ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:
ԵՎ ԴՈ՞Ւ, ԲԱՐՈԶՈ՛
Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ
Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ ԿԸՀ-ի որոշումը` 2013թ. նախագահական ընտրություններում հաղթող ճանաչել Սերժ Սարգսյանին, չի արտահայտում հանրության կամքը եւ ընդունելի չէ քաղաքացիների մեծամասնության համար. «Կոչ եմ անում նախագահի թեկնածուներին, ովքեր համաձայն չեն շինծու ընտրություններում Սերժ Սարգսյանի կեղծ հաղթանակի հետ, միավորեն ուժերը ԿԸՀ որոշման անվավերությունը հաստատելու ուղղությամբ»:
ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ
«Ռեգնում»-ը հրապարակել է ՀՀ քաղաքացի Լյուբով Փիլոյանի դիմում-բողոքը Արա Աբրահամյանի դեմ, որի «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» կազմակերպությունն անօրեն կերպով յուրացրել է կնոջը պատկանող մասնավոր սեփականությունը: «2008թ. Ձեր կազմակերպությունը առքուվաճառքի ուղիղ պայմանագիր է ստորագրել Երեւանի քաղաքապետարանի հետ, որը հիմնական խոչընդոտն է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման: Արդյունքում ստացվում է, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» կազմակերպությունը յուրացրել է ինձ որպես փոխհատուցում հասնող հողային տարածքը: Իմ դեպքը փայլուն օրինակ է, թե ինչպես են խոշոր մասնավոր կազմակերպությունները սեփականաշնորհում առանձին քաղաքացիների մասնավոր սեփականությունը»,-նշված է նամակի մեջ:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԻՇՈՒՄ ԵՆ
Նախօրեին Փարիզի հայ առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Ղարաբաղյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ, ինչից հետո տեղի է ունեցել հիշատակի երթ դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց ծաղկեպսակներ են զետեղվել` ի հիշատակ սումգայիթյան ջարդերի զոհերի: Միաժամանակ, զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:
ԼԵՀԵՐՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՆ ԷԼ
Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ են հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը: