Ֆորշը գոհ է, որ Սերժ Սարգսյանն է ընտրվել. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ մեր սիրելի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը հարբած վիճակում պատասխանում է ուսանողական դասադուլը լուսաբանող լրագրողներից մեկի հարցերին: Երգիչը խոստովանում է, որ այսօրվա երիտասարդությանը շատ լավ է վերաբերվում. “Երիտասարդներին շատ լավ եմ վերաբերվում՝ էդ մեկ, երկրորդը` ես մեռնեմ իրանց ջանին, որովհետեւ իրանք կարգին մարդիկ են՝ էդ երեք, եւ Ձեր տարիքի մի հատ ուսանող որդի ունեմ, եւ ես ինչքան կարող եմ հետեւել իրա գործընթացին եւ առաջընթացին՝ էդ չորս, եւ հինգ՝ վաղն ինքը համերգ ա տալու՝ էդ վեց…”: Հարցին, թե ինչ կարծիք ունի անցկացված ընտրությունների վերաբերյալ, Ֆորշն ասաց, որ տեղյակ չէ, թե ով է ընտրվել ՀՀ նախագահ, սակայն երբ լրագրողը նրան հայտնեց, որ պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանի նախագահությունն է հաստատվել, երգչի պատասխանը հետեւյալն էր. «Ես չգիտեի, բայց էլի լավ ա, ես գոհ եմ դրանից, ավելի լավ ա Սերժ Սարգսյանը լինի, որովհետեւ ինքն արդեն 4 տարի է՝ կառավարում է այս երկիրը եւ գիտի՝ ով ում բարեկամն է, եւ գիտի, թե ինչը ոնց է: Էդ մարդը մի բան գիտի էլի»: Իսկ ահա դասադուլի մասին հարցին Ֆորշը կարծիք հայտնեց, որ դա դասերից փախնելու տարբերակ է. “Հիմա ասեմ՝ դասադուլը ինչ ա, ցա՛վդ տանեմ: Դասադուլը դասերից փախնելու վարյանտն ա, էլի: Եթե առաջ ես դասերից փախնում էի, գնում էի կինոստուդիա՝ կինո նայելու, հիմա դուք դասերից փախնում եք` ցույց անելու: Դուք իմացե՛ք, թե ինչ եք անում”: Երգիչը նաեւ հավելեց, որ  թեեւ ինքը դասադուլի հետ կապ չունի, ամեն դեպքում կարծում է, որ ուսանողական հետաքրքրվածությունը ցանկացած հարցի շուրջ ողջունելի է. “Ինձ համար հիմա, հենց հիմա շատ հաճելի է, երբ Դուք ինձ հարց եք տալիս էդ պարագայով, ես դրա հետ կապ չունեմ ընդհանրապես, բայց ինձ լավ էր, ես ներքուստ ինձ լավ եմ զգում, որ ուսանողությունն այդ ամեն ինչով հետաքրքրվում է, էդ շատ լավ ա”:




Լրահոս