընկերություն եւ առաջարկում ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք տեղյակ են, որ էլէներգիան մոտ 7 դրամով թանկացել է:
Էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման հետեւանքով անելանելի դրության մեջ են հայտնվել նաեւ մարզերի ՓՄՁ-ները: Օրինակ՝ Շիրակի մարզում գործող «Բանդիվան» կաթի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Աղաս Գեղամյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ օգոստոս ամսվա սպառած էլէներգիայի հաշիվներն արդեն ստացել են: «Մենք հիմա հաշվարկներ ենք կատարում: Արդեն նոր սակագնով տարբերությունը մեծ է, բայց այս պահին չեմ կարող նշել, թե որքան: Ամեն դեպքում, ահագին մեծ է եղել տարբերությունը»,- ասաց «Բանդիվան»-ի ներկայացուցիչը:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ էլէներգիայի նոր սակագնի արդյունքում հնարավո՞ր է` ընկերությունը աշխատակիցներ կրճատի կամ արտադրանքը թանկացնի: Հարցին ի պատասխան՝ Գեղամյանն ասաց. «Այս պահին հստակ չենք կարող ասել: Այս ամսվա վերջին ամեն ինչ պարզ կդառնա: Առաջիկա երկու ամսվա հաշվարկի դեպքում այդ հարցերը կքննարկենք: Ճիշտ է՝ մենք հիմա կսկսենք վնասով աշխատել, բայց ինչ արած: Դեռ պետք է քննարկենք»:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում գոյության խնդրի առջեւ են հայտնվել ոչ միայն ձկնաբույծները, այլեւ թռչնաբույծները: Ինչպես հայտնի է՝ էլեկտրաէներգիան ավելի մեծ քանակությամբ սպառում են հենց այս արտադրություններում: Ձու եւ թռչնամիս արտադրող գործարարների խոսքերով՝ նշված ապրանքների թանկացումները կսկսվեն նոյեմբեր ամսից: Մի շարք թռչնաբույծներ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեցին, թե հույս չունեն, որ Կառավարությունն իրենց այս հարցում կաջակցի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ
Օրերս Մասիս քաղաքում ինքնասպանության արտասովոր փորձ էր տեղի ունեցել. քիմիայի նախկին ուսուցչուհի, 35-ամյա Շ. Թումանյանը փորձել էր սնդիկ խմելու միջոցով կյանքին վերջ տալ: Ավելին՝ նա թույնը տվել էր նաեւ իր 4-ամյա դստերը: Բարեբախտաբար հարազատներին հաջողվել էր ժամանակին նրանց հասցնել հիվանդանոց:
Այս աղմկալի դեպքի կապակցությամբ մանրամասներ պարզելու, ինչպես նաեւ թունավորվածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Մուրացան» ԲԿ, որտեղ ներկայումս բուժվում է չորսամյա աղջնակը: Տեղեկացանք, որ երեխայի վիճակը կայուն է, նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Սակայն ընդունած թույնից լրջորեն վնասվել են նրա կերակրափողն ու ստամոքսի լորձաթաղանթը: «Այժմ երեխայի մոտ են նրա տատիկն ու պապիկը: Նա պետք է բժիշկների երկարատեւ հսկողության տակ մնա, որովհետեւ սնդիկը մի քիչ ուշ է հեռանում օրգանիզմից»,-պարզաբանեցին ԲԿ-ից:
Երեխայի մայրն էլ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, որտեղից տեղեկացանք, որ նրա վիճակը եւս կայուն է, եւ կյանքին վտանգ չի սպառնում: Մոր մոտ, սակայն, ըստ ԲԿ-ից ստացած պարզաբանման, հոգեկան ինչ-որ խնդիրներ կան: Նա իր արարքի կապակցությամբ դեռեւս բացատրություն չի տվել: Տեղեկացանք, որ նա շուտով այլ բուժհաստատություն կտեղափոխվի: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Մասիսի քննչական բաժնում իրականացված քննության նախնական տվյալներով՝ 2015թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Շ. Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպան լինելու համար խմել է սնդիկի հիդրօքսիդ, բացի այդ՝ ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ է խմեցրել իր 4-ամյա դստերը: Սնդիկի հիդրօքսիդի ձեռքբերման աղբյուրը պարզվել է. այն Շ. Թումանյանն իր տուն է բերել նախկին աշխատավայրից՝ Մասիս քաղաքի միջնակարգ դպրոցի լաբորատորիայից: Կնոջն ու նրա 4-ամյա դստերը բժշկական կենտրոն են տեղափոխել տանը գտնվող նրա ընտանիքի անդամները:
Դեպքի վայրի զննության ժամանակ Շ. Թումանյանի ննջասենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է երկու ապակե տարա, որոնցից մեկի մեջ եղել է գազարագույն փոշենման նյութ, իսկ մյուսի մեջ՝ արծաթագույն նյութ, առգրավվել է նաեւ մեկ նարնջագույն ներարկիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ): Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս