Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի խիստ վերահսկողություն է սահմանելու ձվի շուկայում: Սակայն “Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա”-ի կոմերցիոն բաժնի պետ Անդրե Կիրակոսյանի խոսքով՝ ձվի թանկացումը կապված է ոչ թե Սուրբ Զատիկի տոնի, այլ կերակրաբաղադրամասերի թանկացումների հետ:
“Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի, Ս. Զատիկի տոնի հետ կապված, հանրապետությունում նկատվում է հավի ձվի պահանջարկի ավելացում:
Այդ պատճառով էլ ստեղծված մոնիթորինգի խումբը շաբաթական երեք անգամյա կտրվածքով դիտանցումներ, այդ թվում նաեւ գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող սուպերմարկետներում` առաջնային նշանակության խոշոր սպառողական շուկաներում: Ընդհանուր առմամբ, ձվի արտադրությամբ զբաղվող գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ էլ նկատվում է 1-2 դրամի թանկացումե,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում փոխանցեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը:
2 օր առաջ hանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել: Մասնավորապես “Լուսակերտի թռչնաֆաբրիկա”-ի 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, “Արզնի ֆաբրիկա”-ի xxl տեսակի ձուն նախկին 64-ի փոխարեն այժմ վաճառվում է 66 դրամով, ԵԹՖ-ի 30 հատանոց տուփով ձուն 1860-ի փոխարեն՝ 1920 դրամով, “Արաքս թռչնաֆաբրիկա”-ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ:
Խնդրի առնչությամբ երեկ ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել, ըստ որի՝ շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն` արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, բացթողնման գների մասին, ինչպես նաեւ կպահանջի ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ: Միաժամանակ հանձնաժողովի որոշմամբ կպահանջվի տեղեկատվություն նաեւ գերիշխող սուպերմարկետներից արտադրողների կողմից մատակարարված ձվի ծավալների եւ գնի վերաբերյալ:
“Այս տեղեկատվությունն էլ թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել շուկայում ձվի պահանջարկի, ինչպես նաեւ իրավիճակի վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է հանձնաժողովին ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ: Եթե լինեն անհիմն գնային բարձրացումներ, միանշանակ հանձնաժողովը համապատասխան միջոցներ կկիրառի”,-հավելեց Գ. Սահակյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը կշարունակի խիստ վերահսկողության տակ պահել հավի ձվի շուկան, իսկ պահանջված տեղեկատվությունն արտադրողներից ստանալուց հետո, սեփական ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած փաստերի հետ կներկայացնի հանրությանը: Որպեսզի տնտեսվարողները, առիթից օգտվելով, չարաշահումներ թույլ չտան, հանձնաժողովի որոշմամբ կսահմանվի ամենօրյա խիստ հսկողություն:
“Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հրահանգով, Ս. Զատիկի տոնին ընդառաջ, ձվի շուկայում մոնիթորինգը կկրի ամենօրյա բնույթ, հանձնաժողովն օրական կտրվածքով տեղեկատվություն կստանա ձվի սպառման ծավալների եւ գնային փոփոխությունների վերաբերյալ”,-ավելացրեց մեր զրուցակիցը:
“Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա”-ի կոմերցիոն բաժնի պետ Անդրե Կիրակոսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում շտապեց տեղեկացնել, որ ձվի այսօրվա թանկացումը կապված չէ Ս. Զատիկի տոնի հետ: Նրա խոսքով՝ ձուն թանկացել է դեռեւս փետրվարի սկզբին:
“Թանկացումը Ս. Զատիկի հետ կապված չէ: Բոլոր ֆաբրիկաներում էլ գները գրեթե հավասար են: Հիմնականում դրանք կապված են կերակրաբաղադրամասերի թանկացումների եւ ձմեռային սեզոնի հետ կապված՝ էներգիայի եւ մյուս էներգետիկ արդյունքների գների եւ դրանց սպառման չափի հետ”,-պարզաբանեց Կիրակոսյանը:
ԼԹՖ-ի կոմերցիոն բաժնի պետը բոլոր թռչնաֆաբրիկաների անունից հայտարարեց. “Թռչնաֆաբրիկաները երբեք սպեկուլյացիա չեն անում: Եթե մենք սպեկուլյատիվ թանկացնող լինեինք, ապա կթանկացնեինք նաեւ դեկտեմբերին` կապելով Ամանորի հետ”:
“Ժողովուրդ”-ի հարցին՝ կեժանանա ձուն, թե ոչ, նա պատասխանեց. “Ո՛չ, ձուն չի էժանանա, քանի որ ինքնարժեքը հիմա բավական թանկ է: Եթե Դուք հիմա ձվի գները համեմատեք մյուս երկրների ձվի գների հետ, ապա կտեսնեք, որ ամենաէժան ձուն Հայաստանում է: Եվ դա պայմանավորված է բարձր մրցակցությամբ: Վրաստանում, որտեղ նույն ինքնարժեքն է, ձվի մանրածախ վաճառքի գինը 80 դրամ է: Նշեմ նաեւ, որ թռչնաֆաբրիկաները հիմա աշխատում են մինիմում եկամտաբերությամբ”:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 487 համար