Լուծում չստացած օրակարգային խնդիրը. ավագանու անդամները ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի համայնքների ավագանու անդամների վարձատրության հարցը մնում է օրակարգային խնդիր: Այս հարցը մշտապես բարձր ատյաններում քննարկվում է, սակայն այդպես էլ լուծում չի ստանում: Բանն այն է, որ չորս տարին մեկ ընտրվող ավագանու անդամները չեն վարձատրվում, եւ դրա արդյունքում հատկապես գյուղական շատ համայնքներում ավագանու անդամները մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի` համայնքային գործունեությունը կիսատ թողնելով: Ավելի քան մեկ տարի առաջ նման իրավիճակ ստեղծվեց նաեւ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում:
Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղապետարանի աշխատանքներն ավելի քան մեկ տարի պարալիզացված էին, քանի որ ավագանու 5 անդամներից երեքը Հայաստանից մեկնել էին Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:

Այս առիթով 2014 թվականի հունվարի 14-ին վաղաժամկետ դադարեցվել էին համայնքի ավագանու երկու անդամներ՝ Արտյոմ Դանիելյանի եւ Վահան Սարգսյանի լիազորությունները: Իսկ այս տարվա հունիսի 6-ին վաղաժամկետ դադարեցվեցին նաեւ ավագանու մյուս անդամ Վիգեն Հարությունյանի լիազորությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս նույնպես մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի նպատակով: Արդյունքում` այս կիրակի Աղավնաձորում անցկացվեցին ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:

«Ժողովուրդ»-ը Աղավնաձորի գյուղապետի աշխատակազմի ղեկավար Մակիչ Դանիելյանից տեղեկացավ, որ ավագանու անդամների ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության: «Ի՞նչ ունեն իրար հետ կիսելու: Չէ՞ որ ավագանու անդամը չի վարձատրվում»,- լրացրեց Դանիելյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընտրված ավագանու անդամներից չորսը ՀՀԿ-ական են, մեկը՝ անկուսակցական: Այս կապակցությամբ Մակիչ Դանիելյանը նկատեց, որ անցած տարիներին էլ որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ երբեւէ չի առաջադրել իր թեկնածությունը:
Թեեւ Աղավնաձորն արդեն ունի ավագանի, այնուամենայնիվ, գյուղապետարանի աշխատակազմում մտավախություն կա, որ նորընտիր ավագանու անդամները եւս կմեկնեն ՌԴ՝ արտագնա աշխատանքի:

«Պետք է որ չգնան: Մենք նախապես զգուշացրել ենք իրենց, որ եթե երկրից գնալու մտադրություն ունեն, ապա թող չառաջադրվեն: Ուղղակի չես կարող իրենց ոչ մի բանում պարտադրել, որովհետեւ ավագանու անդամը չի վարձատրվում: Այս պատճառով էլ աշխատում ենք իրենց հետ ավելի մեղմ խոսել, որովհետեւ ավագանու անդամ դառնալու ցանկություն գյուղում գրեթե ոչ ոք չունի»,- նկատեց Մակիչ Դանիելյանը:

Ի դեպ, այս կիրակի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացվեցին Տավուշի մարզի Խաշթառակ եւ Շիրակի մարզի Սալուտ գյուղերում. Խաշթառակի գյուղապետը իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, իսկ Սալուտինը՝ մահացել: Հաղթած թեկնածուները չունեին մրցակիցներ եւ առաջադրվել էին ՀՀԿ-ի կողմից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս