Իշխանություններն այդպես էլ չեն քաղաքակրթվում, նրանց գործելաոճն էական էվոլյուցիայի դեռ չի ենթարկվել, ընդամենը նորացվել են որոշ տեխնոլոգիաներ: Ասվածի վառ ապացույցը երեկվա դասադուլն էր, որին ամեն կերպ փորձեցին խոչընդոտել իշխանությունների մանկլավիկները:
Այստեղ, իհարկե, չկային հաստավիզ «ախրաննիկներ», քրեաօլիգարխների միջամտություն, սակայն նրանց ոչ պակաս արդյունավետ փոխարինում էին բուհերի՝ ուսանողների ապագայով «մտահոգված» ղեկավարները, ՀՀԿ-ական կուսակցական պատկանելություն ունեցող դասախոսները, բուհերի անվտանգության աշխատակիցները եւ, իհարկե, ոստիկանները: «Հայրենանվեր» այս գործին մասնակից էին անգամ ամենաստորին օղակների կամակատարները՝ ուսխորհուրդների անդամները, որոնք, կանգնելով բուհերի մուտքերի մոտ, «պարիսպ» էին դառնում՝ չթողնելով ուսանողներին դուրս գալ եւ միանալ դասադուլավորներին: Դռները, ինչպես միշտ, փակում էին, լրագրողներին փորձում հավատացնել, թե ներսում ամեն ինչ կարգին է, եւ ոչ ոք չի ուզում մասնակցել դասադուլին, սակայն որոշ ուսանողների հաջողվում էր անգամ պատուհաններից դուրս գալ, ու դասադուլավորների քանակը գնալով ավելանում էր:
Իսկ սկիզբը ԵՊՀ-ում էր, որտեղ էլ 11:30-ին տարբեր բուհերից հավաքվել էին դասադուլավորները: Տարածքը, իհարկե, անմիջապես շրջապատվեց ոստիկանական մեքենաներով, հայտնվեց ոմն պատմության դասախոս, որ կոչ էր անում դադարեցնել դասադուլը, սակայն արդյունքում պարզվեց, որ ՀՀԿ-ական է, հնչեցին պրոռեկտոր Ռուբեն Մինասյանի սպառնալիքները՝ իրավապահներին դիմելու մասին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հորդորները, բայց կրկին ապարդյուն. դասադուլը մեկնարկեց:
Ակցիայի մասնակիցները, «դա-սա-դուլ» վանկարկելով, երթով գնացին մյուս բուհեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Բժշկական համալսարան, որտեղ դռները փակ լինելու պատճառով 2 ուսանողներ ստիպված եղան մագլցել դարպասի վրայով, որպեսզի միանան ակցիային, ապա Ագրարային համալսարան, որտեղ նրանց միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այստեղ իշխանությունների մանկլավիկների դիրքերը թուլացան, եւ Րաֆֆու ճնշման ներքո Ագրարայինում փակ դռների ռեժիմը չկայացավ, մի շարք ուսանողներ կարողացան դուրս գալ եւ միանալ երթին: Նույն փակ դռների ռեժիմն էր Ճարտարագիտական համալսարանում եւ Ճարտարապետական համալսարանի 5-րդ մասնաշենքում: Հարցը հասավ նույնիսկ լրագրողների եւ համալսարանի անվտանգության աշխատակիցների միջեւ հրմշտոցի:
Ուսանողների վերջին կետը ԿԸՀ-ն էր, որտեղ դասադուլավորները կոչ արեցին՝ չօրինականացնել փետրվարի 18-ի ընտրությունները:
Նույն օրը նշանավորվեց նաեւ Ր. Հովհաննիսյանի ասուլիսով, որտեղ կրկին բացահայտվեցին Սերժ Սարգսյանի մտքի «ճկունությունը» եւ «փայլուն» ռազմավարությունը: Ր. Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ պատմեց, որ ՀՀԿ առաջնորդն իրեն՝ որպես Հայաստանի երկրորդ քաղաքական գործչի, ով առ այսօր որպես ընդդիմադիր գործիչ նախագահական ընտրություններում հավաքել է ամենաշատ ձայները (իհարկե, ըստ պաշտոնական տվյալների, քանի որ իրականում ամենաքիչ ձայներով միշտ աչքի են ընկել իշխանության ներկայացուցիչները), առաջարկել է գլխավորել Հայաստանի ընդդիմությունը եւ պատրաստվել 2017-2018-ին:
Իրոք որ մտքի փայլատակում. այդքան ձայն հավաքած գործիչը մեխանիկորեն դառնում է ընդդիմության առաջնորդ առանց Ս. Սարգսյանի առաջարկի, իսկ 2017-2018-ին սպասելու առաջարկը նույնն է, ինչ ասել, թե եւս 5 տարի դիմացե՛ք մեր թալանին, կողոպուտին, սանձարձակություններին, եւս 5 տարի դատարկե՛ք երկիրը, քանի դեռ մենք հնարավորություն ունենք քերելու այն, ինչ հնարավոր է:
Սահմանադրական դատարան Ր. Հովհաննիսյանը հավանաբար չի դիմի, չնայած ամեն դեպքում չի բացառում ՍԴ ներկայացուցիչների՝ Հայաստանի օգտին որոշում կայացնելու վերջին հնարավորություն տալու հավանականությունը: ՍԴ դիմելու փոխարեն Ր. Հովհաննիսյանը կներկայացնի ժողովրդին այլընտրանքային գործադիր եւ օրենսդիր իշխանություն, ինչպես նաեւ այլընտրանքային Սահմանադրություն: Ր. Հովհաննիսյանը վստահեցրել է, որ կանի ամեն ինչ, որ հեղափոխությունն ընթանա խաղաղ ճանապարհով, ոչ մի կաթիլ արյուն չթափվի, եւ վերջնական կետը լինեն նոր ընտրությունները:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ապա, ըստ Ր. Հովհաննիսյանի, ԿՀԸ-ն եւ իր անդամներն իրենց հակաօրինական պահվածքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Սպասենք «Բարեւ»-ի հեղափոխության հետագա զարգացումներին:
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՔ ԱՆՈՒՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ