ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեջ խորհրդարանական հայտարարությունների ժամին թեժ մրցակցություն էր սկսվել: Մրցում էին, թե իրենցից ով ավելի լավ կօգտագործի հայոց լեզվի հնարավորություններն ու նրբությունները՝ Սերժ Սարգսյանին փառաբանելու, հաճոյանալու եւ քծնելու համար:
Ու քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԱԺ նիստը կես ժամով երկարաձգվեց, դահլիճում տիրող մթնոլորտը գնալով ավելի զզվելի դարձավ, այն աստիճան, որ արդեն տեղից թեժ լեզվակռվի բռնվեցին իշխանական ու ընդդիմադիր կին պատգամավորները՝ մի կողմից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, մյուս կողմից ՀՀԿ-ականներ Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզան Մուրադյանն ու Նաիրա Կարապետյանը: Փոստանջյանն իր հայտարարության մեջ խոսքեր չխնայեց Սերժ Սարգսյանին քննադատելու համար, այնուհետեւ դահլիճից հեռանալիս, նայելով ՀՀԿ խմբակցության կողմը, ասաց. «Ես գնացի, հեղափոխականնե՛ր»: Այդ արտահայտությունը դուր չեկավ ՀՀԿ-ի կանանց. նախ՝ Շուշան Պետրոսյանը, մատը տանելով քունքին, վիրավորական ժեստ արեց, իսկ մյուս կանայք էլ միանգամից սկսեցին՝ «դավա՜յ, դավա՜յ, գնա՛, գնա՛»: Փոստանջյանը նույն բառերով հակադարձեց նրանց՝ պահանջելով կոռեկտություն: Սակայն կանայք անդրդվելի էին. լեզվակռիվը շարունակվեց մոտ կես րոպե, արդյունքում այդ պահին ԱԺ ամբիոնի մոտ գտնվող Մհեր Շահգելդյանն անգամ ստիպված էր ընդհատել ելույթը: Բարեբախտաբար, բանը չհասավ ծեծկռտուքին, եւ միջադեպն ավարտվեց առանց վիրավորների:
Պակաս ուշագրավ չէին հայտարարությունների տեքստերը. բոլոր ՀՀԿ-ականներն իրենց պարտքն էին համարում ելույթի մեջ առնվազն մեկ անգամ ազդարարել՝ նախագահի ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը, ու հիմա նրա առաջնորդությամբ իրենք կառուցում են ապահով Հայաստան: Ամեն գնով այս միտքն էր փորձում համոզել երիտհանրապետական Նաիրա Կարապետյանը, որը նույնիսկ ասաց, թե երկիրն առաջընթաց է ապրում, բարեփոխումներ են իրականացվում, անգամ՝ աշխատատեղեր ստեղծվում: Մեկ այլ երիտհանրապետական Սամվել Ֆարմանյանն էլ համոզում էր, թե Ս. Սարգսյանը «նոր Հայաստանի, արդեն ուրիշ Հայաստանի առաջնորդն է»: Մանվել Բադեյանն էլ փորձում էր համառորեն իմանալ, թե այդ որ ընտրատեղամասերում են տեղի ունեցել ընտրախախտումները. «Է՜, գիտեք՝ ասե՛ք, էդ ո՞ր ընտրատեղամասում ա խախտումներ տեղի ունեցել, որեւէ կոնկրետ փաստարկ չկա»:
Իսկ տարիներ առաջ արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող Արտաշես Գեղամյանն էլ, այս ընտրությունները գովերգելուց բացի, հայտարարեց, թե միայն «թուրք-ադրբեջանական գաղափարական մեքենայի տանդեմի» դժգոհությունն են առաջացրել այս ընտրությունները, ու այդ տանդեմը հիմա հասել է իր նպատակին՝ ՀՀ-ում հետընտրական պրոցեսներ ծավալողները փորձում են խարխլել երկրի կայունությունը: Ս. Սարգսյանին քծնելու հարցում հետ չմնացին նաեւ ՕԵԿ-ականները. նրանք էլ իրենց հերթին էին ազդարարում նոր ու ապահով Հայաստանի տեսլականը:
ԱԺ-ում տիրող մթնոլորտը լցրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համբերության բաժակը: «Ես երջանկահիշատակ մեծերին ցիտել չեմ սիրում, սակայն եթե Բուլգակովը որոշեր իր «ժամանակի մեքենան» կիրառել այս խորհրդարանում, հենց այս հայտարարությունների ժամին, ապա կստացվեր ՍՄԿԿ դասական խորհրդարան՝ քծնանքի եւ ստորաքարշության այնպիսի դասական ելույթներով, որ լսելիս անհարմար ես զգում։ Չնայած ելույթ, իհարկե, այդ կենացները շատ մեծ վերապահումով կարելի է անվանել։ Դրանք քծնանքի կենացներ էին՝ ժանրի բոլոր կանոններով, որոնց մի հատվածն անպայմանորեն պիտի նվիրվի ընդդիմախոսին անխնա քննադատելուն։ Ես իրապես ցավում եմ, որ քծնանքն ու ստորաքարշությունը շարունակում են մնալ որպես լուրջ քաղաքական կատեգորիա»,-նշեց նա։
Երեկ բավական կոշտ էին ընդդիմադիր պատգամավորների ելույթները. ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պահանջեց անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ նշեց, թե այս իշխանություններն ու արդար ընտրություններն անհամատեղելի են: «Ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ իրենց տեղերում են նախորդ ընտրությունների կեղծիքների կազմակերպիչները, մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի սպանդն իրականացնողները»,-ասաց նա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, թե ինչպես եւ սպասվում էր՝ այս ընտրությունները վատն էին, արդյունքները՝ կանխատեսելի: Նրա խոսքով՝ ՀՀ-ում պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացած են, այնինչ երկրում պետք է հաստատվի ժողովրդի լիակատար իշխանություն բոլոր մակարդակներում:
ՔԾՆԱՆՔԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ