Ինչպես Armlur.am-ին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, որտեղ Գեղակերտ համայնքում կազմակերպվել էր հանդիպում վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու և լուծումներ տալու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ:
Ռոբերտ Մակարյանի խոսքով` վերամշակող ընկերություններն այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել են վարունգ մթերել, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով նախաձեռնվել է այս հանդիպումը, որպեսզի երկու կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեն բերքի մթերման հարցում և փոխշահավետ ու երկուստեք ընդունելի լուծումներ գտնվեն:
«Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության են եկել, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն այս պահին արդեն այդ համայնքներում են և ուսումնասիրություններ են իրականացնում` պահածոյացման ենթակա վարունգը մթերելու նպատակով»,-հայտնել է նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է շուկայահանման ենթակա արտադրանքին, ապա գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել իրացումը մայրաքաղաքի գյուղատնտեսական տոնավաճառներում: Այդ նպատակով նախարարությունն արմավիրցիների համար լրացուցիչ տեղեր կհատկացնի` հնարավորություն ընձեռելով նաև մեծածավալ վաճառք իրականացնել բեռնատար մեքենաներով: Փոխնախարարը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսական տոնավաճառներին մասնակցությունն անվճար է, և վերավաճառողներից ցածր գին առաջարկելու դեպքում գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքն իրացնել: