Ռուս-ադրբեջանական ագրեսիա՝ ընդդեմ Հայաստանի. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Մենք ի վիճակի չենք հաստատապես պարզել, թե ինչպես է սկիզբ առել բռնությունը, քանի որ կողմերը մեղադրում են միմյանց». սա հատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեկ տարածած հաղորդագրությունից, որում միջնորդներն ընդհանուր գծերով իրենց մտահոգությունն են հայտնում նախօրեին Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծությունների ու խաղաղ բնակիչների սպանության կապակցությամբ:

Միջնորդները, ինչպես միշտ, հավասարության նշան են դնում կողմերի միջեւ եւ իրենց կոչն ուղղում են ինչպես՝ ադրբեջանական, այնպես էլ՝ հայկական կողմին: Կարելի է, իհարկե, մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին դրա համար, բայց դա անօգուտ եւ ոչինչ չտվող զբաղմունք է:

ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության պայմաններում, եւ հասկանալի է, որ անգամ հայտարարությունների մակարդակով համաձայնության հասնելը չափազանց բարդ է:

Իսկ ո՞վ է մեղավոր, որ Մինսկի խմբի համանախագահներն «ի վիճակի չեն հաստատապես պարզել» տեղի ունեցածը: Ո՞վ պետք է Մինսկի խմբին ու այն ներկայացնող երկրների համապատասխան կառույցներին պատշաճ կերպով տեղեկացներ ադրբեջանական հերթական, սակայն աննախադեպ դիվերսիայի մասին:

Առաջին հերթին՝ Հայաստանի Արտգործնախարարությունը (ԱԳՆ), որը նախօրեին սահմանափակվեց մի ընդհանրական հայտարարությամբ, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ համանախագահների հետ հանդիպմանը բավարարվել է ընդհանուր դատապարտումներով եւ մտահոգություններով: Խնդիրը, իհարկե, ԱԳՆ-ի կամ նույնիսկ Նալբանդյանի պրոֆեսիոնալիզմը չէ, այլ գտնվում է շատ ավելի խորքում, Հայաստանի արտաքին քաղաքականության կամ, որ ավելի ճիշտ է, դրա ռուսիֆիկացման ակունքներում: Նույն էդուարդ Նալբանդյանն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարում էր, թե Հայաստանին դուր չի գալիս, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց դա բիզնես է: Իսկ գուցե Մինսկի խմբի համանախագահներն իրականում շատ լավ ու հաստատապես պարզել են, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացիներին սպանում է նաեւ կամ ամբողջությամբ ռուսական զենքով, եւ այդ մասին հայտնել են Նալբանդյանի՞ն:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր համարձակվի նման ռազմական սանձարձակության դիմել՝ առանց ռուսական կողմի համաձայնության՝ շատ լավ իմանալով, որ Հայաստանն էլ համարձակություն չունի Ռուսաստանին որեւէ կերպ հանդիմանել դրա համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս