«Ծախսելու եմ իմ ամբողջ եռանդը». Հայաստանն առաջին անգամ կներկայանա «Miss Earth»-ին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Miss Earth» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանն առաջին անգամ կներկայացնի «Թոփ մոդել Հայաստան-2015»-ի հաղթող Լիլիթ Մարտիրոսյանը: Հայ գեղեցկուհու լուսանկարն արդեն տեղադրվել է մրցույթի կայքում:
Լիլիթը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ «Miss Earth»-ը «Miss World»-ի եւ «Miss Universe»-ի հետ համարվում է աշխարհի երեք խոշորագույն գեղեցկության մրցույթներից, որոնց Հայաստանը երբեւէ չի մասնակցել:

«Շատ ուրախ եմ, որ դեբյուտը վստահվել է հենց ինձ: «Miss Earth»-ի վրա ես ծախսելու եմ իմ ամբողջ եռանդը, այնտեղ, բացի արտաքին գրավչությունից, շատ կարեւորվում է տաղանդ ունենալու հանգամանքը, մրցույթի ընթացքում լինելու են համարներ, որոնց միջոցով բացահայտվելու է, թե որքան է շնորհալի մասնակիցը: Քանի որ ես նկարում եմ, գրում եմ ու նաեւ երգում, կստեղծենք մի այնպիսի համար, որտեղ կերեւան իմ շնորհները: Սակայն ինչ համար էլ որ ստեղծենք, դրա միջոցով ես ներկայացնելու եմ Հայաստանը, հայկական մշակույթը»,-ընդգծեց գեղեցկուհին:

12041694_986732654716968_1302591422_n

Մեր այն դիտարկմանը, որ «Miss Earth»-ը առաջին կարգի մրցույթների շարքում համարվում է ռեկորդային մասնակիցների մեծ թվի շնորհիվ, եւ այն հարցին, թե արդյոք այդ հանգամանքը պարտավորեցնող չէ, Լիլիթը պատասխանեց. «Ինձ համար այդպես ավելի հաճելի կլինի. ես կունենամ ռեկորդային թվով ընկերներ: Եթե մասնակիցների թվում կա այն արժանին, ով պետք է հաղթի, 100 հոգի լինենք, թե 1000, մեր միջից հաստատ կնկատեն նրան»:

12047610_986732648050302_512816124_n

Մենք նաեւ հարցրինք` կա արդյոք պրոֆեսիոնալ թիմ, որն օգնում է Լիլիթին նախապատրաստվել այս բարդ մրցույթին. «Թիմի մասին դեռ չեմ կարող խոսել, բայց իմ կողքին է դիզայներ Գայանե Մարտիրոսյանը, ով զբաղվելու է իմ բեմական հագուստներով: Նա հատուկ մրցույթի համար արդեն շատ նոր մտքեր ունի: Բայց, օրինակ, տաղանդը բացահայտող համարի հետ կապված դեռ չեմ գտել մարդիկ, ովքեր կօգնեն ինձ. կարելի է ասել` ընտանիքս է ինձ օգնում այդ հարցում: Իմ կողքին է նաեւ «Թոփ մոդել Հայաստան» եւ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ պարոն Աշոտ Խաչատրյանը, որին անչափ շնորհակալ եմ իմ ու ընտանիքիս կողքին լինելու համար:»:

Լիլիթը նաեւ ուրախությամբ տեղեկացրեց, որ վերջերս կայացած «Top Model of the World» մրցույթի շրջանակներում ինքը մի քանի նոր առաջարկ է ստացել: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, մոդելը դեռ չմանրամասնեց` հայտնելով միայն, որ առաջարկները վերաբերում են միջազգային ասպարեզում քայլեր անելուն:

Հիշեցնենք, որ այս տարի «Miss Earth» մրցույթն անցկացվելու է Ավստրիայում, նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 5-ը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս