Ինչու են ավիատոմսերի գները Հայաստանում բարձր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երկար տարիներ արմատացած տեսակետ կա առ այն, որ ավիափոխադրումների բարձր գների հիմնական պատճառն է երկրի գլխավոր օդանավակայանի՝ «Զվարթնոցի» ծառայությունների թանկարժեքությունը, որը ղեկավարում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» կազմակերպությունը:
Մեծամասամբ այս պատկերացումները շրջանառության մեջ են դրվել «Արմավիա» ընկերության սեփականատիրոջ կողմից, ով դրանով փորձել է բացատրել իր ընկերության ձախորդությունները. այս մասին գրում է ռուսական REGNUM լրատվական գործակալությունը:

Բացի այդ՝ Հայաստանում հաճախ են ավիափոխադրումների գները համեմատում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան օդանավակայանի գների հետ, քանի որ Վրաստանում ավիատոմսերը հաճախ ավելի էժան են, քան Հայաստանում: Այս պատճառով Հայաստանի քաղաքացիները հաճախ օգտվում են Թբիլիսիի օդանավակայանից: Մեր ռուս գործընկերները որպես հիմք են վերցրել այն տարածաշրջանային օդանավակայանները, որոնք հիմնականում ավիափոխադրումներ են իրականացնում «Airbus A320» ինքնաթիռներով: Այս նույն նպատակով դիտարկվում են ինչպես 3 անդրկովկասյան պետությունների գլխավոր օդանավակայանները, այնպես էլ «Զվարթնոցի» հետ ուղեւորահոսքով համեմատելի այլ օդանավակայանները:

Այսպես՝ «Զվարթնոց» օդանավակայանը 2014 թ սպասարկել է 2 միլիոնից մի փոքր ավելի ուղեւոր, Թբիլիսիինը՝ 1 մլն 575 հազար, իսկ Բաքվինը՝ 2.9 միլիոն: 130 ուղեւոր տեղափոխող «Airbus A320» տեսակի օդանավի սպասարկման արժեքը Երեւանի օդանավակայանում կազմում է 5903 դոլար, Թբիլիսիի օդանավակայանում՝ 6664 դոլար, իսկ Բաքվինը, ոչ ավել, ոչ պակաս՝ 10.323 դոլար, եւ սա ուղեւորահոսքի հսկայական ծավալների դեպքում:

Այս գումարն իր մեջ չի ներառում տեղի պետական հարկերն ու վառելիքի արժեքը, որոնք չեն մտնում օդանավակայանի ծառայությունների մեջ: Եթե վերահաշվարկենք 1 ուղեւորի համար ծառայության արժեքը, ապա կստացվի, որ Երեւանում մեկ ուղեւորի սպասարկման միջին արժեքը կազմում է 45 դոլար, Շոթա Ռուսթավելիի օդանավակայանում՝ 51 դոլար, իսկ Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում՝ 79 դոլար:

Իրականում Երեւանի օդանավակայանում սպասարկումն ամենաէժանն է անդրկովկասյան երեք գլխավոր օդանավակայանների հետ համեմատ: Մեկ այլ բան է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման արժեքին անհրաժեշտ է գումարել 20 դոլար պետական հարկը, որը ժողովրդի շարքում հայտնի է, այսպես ասված, «օդի հարկ»:

Այսպես՝ ստացվում է, որ Հայաստանում ավիաընկերության համար մեկ ուղեւորն արժենում է 65 դոլար: Սակայն սա ոչ թե մասնավոր կազմակերպության, այլ պետության խնդիրն է: Բացի այդ՝ արդեն հարկի հետ միասին Հայաստանում մեկ ուղեւորն ավիաընկերությանն ավելի թանկ է արժենում, քան Թբիլիսիում, սակայն շատ ավելի էժան, քան Բաքվում: Սա այն դեպքում, եթե չհաշվենք, որ Ադրբեջանում վառելիքը կոպեկներ արժի:
Սակայն ինքնաթիռի լիցքավորումը հենց Հայաստանում իրականացնելն էլ պարտադիր չէ, ի վերջո, Երեւանից կարճ թռիչքներ են իրականացվում, որոնց համար հավելյալ լիցքավորումը պարտադիր չէ:

Սա վերաբերում է «Զվարթնոցի» հետ ուղեւորների հոսքով համեմատելի օդանավակայաններին: Իսկ ուղեւորահոսքի մեծացման հետ մեկտեղ համապատասխանաբար նվազում են նրանց սպասարկման ծախսերն ու գները: Այսպես, տարեկան 56.7 մլն ուղեւոր փոխադրող Ստամբուլի «Աթաթյուրքի» անվան օդանավակայանում վերոնշյալ ինքնաթիռի սպասարկման արժեքը կազմում է 4.400 դոլար, 31,5 մլն ուղեւոր տեղափոխող Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում՝ 5.400 դոլար, ուղեւորահոսքով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հետ համեմատելի Մինսկի օդանավակայանում՝ 5.900 դոլար:

Եվ այսպես՝ արդյունքում ստացվում է, որ Երեւանի օդանավակայանում սպասարկման գները հենց նպաստում են էժան ավիափոխադրումներին: Եվ սա չնայած այն դեպքում, որ մի քանի տարի առաջ ղեկավարող ընկերությունը տարեկան 4 մլն ուղեւոր սպասարկելու կարողությամբ գերժամանակակից օդանավակայան է կառուցել: Որոշ դեպքերում գները բարձրանում են ավիատոմսերի վրա սահմանված պետական հարկի պատճառով: Սակայն ավիատոմսերի բարձր արժեքը գլխավորապես պայմանավորված է սեփական ավիափոխադրողի բացակայությունից, որի գաղափարը վերացավ, երբ Հայաստանն անցավ «բաց երկինք» քաղաքականությանը: Սեփական ավիափոխադրողի բացակայությունը նպաստում է, որ օտարերկյա փոխադրողները հաճախ թելադրեն իրենց գները:

Թարգմանությունը՝ Տաթեւ Ֆռանգյանի




Լրահոս