«Չեք անցկացնի» նախաձեռնության ձևավորած «ՈՉ»-ի ճակատն այսօր Գյումրիում հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ էլ հայտարարելու են իրենց ծրագրերի մասին ու կոչ են անելու հանրությանը «ոչ» ասել նոր Սահմանադրության նախագծին: Սեպտեմբերի 12-ի հիմնադիր համաժողովից հետո, սակայն, «ՈՉ»-ի ճակատը կարծես թե շատ ակտիվ չէր գործուն քայլերի իրականացման առումով: Թեեւ նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերը հայտարարում են, թե իրենք պատրաստակամ են ամեն կերպ աջակցել ճակատի գործունեությանը, սակայն այդ աջակցությունն առայժմ հայտարարությունների մակարդակից այն կողմ չի անցնում: Քաղաքական ուժերի առաջնորդները պատճառաբանում են, թե նախաձեռնությունը երիտասարդներինն է, ու նրանք են որոշում, թե պայքարը որ ուղով տանեն:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նախաձեռնությունը հապաղում ակտիվ գործողությունների մեկնարկի հարցում:
ԱՐՇԱԿ ՄՈՒՍԱԽԱՆՅԱՆ
-Արշա՛կ, տեւական ժամանակ է, ինչ «Ոչ»-ի ճակատը ակտիվություն չի ցուցաբերում, եւ հասարակության համար դեռեւս հստակ չէ, թե ինչ է այդ
ճակատն իրենից ներկայացնում:
-Մեր համաժողովից հետո «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրել, ու այժմ մենք զբաղված ենք հանրահավաքի նախապատրաստական, իրազեկման աշխատանքով: Գյումրիում լինելու է հանրահավաք, որին մասնակացելու են «Ոչ»-ի ճակատի անդամները, մի շարք կուսակցություններ, ակտիվիսներ եւ այլն: Համաժողովի ժամանակ մենք միասնական հայտարարություն ենք ընդունել, ու այդ բոլոր միավորները հայտարարել են, որ իրենք «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություններին, իսկ ովքեր որ ոչ են ասում այդ փոփոխություններին, կարող են հայտարարել իրենց դիրքորոշման մասին ու այդքանով ներգրավվեն «Ոչ»-ի ճամբարում:
-Այժմ նախաձեռնությունն արդեն ստեղծված է, «դեմ» արտահայտվողներն էլ ընդգրկվել են Ձեր շարքերում, սակայն հասարակությունը տեղյակ չէ Ձեր պայքարի մարտավարության մասին, պարզ չէ, թե ինչպես եք ժողովրդին համոզելու ոչ ասել սահմանադրական փոփոխություններին:
-Խորհրդարանում ոչ-ի կողմնակից պատգամավորներն արդեն բարձրաձայնել են, հասարակությանը բարձր ամբիոնից ներկայացրել են, թե ինչու են դեմ, ու կարծում եմ հանրությունը տեղյակ է նաեւ նրանց դիրքորոշման մասին: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք մշակված ծրագիր, բայց մենք մեր բոլոր քայլերը չենք հրապարակում: Հերթով մեր հասարակությունը կտեղեկանա մեր ծրագրերի մասին, որոնց ժամանակ էլ մենք կոչ կանենք, որպեսզի միանան մեր գործողություններին: Մենք կոչ ենք անում երեւանցիներին, գյումրեցիներին, բոլորին մասնակցել Գյումրիի հանրահավաքին, որը լինելու է շատ մեծ, ու այնտեղ էլ մենք մեր հետագա գործողությունների մասին կհայտարարենք: Ես մի քանի օր առաջ անձամբ եմ եղել Գյումրիում, կարելի է ասել՝ ամբողջ հասարակությունը ընդդիմադիր է, դեմ է իշխանություններին, ու դրա համար մենք ցանկանում ենք մեր հրապարակային գործողությունների մեկնարկը տալ հենց Գյումրիում: Այդ պայքարի էներգետիկան մենք ցանկանում ենք փոխանցել մեր հետագա գործողություններին:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ձեր նախաձեռնությունը ֆինանսավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի պայման է դրել նախաձեռնության առջեւ՝ ներգրավել մեծաթիվ եւ ազդեցիկ քաղաքական ուժերի` «Ոչ»-ի ճակատում հնարավորինս ներկայացուցչական կազմ ապահովելով: Արդյո՞ք միայն այդ պահանջով է Ռ. Քոչարյանը Ձեր «կողքին»:
-Ուրեմն հստակ հայտարարում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ մեկի ականջները փնտրել մեր քաղաքացիական նախաձեռնության հետեւում պետք չէ, մենք ուղղակի երիտասարդներ ենք, որոնք մտահոգված են Սահմանադրության փոփոխությունների գործընթացով, որոնք դա համարում են մարտահրավեր ու որոշում են պայքարել այդ մարտահրավերի դեմ: Մենք միասին փորձում ենք համախմբել ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ քաղաքական սեկտորը, որպեսզի ինքը լինի ավելի հզոր շարժում: Մենք էլ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չունենք: Սա միայն երիտասարդների նախաձեռնության արդյունք է:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգությունը» նոր Սահմանադրությանը դեմ է ու ընդգրկված է «Ոչ»-ի ճակատում, ինչպե՞ս է Ձեր կուսակցությունը պայքարում, ու արդյո՞ք Դուք ներկա եք լինելու Գյումրիում հրավիրված հանրահավաքին:
-«Ժառանգություն»-ը, բնական է, կմասնակցի, դեռ չենք որոշել, թե ովքեր են ներկա լինելու: Մենք, ըստ էության, այստեղ աջակցողների դերում ենք հանդես գալիս, մենք կարծում ենք, որ ճիշտը մեկ պայքարի օջախ ստեղծելն է, միավորելն է բոլորին ու միասնական պայքարով առաջ շարժվելն է: Հիմա ունենք մեկ ճակատ, բայց կարծես թե երկու, թեեւ մենք կողմնակից ենք մեկ ճակատով, մեկ թեւով պայքարին, որովհետեւ դա ավելի ճիշտ է:
-Այն կուսակցությունները, որոնք միացել են ճակատին, «Ոչ»-ի պայքարին, առաջնորդների «դեմքերով» չեն ներկայանում, ո՞րն է պատճառը, չեք կարծո՞ւմ, որ դա «թուլացնում» է ճակատի ազդեցությունը:
-Նայած, որոշակի դեպքերում լինում է, որ հայտարարում են, թե ճիշտ կլինի, որ առաջնորդները չլինեն, երիտասարդներով լինեն, տարբեր մոտեցումներ կան, բայց կարծում եմ, որ դա քննարկումների եւ միասնական որոշման կարիք ունի: Համենայնդեպս, այս պարագայում առաջնորդները աջակցում են:
-Րաֆֆի Հովհաննիսյանը ճի՞շտ է համարում պայքարի նման ձեւը:
-Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես եւ «Ժառանգություն»-ը, գտնում է, որ ճիշտը միասնական պայքարն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ