Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների քննարկումից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագորղների հետ զրույցում հայտարարեց, որ այս միջոցառումը չափազանց կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս արձանագրելու վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքը:
Նրա խոսքով`կարևոր է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որի հեղինակը Հայաստանն է: «ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին ընդունեց սպանություններրի դատապարտման բանաձև: Այդ օրը նաև Ցեղասպանությունների զոհերի ճանաչման օր է: Կարևոր է նաև այն, որ Հայաստանն էլ, իր հերթին, ճանաչեց հույների և ասորիների ցեղասպանությունը»,- ընդգծեց փոխարտգործնախարարը:
Նա նշեց նաև, որ շատ կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհի աչքերում բոլորովին այլ ընկալում ստացավ: «Շատ լուրջ կառույցների հետ ենք համագործակցել, և այդ համագործակցությունը պետք է շարունակվի: Ի վերջո, մեր գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- ասաց Քոչարյանը: