ԵՊՀ ռեկտորատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
“Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով hամալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ ԵՊՀ ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ:
Դիմում ենք բոլորին՝ դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն: Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաև այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն և խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից”: