Հայաստանի 4-րդ նախագահը` կայուն մեծամասնության գերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ծրագրվող սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրապետության նախագահի կարգավիճակը հիմնովին փոխվում է: Նոր նախագծով պետության գլուխը լինելով հանդերձ՝ նախագահն այլեւս չի ունենալու այն ազդեցությունը, ինչ ներկայումս՝ անկախ այդ պաշտոնը զբաղեցնողի անձից: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են արվել հանրապետության նախագահի ընտրության կարգում, եւ որքանով են դրանք համապատասխանում հայաստանյան ավանդույթներին ու իրական կյանքին: Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել խորհրդարանական կառավարմամբ երկու այլ հանրապետությունների՝ Իտալիայի եւ Գերմանիայի օրինակներին, որոնցից էլ հիմնականում օգտվել են մասնագիտական հանձնաժողովի անդամները:

Այսպես՝ Սերժ Սարգսյանի ստեղծած հանձնաժողովի կողմից հրապարկված նախագծի 123-րդ հոդվածով նախանշվում է, որ հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է ու առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով, ինչպես նաեւ իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների շեփորահարը հանդիսացող «Հայեցակարգում» խոսվում էր հստակ երաշխիքների մասին, որոնք պիտի ազդեին նախագահի՝ բացառապես ազգային շահերով առաջնորդվելու վրա:

Նկատենք, որ գործող Սահմանադրության 49-րդ հոդվածով էլ է նախագահը պարտավոր հետեւել Սահմանադրության պահպանմանը, ապահովել իշխանության տարանջատումը, գործադիր, օրենսդիր ու դատական թեւերի միջեւ հավասարակշռությունն ու դրանց անկախությունը: Մի կողմ թողնելով առաջին եւ երկրորդ նախագահների դեպքերը՝ այս համատեքստում դիտարկենք Սերժ Սարգսյանի գործունեությունը:

Կարո՞ղ ենք հիշել գեթ մեկ դեպք, երբ Սերժ Սարգսյանը իր շահերին հակառակ հարգել է ՀՀ Սահմանադրությունը։ Ավելին՝ կա արդյո՞ք նման նախադեպ, երբ նա զերծ է մնացել իր ընդդիմախոսների նկատմամբ ընտրողական արդարադատության կիրառումից կամ էլ հրաժարվել է օգնել իր թիմակիցներին կրիմինալ արկածներից անվնաս դուրս պրծնելու գործում: Իհարկե ոչ, բայց չէ որ այստեղ Սահմանադրությունը մեղավորություն չունի, քանզի այս ամենն արվում է Սահմանադրության հանդեպ ընդգծված արհամարհանքի պայմաններում:

Երբ մեկ գիշերում Սարգսյանը կայացրեց ԵՏՄ-ին միանալու որոշումը, ի՞նչ է, դա պայմանավորված էր Հայաստանի ազգայի՞ն, թե՞ սեփական իշխանությունը չկորցնելու շահերով: Ամերիկյան դիվանագիտական արխիվի փաստաթղթերից տեղեկացել ենք, որ Սարգսյանն անձամբ էր վերահսկում Մարտի 1-ին հաջորդած դատական գործերը եւ կանխավ արդեն իսկ բոլոր ձերբակալվածներին մեղավոր էր հռչակել: Այս ամենը հաշվի առնելով՝ ո՞ր միամիտը կհավատա, որ հանրապետության նախագահը կաշկանդված է լինելու Սահմանադրության մեջ արձանագրված դատարկ ու ձեւական դրույթներով:

Հանուն արդարության հարկ է նկատել, որ այս նոր նախագծի ընդունման դեպքում ցանկացած նախագահ հարկադրված է լինելու գործել անասելի սահմանափակ լիազորություններով՝ Սահմանադրության մեջ գրվածից անկախ, քանզի մեծամասնության «վոժդին» առարկելիս մտքում հիշելու է, որ ԱԺ առաջիկա քառօրյայում ինքը կարող է հապճեպորեն իմպիչմենտի ենթարկվել բազմաչարչար եւ կայուն մեծամասնության ձեռամբ։

Իսկ, ահա, նախագծի 124-րդ հոդվածով նախատեսվում է, որ նույն անձը հանրապետության նախագահ կարող է դառնալ միայն մեկ անգամ՝ 7 տարի ժամկետով: Նախագահի պաշտոնին հավակնելու իրավունք ունի 40 տարին լրացած, վերջին 7 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող, ընտրական իրավունքով օժտված ցանկացած ոք: Գործող Սահմանադրության համաձայն՝ այդ պաշտոնին կարող է հավակնել 35 տարին լրացած, 10 տարվա քաղաքացիություն ունեցող եւ այդքան էլ մշտական բնակություն ունեցող անձը:

Ըստ էության, Սերժ Սարգսյանի իրավաբանները բարձրացրել են տարիքային ցենզը, փոխարենը իջեցրել ՀՀ քաղաքացի լինելու ու ՀՀ-ում բնակվելու շեմերը: Իրականում սրանք պարզագույն ձեւականություններ են, քանզի 1998թ․ ՀՀ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, որը ո՛չ 7, ո՛չ էլ 10 տարի ՀՀ քաղաքացի չէր եղել եւ մշտական բնակություն չէր ունեցել այստեղ: Սակայն այսօր Սահմանադրության փոփոխության մեջ մեր ազգային իղձերի իրականացումը տեսնող Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական ու ՀՅԴ-ական բախտախնդիրները ոչնչով կաշկանդված չէին Քոչարյանին ծառայելու հարցում՝ միահամուռ կերպով մոռացած լինելով սահմանադրական այդ կարեւորագույն դրույթի խախտման փաստը:

Դիտարկելով արեւմտաեվրոպական փորձը, մասնավորապես իտալական ու գերմանական մոդելները՝ տեսնում ենք, թե ինչպես են Սարգսյանի հանձնաժողովականները կատարել իրենց՝ իբրեւ տնային աշխատանք հանձնարարված արտագրության վարժությունը: Այսպես, ըստ Գերմանիայի Սահմանադրության՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Կառավարության կամ օրենսդիր մարմնի անդամ չհանդիսացող գործիչը:

Այս երկրում նույն անձը կարող է նախագահ ընտրվել միայն 2 անգամ: Ինչ վերաբերում է Իտալիայի օրինակին, ապա այստեղ նախագահ է ընտրվում 50 տարին լրացած, քաղաքական ու քաղաքացիական իրավունքներ ունեցող անձը: Այս երկրում նույն անձը նախագահ կարող է դառնալ միայն մեկ անգամ՝ 7 տարի ժամկետով:

Օտար սահմանադրությունների՝ իրենց անձնական քիմքին հաճելի դրույթները մեկտեղելուց եւ հրապարակելուց առաջ հանձնաժողովականները պիտի բարի լինեին ուսումնասիրել Հայաստանի պետականության փորձն ու ավանդույթները եւ ապա որոշեին, թե որքանով են այդ դրույթները համապատասխանում մեր իրականությանը: Իսկ, ահա, այսպիսի փնթի աշխատանքի արդյունքը պիտի զարկ տար նոր պարադոքսների:

Արդ, այն իշխանությունը, որ շարունակ խոսում է քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին, հակառակ դրան նախագահ դառնալու տարիքը էլ ավելի է բարձրացնում, շարունակաբար ճամարտակելով իշխանավարության պրոֆեսիոնալիզմի մասին՝ նախագահի կառավարման ժամկետը կարճացնելու փոխարեն ավելացնում է եւ այլն: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարման մոդելը որոշելիս Սերժ Սարգսյանի ենթակաները վերցրել են մի շարք երկրների սահմանադրությունները եւ առանձին-առանձին դրույթների ծաղկաքաղ անելով՝ ստեղծել են հակասական եւ կառավարման ճգնաժամերի ռիսկերով լի մի փաստաթուղթ:

Ն. Հովսեփյան




Լրահոս