Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը Սարգսյանի հետ քննարկել է մարզպետերի հարցը ու փորձել նրան բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը շատ վճռական է տրամադրված եղել՝ ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն: ԱԺ-ում պտտվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը (եւս մեկ-երկու հոգի) կշարունակեն աշխատել: «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Աբրահամյանից պարզել, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որ մարզպետերի մնալ-չմնալու հարցն է քննարկվել: ԱԺ նախագահը մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. «Այո՛, ես գնացել եմ նախագահի նստավայր, զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց մարզպետերի հարց չի քննարկվել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ