ԵՍ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԵԼ ԵՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ:- Դուք ազատ, ակտիվ, կենսախինդ մարդ եք, ինչպե՞ս եք Ձեր օրն անցկացնում կալանավայրում: – Ես իմ համբերության քննությունն անցել եմ Ղարաբաղի  պատերազմում, իսկ կենսախնդությունը հոգու սնունդ է, որը ես   իմ արած բարի գործերով ստացել եմ իմ ժողովրդի հաջողություններից, ինչը  շարունակում եմ անել այս փակ  պատերի ներքո: Այսինքն` ես հիմա էլ եմ կենսախինդ:-Երբ մենակ եք մնում, ի՞նչ եք մտածում, ի՞նչն եք կարեւորում այս կյանքում: – Ազատություն, իրավունք: – Չե՞ք զղջացել, որ  իշխանավորին  վայել փափուկ կյանքը փոխել եք  կալանավայրի նառերի հետ: Ի՞նչը  Ձեզ ստիպեց դա անել: – Ձեր ասած  այդ փափուկ  կյանքը ինձ չի զարմացրել, եւ ես փափուկ կյանքով չեմ ապրել: Ինչպես ասում են, ազնվությունն ավելի կարեւոր է, քան հարստությունը: Եթե անօրեն երկրում  պայքարիդ ազնվության արդյունքը  ժողովրդի ապագան է, քեզ չպետք է վախեցնեն նառերը: Կարեւորը պայքարի դրական արդյունքն է: – Դուք  Սերժ  Սարգսյանի հետ բավականին մտերիմ եք եղել, նույնիսկ` ընկերներ, եւ այսօր Ձեզ իշխանական ճամբարում մեղադրում են, որ Ձեր ընկերոջ կողքին չկանգնեցիք վճռական պահին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսակցությունները: – Սերժ  Սարգսյանը իմ մարտական ընկերն է, ինչպես այն մարտական ընկերները, որոնք այսօր հանապազօրյա հացի խնդիր չեն կարողանում  լուծել: Եվ ես  դժվարին պահին  միշտ էլ եղել եմ  եւ կմնամ նրանց կողքին: Իսկ ներկայիս իշխանական  ճամբար ներթափանցած, ժողովրդին մատուցված այդ կեղծ հավատարիմ հերոսները այն ժամանակ իրենց մամայի  փեշի տակ էին: Այնպես որ նրանք չեն, որ պետք է գնահատական տան իմ գործողություններին: Ես իմ ոչ մի ընկերոջ կողքից չեմ հեռացել:  – Անձամբ  Ս. Սարգսյանից ի՞նչ պահանջ ունեք` որպես երկրի ղեկավարի  եւ Ձեր նախկին ընկերոջ: – Կուզեմ, որ գլուխը բարձին դնելիս պատերազմը հաղթանակած այս հերոսական ժողովրդի մասին մտածի, ոչ թե իրեն շրջապատած, մեր երկրից անտեղյակ մարդկանց մասին: –  Ի՞նչ  պահանջ ունեք ընդդիմության առաջնորդ  Լեւոն  Տեր-Պետրոսյանից:- Հետ վերադարձնի պատերազմը հաղթանակած  ազգի արժանապատվությունն ու հավատը: – Այսօրվա ընդդիմության մարտավարությանը ի՞նչ գնահատական կտաք: – Ընդդիմությանը կա ղեկավար, որին  հավատում ու վստահում են, իսկ գնահատականի դրական արդյունքը  հավատն է, որ ընդդիմությունը կարողացել է սերմանել ժողովրդի մեջ: Մնացածը ժամանակի հարց է: – Պարո՛ն Միքայելյան,ազատամարտիկներն այսօր պառակտված են, տարբեր կազմակերպություններ են գործում, ի՞նչ կոչ կանեք  Ձեր մարտական ընկերներին: – Ես դեռ 90-ական թվականներին  ասել եմ,որ մենք` ազատամարտիկներս, մի մորից չենք ծնվել, բայց ծնվել ենք նույն արգանդից, մենք նույն բախտին ու ճակատագրին ենք արժանանալու: Ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի: Լա՛վ հիշեք, մեր եւ մեր զոհված  ընկերների արյամբ ամրապնդված հայոց տունը ներսից  ճաքեր է տվել, եթե չհամախմբվենք, տեր չկանգնենք նրան, կքանդվի:  – Շուտով սպարապետ Վ. Սարգսյանի ծննդյան  օրն է, Ձեր կարծիքով, եթե Վազգենը կենդանի լիներ, ի՞նչ կաներ այսօրվա  իրավիճակում:- Եթե սպարապետը կենդանի լիներ, այսօրվա վիճակը  չէր լինի: – Մարտի 1-ից  մինչ օրս քանի՞ ընկեր եք  կորցրել (խոսքը  ֆիզիկապես կորցնելու մասին չէ)  եւ ի՞նչ կուզենայիք, որ նրանք հասկանային:- Ես ընկեր չեմ կորցրել, իրենք են կորել, եւ դա չի նշանակում, որ նրանք ֆիզիկապես կենդանի են: Ամենավտանգավորը ֆիզիկապես կենդանի մեռած հոգիներն են: – Ձեր կարծիքով  ինչո՞ւ  Ձեզ ազատ չեն արձակում: Միայն Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ  ասես «հատուկ վերաբերմունք»  լինի, եւ «ձեր պատճառով» մյուսներին էլ չեն արձակում:- Ես էլ եմ ձեր  կարծիքին: – Ազատ արձակվելուց հետո ի՞նչ եք անելու առաջին հերթին:- Ինձ ձերբակալելուց հետո 4 ամսվա ընթացքում կորցրել եմ եղբորս ու քրոջս: Հուղարկավորումից հետո ինձ հնարավորություն չի տրվել նրանց գերեզմանին այցելել  եւ  խունկ  ծխել: Կայցելեմ գերեզման, այնուհետեւ ընտանիքիս հետ կայցելեմ Եռաբլուր եւ պանթեոն, սպարապետի եւ իմ զոհված ընկերների` Անդրանիկ Մարգարյանի  եւ մյուսների շիրիմներին: –  Եվ  մի վերջին  հարց. Դուք ազատամարտիկ եք եղել,  եւ եթե նորից պատերազմ լինի, էլի կգնա՞ք  կռվելու: – Նախ ես հայրենիքը կառանձնացնեի պետությունից եւ իշխանությունից: Ներկայիս իշխանությունը պետությունը ծառայեցնում է իրեն, իսկ հայրենիքը մեր նախնիների գերեզմանն  է, մեր պապերի դրած անկյունաքարն է, անցյալում թողած  սերն է, մեր հողն ու ջուրն է, մեր հիշողությունն է, մեր…զ Այ երբ պետությունդ եւ իշխանությունդ ծառայում են հայրենիքիդ, ուրեմն ամուր է երկիրդ, միասնական է ազգդ,  ինչ վերաբերում է հայրենիքի համար իմ կռվելուն,  ուզում եմ, որ  բոլորը  գիտակցեն` այո՛, այս  պատերազմը տվել է անհատներ, բայց հաղթանակը կռել ենք ազգովի` մեր համախմբվածությամբ, միասնականությամբ ու հավատով: Այսօր առավել եւս  համախմբվածություն է պետք. Աստված մի՛ արասցե, նորից  պատերազմ  լինի,  մենք կարողանանք հաջողությունների հասնել եւ հաղթել: Լա՛վ հիշեք` միասնականությունն է բոլոր պատերազմների հաղթանակի գրավականը, ոչ թե անհատները: Իսկ հետագայում անհատները դառնում են կուռք ու իդեալ ապագա սերնդի համար: Բայց գլխավոր հարցը այն է, թե  հետագայում այդ սերնդին  մենք ի՞նչ հայրենիք ենք թողելու:    Հ.Գ. Վերջում ձեր թերթին ի սրտե հաջողություն եմ ցանկանում: Թող այն իր անվանը միշտ տեր լինի: Այսինքն` ծառայի  ժողովրդին: Եւ հիշե՛ք, որ ամեն ինչի գնահատականը կտան ժողովուրդն ու ժամանակը: Միայն կխնդրեի, որ ձեր կոլեկտիվը գիտակցեր, որ մեր ժողովուրդը  այսօր ազատ եւ արդար խոսքի սով է տանում, որի խորացման  դեպքում վրա է գալիս իրական սովը, ինչին, ցավոք,  կամաց-կամաց ականատես ենք դառնում մեր լռությամբ: Իսկ ճնշումներ եւ դժվարություններ որ դաշտից էլ  լինի, համոզված եմ, որ կդիմակայեք: Դուք դա կարող եք: Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս