ԼՂՀ ՊԲ հայտարարությունը. Իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկվող ականանետային և հրթիռահրետանային հարվածների ու խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող գնդակոծումների անհամեմատ ինտենսիվ ընթացքից` կարելի է փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որդեգրել է հակամարտության լուծումը խաղաղ բանակցությունների սեղանից ուժային դաշտ տեղափոխելու հանցավոր մարտավարություն:

Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներ:

Ելնելով ստեղծված դրությունից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս համաշխարհային հանրության ու հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած և շարունակ կյանքի կոչվող ապակառուցողական ու սադրիչ քաղաքականության վրա և տեղեկացնում, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս