Հայ-ճապոնական համագործակցությունը սողանքների դեմ պայքարում նոր թափ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Սողանքային աղետների կառավարման ծրագրի» միասնական համակարգող հանձնաժողովի 2-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Հանդիպման նպատակն էր քննարկել սողանքների կառավարման բնագավառում 2014-15 թթ. ընթացքում Ճապոնիայի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաև՝ 2015-16 թթ. Հայաստանում սողանքների կառավարման բնագավառում պլանավորվող աշխատանքները:

Իր ողջույնի խոսքում Է. Տագուչին նշեց, որ Հայաստանն ու Ճապոնիան ունեն աղետների ռիսկի կառավարման ոլորտում և տարերային աղետների դեմ պայքարի միասնական փորձ: Նրա խոսքով` 2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարության Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) հետ համատեղ իրականացվող «Սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրն ունի հաջող ընթացք, ինչպես և նախորդ ծրագրերը:

– Հայաստանի և Ճապոնիայի միջև սերտ համագործակցությունը հաստատվել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի և ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի Ճապոնիա կատարած այցերով: Այս տարի Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում բացել է դեսպանատուն, և ես` որպես դեսպան, կանեմ հնարավորինը` մեր փոխգործակցությունը խորացնելու համար: Ես վստահ եմ, որ երկու ազգերի միջև բարեկամությունն էլ ավելի կխորանա: Խոսքիս ավարտին ցանկանում եմ շնորհավորել հայ փրկարարներին ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում որակավորում անցնելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Երիցյանն ընդգծեց, որ Հայաստանը շատ է կարևորում ճապոնացի գործընկերների աջակցությունը տարբեր աղետների դեմ պայքարի հարցում, իսկ Ճապոնիայի կողմից ՏԿԱԻ փրկարար ծառայությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը միշտ հպարտությամբ է հիշվում:

– Ճապոնիայում` Սենդայի համաժողովի ընացքում, ես ասացի, որ ԱՌՆ ոլորոտում չկան մեծ և փոքր պետություններ, այստեղ բոլորը պետք է համատեղեն ջանքերը: Երկու պետություններն էլ տեսել են շատ աղետներ, ուստի` կարծում եմ, որ հայ-ճապոնական համագործակցությունը միշտ պետք է լինի ամենաբարձր մակարդակի, ինչպես որ ներկա փուլում է: Հայաստանի տարածքի 4-5 տոկոսը սողանքային է, իսկ 3000 սողանքից 165-ը` ակտիվ: 2011 թ. Այրումի սողանքը մեզ համար ևս մեկ ազդակ էր սողանքների դեմ պայքարի միջոցները զարգացնելու համար: Սեյսմիկ ծառայության ուղղությամբ ևս շարունակվում են լուրջ աշխատանքներ կատարվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն դեսպան, և Ձեր թիմին, – եզրափակեց Ա. Երիցյանը:

Հանդիպման ընթացքում ՏԿԱԻ նախարարի և ճապոնական կողմի միջև ստորագրվեց սողանքների շարժի գնահատման արձանագրությունը, որն ազդարարեց «Սողանքային աղետների կառավարման ծրագրի» 2-րդ փուլի մեկնարկը:

Նշենք, որ 2014 թ. փետրվարից ՏԿԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) հետ համատեղ իրականացնում է «ՀՀ սողանքային աղետների կառավարում» եռամյա ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կատարել տարածքի վտանգավոր հատվածների մոնիթորինգ ու տվյալների բազաների թարմացում, ուսումնասիրություն և քարտեզագրում։ Սողանքների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ: Ծրագրի առաջին փուլում 11 առավել վտանգավոր սողանքային գոտիներից ընտրվել է 2-ը՝ Գետահովիտ և Առափի համայնքների սողանքները` որպես պիլոտային ծրագրեր:

Վերոնշյալ համայնքներում արդեն իրականացվել են երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա սողանքային գոտիներում տեղադրվել են խորքային և մակերևութային տվիչներ: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել սողանքային մարմնի տեղաշարժը թե´ հորիզոնական, թե´ ուղղաձիգ: Ներկա փուլում հայ մասնագետներից կազմված խումբը, ճապոնացի մասնագետների օգնությամբ, ուսումնասիրում է ճապոնական հակասողանքային միջոցառումների ժամանակակից մեթոդները և հարուստ փորձը՝ հողային և ջրահեռացման աշխատանքների ճիշտ կազմակերպում, լանջերի կայունացման հաշվարկի մեխանիզմներ և այլն: Հայ մասնագետները նաև վերապատրաստվել են Ճապոնիայում:

JICA-ի ծրագրով Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետները հավատացած են, որ Հայաստանը սողանքի դեմ պայքարում մեծ հաջողություններ կարող է գրանցել: Նրանց խոսքով՝ Հայաստանի հիմնական և առաջնային նպատակը պետք է լինի այդ պայքարի մեխանիզմների և տեխնոլոգիաների զարգացումը, իսկ խնդրի մասայականացումն էլ ավելի կօգնի Հայաստանին:




Լրահոս