Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ news.am-ի հետ զրույցում հայտնել է իր կարծիքը, թե «պատճառ չկա, որպեսզի Տարոն Մարգարյանը չգլխավորի ցուցակը»: Այսպիսով` ՀՀԿ երիտասարդներն ու «հին» գվարդիայի մի քանի ներկայացուցիչներ հասան իրենց նպատակին: Ու եթե ՀՀԿ-ն մայիսի 5-ին հաղթի Երեւանի ավագանու ընտրություններում, Մարգարյանը կրկին կդառնա Երեւանի քաղաքապետ: Իհարկե, արտառոց ոչինչ չկա. եթե Սերժ Սարգսյանը այսքանից հետո նախագահի աթոռին նստեց, բնականաբար, Տարոնն էլ պետք է քաղաքապետի աթոռը զբաղեցնի: Հետաքրքիրն այն է, որ նույն Ս. Սարգսյանն անցած տարի` մայիսի 1-ին, Տ. Մարգարյանին «մատաղ արեց»՝ ԱԺ ընտրարշավի ժամանակ նախատելով. «Տարո՛ն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»: Տարոնին քաղաքապետ դարձնելու գաղափարը հակասում է նաեւ հենց Ս. Սարգսյանի փետրվարի 15-ին Մարզահամերգային համալիրում արտաբերած խոսքերին. «Ձեր ձայնը կլինի լավագույն արձագանքը բոլոր այն թերահավատներին, ովքեր միաբերան կրկնում են առավոտից երեկո, թե իրականում ոչինչ էլ չի փոխվում… Մոտենում է փոփոխությունների պտուղները քաղելու եւ նոր փոփոխություններ նախաձեռնելու ժամանակը»: Իսկ ո՞րն է փոփոխությունը՝ «Տարոն ջա՞նը», իրենց պաշտոններում ծերացող ՀՀԿ-ականնե՞րը, թե՞ նախարարական աթոռներն իրենց տուն տանող չինովնիկները: Այնինչ մենք սպասում էինք ապահով Հայաստան տանող արմատական փոփոխությունների:
ՏԱՐՈՆԸ՝ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ, ԱԽՐ ԳԵՂԵՑԻԿ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ