Ֆոտոսեսիայի մասնակիցների քաղաքական կյանքն այլևս կախված է Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ի «հաջողություններից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ լուսանկարվելու գործընթացն ավարտվեց, եւ, ըստ այդմ, քաղաքական դաշտում առկա ուժերից միայն երեքը մերժեցին Բաղրամյան 26 գնալու հրավերը: Նախագահականի հրավերը մերժեցին միայն ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները (ի տարբերություն առաջին երկուսի՝ «Ժառանգությունը» մասնակցել էր նախագահականում առաջին` մարտի 12-ին կազմակերպված ֆոտոսեսիային):

Նկատենք, որ նախագահական գնալը քաղաքական ուժերի կողմից Սերժ Սարգսյանի իշխանությունն ընդունելու յուրահատուկ ակցիա էր: Այսինքն՝ բոլոր այն ուժերը եւ գործիչները, որոնք գնացին նախագահական` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, այդպիսով հավաստեցին նաեւ, որ իրենք նրա իշխանությանը ոչնչով չեն սպառնում, եւ իրենց միակ նպատակը արեւի տակ տեղ ունենալն է: Այսինքն՝ նախագահական գնացած քաղաքական ուժերը դարձել են Սերժ Սարգսյանի լուռ դաշնակիցները, եւ նրանց բոլորի ապագա գործունեությունը միտված է լինելու կառավարման ներկա կարգը պահպանվելուն, քանի որ այդ դեպքում իրենք «անտեր» չեն մնա եւ ինչ-որ մասնաբաժին հաստատ կստանան: Մի խոսքով, ֆոտոսեսիայի մասնակիցների քաղաքական կյանքն այլեւս կախված է Սերժ Սարգսյանի եւ նրա ՀՀԿ-ի «հաջողություններից»: Եթե 2017-ի ԱԺ ընտրություններում իշխանական համակարգին հաջողվի ընտրությունների ողջ գործընթացը վերահսկել, ապա կասկած չկա, որ ֆոտոսեսիայի մասնակիցներից յուրաքանչյուրն իր բաժին «հացը» կստանա: Ի դեպ, վերը ասվածը չի վերաբերում միայն արդեն իսկ գործող քաղաքական ուժերին եւ մարդ-կուսակցություններին: Վերը բերված գնահատականը վերաբերում է նաեւ դեռ չստեղծված, բայց կուսակցություն ստեղծելու իրենց մտադրության մասին հայտարարած գործիչներին:

Իսկ ինչ տեղի կունենա, եթե իշխանական համակարգին չհաջողվի 2017-ի խորհրդարանական ընտրությունները լիարժեք վերահսկել: Իսկ որ նման բան հնարավոր է, մենք համոզվեցինք 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ ընտրությունների արդյունքում իշխանություններն, իհարկե, «արձանագրեցին» Սերժ Սարգսյանի «հաղթանակը»: Սակայն միեւնույն ժամանակում Հայաստանի քաղաքական կյանքում ծնեցին մի բեւեռ՝ ի դեմս նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի, որը մի պահ վայելում էր Հայաստանի հանրության մեծամասնության աջակցությունը, նրա շուրջ էին համախմբվել նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր նրա օգտին չէին քվեարկել եւ նրա մասին առանձնապես բարձր կարծիք չունեին: Այն, որ 2013-ի հետընտրական զարգացումները իշխանությունների համար բարեհաջող ավարտ ունեցան, միայն մեկ` նույն այն մարդու շնորհիվ տեղի ունեցավ, ով ակամա էր նման իրավիճակի տերը դարձել, եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթքով ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Հասկանալի է, որ եթե 2017-ին իշխանական համակարգին չհաջողվի լիարժեք վերահսկողություն պահպանել, ապա իրադարձությունները կարող են լիարժեք անկանխատեսելի սցենարով զարգանալ: Այդ դեպքում իշխանական համակարգի առաջին «զոհերը» լինելու են հենց ֆոտոսեսիայի մասնակիցները: Բանն այն է, որ զարգացումների անվերահսկելի ընթացքի դեպքում իշխանական համակարգը ստիպված է լինելու զբաղվել իշխանությունը պահպանելու խնդրի լուծմամբ, իսկ ֆոտոսեսիայի մասնակիցների ճակատագրերը կթողնվեն բախտի քմահաճույքին: Սա հասկանում են բոլորը, այդ թվում նաեւ՝ ֆոտոսեսիայի մասնակիցները, այդ իսկ պատճառով այդ ուժերն արդեն իսկ սկսել են, իսկ առաջիկայում էլ ավելի մեծ եռանդով կթիրախավորեն բոլոր այն ուժերին եւ գործիչներին, որոնք Հայաստանի քաղաքական կյանքը վերահսկողությունից դուրս բերելու հնարավորություններն ի ցույց կդնեն:

Ի դեպ, 2017-ի խորհրդարանական ընտրություններում իրադարձությունների անկանխատեսելի զարգանալու հեռանկարն առաջին հայացքից կարող է անհավանական թվալ: Սակայն, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր Հայաստանի իշխանություններին ամենակարող են համարում, իշխանական համակարգը բոլորից լավ է գիտակցում «անվերահսկելիության» վտանգը: Բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ Հայաստանի բնակչության առնվազն 60-70 տոկոսը ընդդիմադիր հայացքների կրող է: Իշխանությունները բոլորից լավ գիտեն, որ տարիներ շարունակ քաղաքական դաշտում կիրառված ամեն ինչ լղոզելու մարտավարությունը ինչ-որ պահի կարող է եւ չգործել, ու այդ դեպքում ինչ-որ քաղաքական ուժի կհաջողվի ընդդիմադիր 60-70 տոկոսին մեկտեղել:

2017-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանի իշխանական համակարգի համար առավել քան կարեւոր նշանակություն ունեն: Եթե սահմանադրական փոփոխությունների դեմ նախաձեռնված քաղաքական գործընթացները, այսինքն՝ այսպես կոչված՝ «Ոչ»-ը, լայն արձագանք գտնեն, ապա վերջնարդյունքում այդ ամենը բնակչության շրջանում հուսահատության հերթական ալիքի բարձրացման պատճառ կդառնա: Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունները որեւէ դեպքում չեն կարող հանգեցնել իշխանափոխության, այսինքն՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ակնկալիքներն ամեն դեպքում չեն արդարանա: Իսկ նման պարագայում 2017-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունն ապահովելը բավականին կհեշտանա: Մյուս կողմից «Ոչ»-ի ներկայացուցիչները մեծ հաճույքով թիրախավորում են այն ուժերին, որոնք սահմանադրական փոփոխություններին դեմ լինելով հանդերձ՝ այդ գործընթացն անտեսում են: Այսինքն՝ ոչ հեռու ապագայում, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերջնարդյունքները տեսանելի լինեն, կարող է ստացվել, որ «Ոչ»-ը եւս գործել է Սերժ Սարգսյանի ակամա «դաշնակցի» դիրքերից: Սակայն այսօր տեղի ունեցող գործընթացների ողջ հմայքն այն է, որ դրանք չեն կարող լիարժեք ապահովել 2017-ի խորհրդարանական ընտրությունների վերահսկելիությունը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս