Սմբատ Հակոբյանն ինչ-որ բա՞ն է թաքցնում. ո՞րն է ծեծի իրական դրդապատճառը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ ինքնիշխանության երթին։

Ազատամարտիկը բազմաթիվ սալջարդերով և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 3 օր է անցել տեղի ունեցածից, և պետք է արձանագրենք, որ Սմբատ Հակոբյանն իրեն ծեծի ենթարկելու մանրամասները ներկայացնելիս տարբեր դրվագներ է պատմել՝ որոշ դեպքերում էլ մեղքը բարդելով դարձյալ լրատվամիջոցների վրա:

Միջադեպից անմիջապես հետո Սմբատ Հակոբյանն ի վիճակի չի եղել կատարվածից որևէ բան պատմել : Իսկ ահա ժամեր անց ասել է, թե ծեծի ենթարկողները ներկայացել են որպես հատուկ ջոկատայիններ: Ազատամարտիկի նախնական խոսքով՝  իրեն են մոտեցել քաղաքացիական հագուստով 5-6 անձինք, ինչ-որ վկայական ցույց տվել, այնուհետև ծեծելով հասցրել Աբովյան փողոցում դարպասներով պահպանվող մասնավոր մի տարածք։

Հաջորդ օրը ազատամարտիկն իրեն այցելած լրատվամիջոցներին հայտարարել է, թե ինքը նման բան չի ասել. «Լրատվամիջոցներն են սենսացիա անում»: Նույն պատասխանը նա նաև տվել է այն հարցին, թե ինչ կապ ունի ծեծի հետ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սմբատ Հակոբյանի գնահատմամբ՝ լրատվամիջոցների մի ամբողջ շարք իր խոսքերը խեղաթյուրել է աղմուկ բարձրացնելու համար:

Այսքանով հակասությունները չեն ավարտվում. հենց դեպքի օրը նա իրեն այցելած լրագրողներին ասել է, թե իրեն ծեծողների մեջ ճանաչել է Տիգրան անունով մի տղայի, որը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից էր: Տիգրանը մի քանի ժամ անց ոստիկանությունում էր: Իսկ ավելի ուշ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ չգիտի` Տիգրանը շարունակո՞ւմ է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ լինել, թե ոչ: Պարզապես Տիգրանին որպես այդպիսին է ճանաչում:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ծեծի դրդապատճառը եղել է անձնական խնդիրները: Տիգրանը, ով, ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ռուբեն Հայրապետյանի սանիկն է, Սմբատ Հակոբյանի հետ ապրում է նույն համայնքում և բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա  հետ: Եվ ըստ իրավապահ շրջանակներում քննվող վարկածի՝ երբ Տիգրանին տեղեկություններ են հասել, որ Սմբատ Հակոբյանն իր մասին լավ չի արտահայտվել, նա որոշել է պատժել:

Դրանից ժամեր անց լուրեր շրջանառվեցին, թե ծեծված ազատամարտիկն ու Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ ազգակցական կապեր ունեն, սակայն այս տեղեկությունը հերքվեց հենց Հակոբյանի կողմից:

Սմբատ Հակոբյանը հիմա էլ ուղղակի մեղադրանք չի հասցնում Ռուբեն Հայրապետյանին, չի պատասխանում նրա`իր մասին տրված «ստախոս, խաբեբա» որակումներին: Ավելին «Ժողովուրդ» օրաթերթն էլ հայտնել է, որ  Սմբատ Հակոբյանը պարտքեր ունի, եւ պարտքատերերից մեկին «մայր» հայհոյելու համար են նրան ծեծի ենթարկել, սակայն ինքը՝ Հակոբյանը, շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական պատվերով են բռնություն գործադրել՝ չհիմնավորելով ով եւ ինչու:

Այսքանով, սակայն, կծիկի վերջը չի երևում: Պարզվում է` Սմբատ Հակոբյանի առողջական վիճակով հետաքրքրված է անձամբ Սերժ Սարգսյանը: Վերջինս զանգահարել է զանգահարել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենին`Արա Մինասյանին, իր խնամուն: Նախագահը հետաքրքրվել է Սմբատ Հակոբյանի ողջությամբ և հորդորել, որ ուշադիր լինեն: 3 անգամ Սմբատ Հակոբյանին է զանգահարել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ զրույցի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Եվ այսօր Սմբատ Հակոբյանը վստահեցնում է, թե կարող է հույս դնել իրավապահ համակարգի վրա. Վլադիմիր Գասպարյանին ճանաչում է 1988 թվականից և հուսով է` ամեն ինչ ջրի երես դուրս կգա:

Ինչևէ, մինչ Սմբատ Հակոբյանը րոպեների տարբերությամբ իրար հակասող հայտարարություններով է հանդես գալիս, ապա մեղադրում լրատվամիջոցներին իր խոսքերն ըստ արժանվույն չներկայացնելու մեջ, մարտի դաշտի նրա ընկերներն էլ իրենց հերթին են հայտարարություններ անում. «Եթե այդ ամենը կուլ տվեցինք, ուրեմն՝ մենք անբարոյական ենք»,- ասել է Մուշեղ Սաղաթելյանը:

Հետաքրքիր է՝ իրենց ազատամարտիկ ընկերոջ ոտնահարված իրավունքների համար ոտքի կանգնածները գիտե՞ն՝ ինչն է եղել միջադեպի դրդապատճառը և, ի վերջո, ինչ է իրականում տեղի ունեցել, և արդյոք տուժած ճանաչված Սմբատ Հակոբյանի ներկայացրածը կապ ունի՞ իրականության հետ:

Ի դեպ, Armlur.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել էր ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին իմանալու համար` ի վերջո ում է կասկածում իր քաղաքական հայացքները չընդունելու ու դրա պատճառով իրեն այդ վիճակին հասցնելու մեջ, սակայն նրա հարազատները խանգարել են որևէ նկարահանում իրականացնել` պատճառաբանելով, թե Սմբատ Հակոբյանն իրեն լավ չի զգում:

Վերջում նկատենք, որ Սմբատ Հակոբյանն այդպես էլ չի հստակեցնում, թե ում է կասկածում իր քաղաքական հայացքների համար ծեծի ենթարկելու մեջ եւ ինչու է կասկածում: Ի վերջո, գոնե վերջին շրջանում Ազատամարտիկների դաշինքը առանձնապես ակտիվ չէ, եւ Սմբատ Հակոբյանին ծեծով ինչ-որ բանից հետ կանգնեցնելու պարտադրանքը այնքան էլ արժանահավատ վարկած չէ: Գուցե իրականում այլ պատճառով է ծեծի ենթարկվել Հակոբյանը: Հուսանք՝ քննությունը կպարզի իրականությունը: Համենայնդեպս արդեն 3 մարդ ձերբակալվել է այս գործով:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս