Այս տարվա փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման», այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Այն իսկական գլխացավանք է դարձել հարկատուների գլխին, քանի որ մարդիկ պարզապես չեն կարողանում գլուխ հանել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Տամոժնի Գագոյի չստացված նորարարություններից. համակարգը խափանված է:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մարդիկ, հատկապես մանր բիզնեսով զբաղվողները, չեն կարողանում օգտվել այդ համակարգից, ու այդ պատճառով շատ մեծահասակ հաշվապահներ, հնարավոր է, հրաժեշտ տան իրենց աշխատանքին:
Այս իրավիճակին է արձագանքել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է ֆինանսական բեռ հանդիսանալ այդ անձանց վրա՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հարկ էր համարել անդրադառնալ այս խնդրին։
Խնդիրն այն է, որ օրենքով սահմանված ժամկետներում հարկատուների կողմից հաշվետվություններ չներկայացնելը կարող է նրանց պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, իսկ համակարգի անսարքությունը խոչընդոտում է հարկատուների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը։ Անհանգստացնող ենք համարում այն, որ Պետական եկամուտների կոմիտեն համակարգի խափանումը հիմնավորում է մի շարք արտաքին տեխնիկական պատճառներով՝ խուսափելով պատասխանատվություն կրել համակարգի վերահսկողության եւ անխափան աշխատանքի համար, քանի որ խնդիրն ուղղակիորեն վերաբերում է հարկային իրավահարաբերությունների սուբյեկտներին։
Տնտեսվարողների ազատ զարգացման համար ծայրահեղ անհրաժեշտ է շարունակել բարելավել հարկային եւ մաքսային վարչարարությունը. հետեւաբար Պաշտպանը շարունակելու է հետեւել Պետական եկամուտների կոմիտեի գործունեությանը եւ առաջիկայում ըստ անհրաժեշտության կներկայացնի նաեւ այլ խնդիրների վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵԿ-Ի ՁԱԽՈՂՎԱԾ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ