Ինչպես հայտնի է` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Ուշագրավն այն է, որ հենց այս ժամանականշրջանում ադրբեջանական զինուժն ակտիվացել է և շարունակ լարվածության մեջ է պահում հայկական սահմաններն ու սահմանամերձ գյուղերը: Այս այցի համատեքստում շատ է խոսվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին:
Թե որքանով է հավանական այս հանդիպումը և ինչով է պայմանավորված սահմանային լարվածությունը, այս հարցերի շուրջ Armlur.am-ն զրույց ունեցավ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի հետ:
– Պարոն Ավետիսյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է ԱՄՆ ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Ըստ Ձեզ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ակտիվությունը կապ ունի ՀՀ նախագահի ԱՄՆ մեկնելու հետ:
-Ադրբեջանական կողմը իրենց նախագահի գլխավորությամբ կարծես թե միշտ նմանատաիպ կարևոր հանդիպումների կամ միջոցառումներից առաջ դիտավորյալ հրահրում է սահմանային միջադեպերը, ավելի ագրեսիվ և սանձարձակ է դառնում և դրանով փորձում են ուշադրությունն ամբողջ աշխարհի սևեռել այդ կոնֆլիկտի վրա: Պետք է լուրջ անդրադառնալ այս խնդրին: Բայց որ իրենք անընդհատ փորձում են նման բաներից առաջ իրենց սանձարձակ պահել, փաստ է:
-Ինչ եք կարծում, տեղի՞ կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այն որևէ բան կարո՞ղ է փոխել:
-Այս րոպեին չեմ կարող ասել: Հանդիպումից հետո պարզ կլինի: Ես վստահ եմ այդ հանդիպումը որևէ բան չի փոխի, որովհետև Ալիևը ինչպես միշտ հանդիպումների ժամանակ փորձում է իր հին երգը երգել: Անընդհատ համաձայնվում են, որ այո ամեն ինչ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց նա փորձում է դրժել բոլոր հանդիպումների խոստումները, տարբեր երկրների ղեկավարների հորդորները, որ պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
-Այսինքն, հանդիպում տեղի կունենա՞:
-Միգուցե չեմ կարող ասել, բայց չեմ կարծում, որ այդ հանդիպումը որևէ բան կտա:
Արփինե Թովմասյան