Սեպտեմբերի 22-ին, «Հրապարակի» առաջին էջում մի լուր էինք տպագրել հետեւյալ բովանդակությամբ․ «Կառավարությունն անցած շաբաթ ավարտել է հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումները: Մեր տեղեկություններով, սկանդալային ընթացք է ստացել մշակույթի եւ գիտության ոլորտի հատկացումների վերաբերյալ քննարկումը: Ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են գիտության ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնել՝ տրտնջալով նախորդ տարիների քիչ հատկացումներից: Սակայն գիտության ոլորտի ներկայացուցիչների առաջարկը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել է, եւ նա, առանց ծանրութեթեւ անելու, հակադարձել է, թե ինչ եք արել դուք, որ դեռ գումար էլ եք պահանջում»:
Տպագրությունից օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին, մեզ հետ կապվեց կառավարության ներկայացուցիչը եւ ասաց, որ այդ լուրի հետ կապված խնդիրներ են ծագել եւ Դավիթ Հարությունյանը հարկ է համարում հերքել այն։ Ապա մեզ ուղարկեցին մի տեքստ հետեւյալ բովանդակությամբ․
«Հրապարակ» թերթի 22.09.2015 համարի առաջին էջում տպագրված լուրն այն մասին, թե կառավարությունում բյուջեի տեքստային քննարկումների ժամանակ մշակույթի և գիտության ոլորտի գումարների հատկացման վերաբերյալ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է՝ «ինչ եք արել դուք, որ դեռ գումար էլ եք պահանջում», չի համապատասխանում իրականությանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումների՝ մշակույթին, գիտությանը վերաբերող հատվածին առհասարակ չի մասնակցել»:
Խոստացանք՝ կրկին ստուգել փաստերը եւ եթե պարզվի, որ սխալվել ենք՝ տպագրել հերքումը։ Սակայն մեր ճշտումների արդյունքում Դավիթ Հարությունյանի պնդումը ոչ մի կերպ չէր հաստատվում։ Ավելի ճիշտ՝ մեր աղբյուրները պնդում էին, որ վերոնշյալ միտքը՝ «ինչ եք արել դուք, որ դեռ գումար էլ պահանջում եք» հնչել է, պարզապես հնչել է ոչ թե «բյուջեի տեքստային քննարկումների» ժամանակ, այլ դրանից առաջ՝ նախարարական կոմիտեների նիստում։ Եւ մենք որոշեցինք, մեկ անգամ եւս ստուգել ինֆորմացիան՝ հերքումը տպագրելուց առաջ ու դա պլանավորեցինք անել այսօր՝ սեպտեմբերի 25-ին։ Սակայն, պարզվեց, Դավիթ Հարությունյանը շատ անհամբեր է հերքումը տպագրելու հարցում եւ այսօր առավոտյան տեսնելով, որ իր ուղարկած տեքստը «Հրապարակում» տեղ չի գտել, շտապել է այլ լրատվամիջոցի դիմել։ Բնականաբար՝ առանց փաստերը ստուգելու, իրենց ասած բոլոր հիմարությունները տիրաժավորող լրատվամիջոցներից մեկին եւ արդյունքում՝ tert.am կայքում հայտնվեց․
«Մեր մամուլն այնքան անամոթ է, որ ինձ վերագրում է խոսքեր մի քննարկումից, որին ներկա չեմ եղել» վերտառությամբ հոդվածը, որտեղ գրված է․ «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկա չի եղել գիտության ոլորտի բյուջետային քննարկումներին, հետևաբար, չէր կարող ասել այն, ինչ նրան վերագրվում է: Այն է` գիտության ոլորտի աշխատակիցները ոչինչ չեն անում, բայց փող են պահանջում: Tert.am- ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը` ի պատասխան հարցի, թե իրոք համարում են, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները չեն աշխատում, ոչինչ չեն անում` ստացվող ցածր աշխատավարձերի դիմաց, ասաց. «Որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի ոչ միայն անլուրջ, այլև անամոթ կարող է գտնվել մեր մամուլը, մնում է միայն ասել, որ գիտության ոլորտի բյուջետային քննարկմանը ես ընդհանրապես մասնակից չեմ եղել: Ուստի, այն ամենը ինչ վերագրվում է ինձ, ուղղակի ստախոսություն է»:
Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը տեղեկացնելով, որ Կառավարության հաջորդ տարվա բյուջեի, այսպես կոչված, տեքստային քննարկումների ժամանակ, երբ ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկել են գիտության ոլորտին հնարավորինս շատ գումար հատկացնել՝ Դավիթ Հարությունյանը նյարդայնացրել է ու հակադարձել է, թե «ինչ եք արել դուք, որ դեռ գումար էլ պահանջում եք»։
Այժմ անդրադառնանք մամուլի եւ մասնավորապես «Հրապարակի» «անամոթությանն ու ստախոսությանը», ինչպես իրեն թույլ է տվել արտահայտվել աշխատակազմի ղեկավար-նախարարը։ Եթե անգամ մի պահ ընդունենք, որ այդ ինֆորմացիան սուտ է, ապա առավելագույնը կարելի է մեղադրել այն աղբյուրին, բնականաբար, չինովնիկական շրջանակներից, որը տրամադրել է ինֆորմացիան, քանի որ կառավարությունում ընթացող նիստերը, որպես կանոն, փակ են լրագրողների համար եւ մեր տեղեկությունները մենք ստանում ենք այդ նիստերի մասնակիցներից։ Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր խեղաթյուրում են տեղեկատվությունը, ինչ-ինչ խնդիրներ լուծում մամուլի միջոցով եւ այդ տեղեկությունների իսկությունը ստուգել մեզ միշտ չի հաջողվում, ապա մեղադրեք ձեր՝ չինովնիկական բանակին, այն տեղ տիրող վարք ու բարքին, այլ ոչ թե իրենց գործն անող լրատվամիջոցներին, որոնք, ցավոք, երբեմն նաեւ ընկնում են սեւ փիառ անողների ծուղակը։
Բայց կոնկրետ այս դեպքում, փառք Աստծո, մեր աղբյուրը չի ստել եւ մենք լիաթոք կարող ենք պնդել, որ անամոթն ու ստախոսը Դուք եք։ Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի հետ, ով ամբողջությամբ հաստատել է մեր տեղեկությունը։ Այսինքն, խոսակցությունն իրոք կայացել է այնպես, ինչպես մենք ենք ներկայացրել, պարզապես մեկ այլ նիստում, ինչից կառչելով էլ պարոն Հարությունյանը փորձել է հերքում տարածել։
-Պարոն Մարտիրոսյան, տեղեկություններ ունենք, որ նախարարական կոմիտեների նիստում, որը վարել է Դավիթ Հարությունյանը, դուք անձամբ ԳԱԱ անունից ծավալուն, փաստարկված ներկայացրել եք մի ծրագիր, որի համար գումար է պահանջվում, ի՞նչ պատասխան եք ստացել կառավարությունից:
-Այո, միշտ էլ մենք փաստարկված, հիմնավորված ենք ներկայացրել, ասենք օրինակ այսօր Եվրոպական միության մի հսկա ծրագիր ընթացի մեջ է, որն ունի 50 մլրդ եվրո արժողություն, այդ ծրագրի անունը «Հորիզոն 20-20» , այսինքն՝ մինչեւ 20 թվականը: Մենք ներկայացրել ենք փաստարկված, մասնակցելու համար պետք է երկրները իրենց ՀՆԱ-ին համապատասխան անդամավճար մուծեն, մեծ գումար չէ, բայց պետք է մուծեն, որպեսզի կարողանան հետո գումարներ ստանալ: Մեր բյուջեի նախագծում այս տարվա նորությունը դա է: Մենք խնդրել ենք կառավարությանը մի քիչ օգնել, իսկ մնացած մասը մեր ունեցած ծրագրերի հաշվին կվճարենք, այսինքն որոշակի ծրագրեր չենք անի, այդ գումարները կուղղենք «Հորիզոն 20-20»-ին, որովհետեւ հույս ունենք ավելիին:
-Իսկ ինչպիսի՞ն էր կառավարության արձագանքը:
-Դեե, ասացին, որ կքննարկենք, եթե միջոցները հաշվարկելուց հետո հնարավոր լինի, կավելացնենք:
-Իսկ մենք տեղեկություն ունենք, որ կառավարությունում Ձեզ այսպես ասած «փաստացի» են պատասխանել՝ նշելով, որ գիտությանն ուղղված գումարները մեղմ ասած ուղիղ համեմատական չեն ձեր տված արդյունքին:
-Դա անգրագիտության հետեւանք է… ինչպես կարելի է ընդհանրապես այդպես մտածել: Այն ծրագիրը, որի մասին ես խոսում էի՝ «Հորիզոն 20-20» քննարկվեց կառավարության նախարարների կոմիտեում, նիստը վարում էր, այո, Դավիթ Հարությունյանը, մենք ասում էինք, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ գտնել, նա էլ ասում էր, որ այդ միջոցները պետք է համեմատական լինեն այն տնտեսական արդյունքին, որը գիտությունը տալիս է, բայց մենք էլ պատասխանեցինք, որ դուք էլ ասեք մի տնտեսական սուբյեկտ, որը ինչ-որ հայտ է ներկայացրել գիտության, մենք էլ չենք արել՝ վերջացավ, էլ ի՞նչ նման խնդիրներ եք մեր առաջ դնում:
-Կարողացաք՞ Դավիթ Հարությունյանին համոզել:
-Դե նա իրենն ասաց, մենք էլ մերը: Գիտությունն ունի իր տեղը, դերը հանրության զարգացման հարցում, մեր գիտությունը մեր տարածաշրջանում ունի շատ բարձր մակարդակ, աշխարհի 200 երկրների շարքում մենք 75-րդն ենք, դա բարձր տեղ է: Կասե՞ք մեր կյանքի որեւէ բնագավառ, որն այդպիսի բարձր տեղում է:
-Բայց Ձեզ կարծես հեգնել են, թե՝ ի՞նչ եք անում, որ գումար էլ ուզում եք:
-Չէ, մեզ չեն հեգնել: Ընթացիկ խոսակցություն էր, մյուս կողմը պատասխանեց, որ գումարներ չկան, եթե լինեն էլ պետք է սպասել այդպիսի արդյունքներ, մենք էլ մերն ասացինք: Հեգնելու համար պետք է մտածեն ուրիշ բաները, հետո մեր գիտության մասին մտածեն: Մեր գիտությունը միշտ էլ ունի իր տեղն ու դերը:
-Ասում են՝ բավական վրդովված եք եղել Դավիթ Հարությունյանի հետ զրույցից հետո:
-Դե վրդովմունք միշտ էլ լինում է, երբ փող չեն տալիս ու …մի խոսքով:
Մանրամասնները Hraparak.am կայքում: