ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հերթական քառօրյան երեկ մեկնարկեց բավական թեժ մթնոլորտում. պարզվում է՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքները դժգոհությունների տեղիք են տվել նաեւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մոտ: Արդյունքում՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայնեց խորհրդարանում առաջիկայում քննարկել նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, այլ կերպ ասած՝ ՀՀ Սահմանադրությամբ պետության երկրորդ դեմքն ընդունեց, որ ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամ կա: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք ոչ մի կերպ չէին ցանկանում ընդունել ներքաղաքական ճգնաժամի առկայությունը: Ավելին, այդ մասին ընդդիմադիր պատգամավորների պարբերաբար հիշատակումներին ի պատասխան՝ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը նույնիսկ հակադարձեց. «Եթե ճգնաժամ կա, դա հասարակության մեջ չէ, ճգնաժամը սահմանափակ մարդկանց ուղեղներում է»:

Բոյկոտից մինչեւ արտահերթ

Երեկվա նիստի հենց սկզբում պարզ դարձավ՝ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, որը թեեւ նախագահի ընտրություններում չէր առաջադրել սեփական թեկնածու եւ չէր սատարել որեւէ մեկին, այնուամենայնիվ, ի նշան ընտրակեղծիքների դեմ բողոքի՝ որոշել է բոյկոտել այս քառօրյան: ԱԺ ՀԱԿ խմբակցության հայտարարության համաձայն. «Ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել Սահմանադրական կարգը երկրում եւ թույլ չտալ ժողովրդի քվեի եւ իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից: Նման պայմաններում, նաեւ որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որեւէ աղերս չունեցող հարցեր»:
Ի դեպ, ՀԱԿ խմբակցության անդամներից միայն Նիկոլ Փաշինյանն էր երեկ մասնակցում ԱԺ նիստին, նա էլ հայտարարեց, թե անկախ ներկայացվող նախագծերի բովանդակությունից, ի նշան բողոքի՝ դեմ է քվեարկելու դրանց: Օրվա երկրորդ կեսին նաեւ Փաշինյանը լքեց դահլիճը, իսկ մինչ այդ ասաց, թե նախագահի ընտրությունների արդյունքում Հայաստանում քաղաքական ճգնաժամ է առաջացել, մինչդեռ ԱԺ-ն չի սպասարկում առկա քաղաքական օրակարգը: Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն մի քանի ամիս է՝ ԱԺ օրակարգում ընդգրկված է ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ ԿԸՀ հաղորդումը, եւ նա առաջարկեց ԱԺ նստաշրջանը սկսել ԿԸՀ-ն խորհրդարան հրավիրելով ու հատուկ ընթացակարգով քննարկել այդ հարցը: «Լինելով օրենսդիր իշխանություն, նաեւ ինքնահարգանքից դրդված՝ պետք է քննարկենք հարցեր, որոնք այսօր իրապես հուզում են մարդկանց, ՀՀ քաղաքացիներին»,-կոչ արեց Փաշինյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, թե պատգամավորի նշած նախագիծն ինքը կուսումնասիրի ու հարմար գտնելու դեպքում այն ԱԺ քննարկմանը կներկայացնի: Իսկ մինչ այդ, Հ. Աբրահամյանն առաջարկեց ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից երկու-երեքական պատգամավորով հավաքվել ու քննարկել հետընտրական խնդիրները: «Ինձ համար անհասկանալի են հետընտրական պրոցեսները՝ ինչ տեխնոլոգիա են կիրառում: Իմ կարծիքով, վաղուց ժամանակն է վերջ տալ զոռբայությանն ու նստել սեղանի շուրջ խոսել. ինչի՞ մասին է խոսքը: Բոլորս հասկանում ենք, չէ՞, դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, դրանք բոլորը ընդդիմության ձայներն են: Այս ձեւաչափում Րաֆֆին դարձավ ընդդիմության թեկնածու եւ դրա համար ստացավ 539 հազար ձայն: Ա՛յ ուրիշ բան. ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որ զարմացան այդ ձայների թվաքանակով: Բոլորն են զարմացել: Նույնիսկ երեւի Րաֆֆի Հովհաննիսյանը»,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հարգում է Ր. Հովհաննիսյանի օգտին քվեարկած 539 հազար քաղաքացուն, բայց եւ մյուսներն էլ պիտի հարգեն Ս. Սարգսյանի օգտին քվեարկած 861 հազար մարդուն:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ միանգամից դրական արձագանքեց ԱԺ նախագահի՝ հետընտրական իրավիճակը քննարկելու առաջարկին: Նա նաեւ առաջարկեց ԱԺ մեկ նիստ նվիրել վերջին օրերի քաղաքական գործընթացների քննարկմանը, քանի որ ԱԺ պատերից այն կողմ բոլորովին այլ իրավիճակ է: Փոխարենը Զարուհի Փոստանջյանը նշեց, թե Ս. Սարգսյանի օգտին 58 տոկոս ձայնը պարզապես «խփել են», թեեւ Ս. Սարգսյանը որոշել էր խփել 90, 80, 70 կամ 60 տոկոս: Նա նաեւ նշեց, թե ՀՀԿ-ականներն անընդհատ խոսում են 861 հազար քվե ունենալու մասին, սակայն նրանք այդպես էլ չանցկացրին Ազատության հրապարակում իրենց նախատեսած հանրահավաքը: «Ո՞ւր են ձեր ընտրողները»,-հարցրեց Փոստանջյանը, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց կոռեկտության, այնուհետեւ հավելեց, թե Ս. Սարգսյանի օգտին քվեարկած քաղաքացիները հանգիստ նստած աշխատում են, որ հասնեն դեպի ապահով Հայաստան:

Մեկ-երկու օրից

ԱԺ մեծ ընդմիջման ժամանակ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն երեկ ներկա չի գտնվել խորհրդակցությանը: Ըստ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանի՝ իրենք տեղյակ չեն եղել. որեւէ մեկն իրենց չի հրավիրել: Խորհրդակցությանը ներկա չեն եղել նաեւ ԱԺ քառօրյան բոյկոտած ՀԱԿ խմբակցության պատգամավորները, սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, թե իրենք կողմ են արտահերթ նիստ անցկացնելուն ու պատրաստ են ստորագրել այդ նախաձեռնության տակ: Ինչպես տեղեկացանք հանդիպմանը մասնակից պատգամավորներից, Հովիկ Աբրահամյանի հետ քննարկվել է առաջիկա օրերին հետընտրական իրադարձությունների առնչությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, եւ առաջիկայում ԱԺ խմբակցությունները պետք է այս հարցում վերջնական որոշում կայացնեն: Երեկվա դրությամբ ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար որեւէ մեկը համապատասխան ձեւաթուղթ դեռ չէր վերցրել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս