Երեկ մարզումներից մեկի ժամանակ գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն վնասել է ձախ ոտքը, ինչի արդյունքում ստիպված է եղել չեղյալ հայտարարել հոկտեմբերի վերջին նշանակված բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ մենամարտը:
Ուկրաինացու վնասվածքն ախտորոշվել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլեր-Վոլֆարտի կողմից, ով հետևելու է վերականգնողական գործընթացին և ավելի ուշ պետք է թույլատրի մարզումների վերսկսումը:
«Հետազոտությունը ցույց է տվել ձախ ոտքի մկանի մասնակի վնասվածք: Հոկտեմբերի 24-ին նախատեսված մենամարտը պետք է անորոշ ժամանակով հետաձգվի: Հաշվի առնելով վնասվածքի բնույթը` մենք խորհուրդ ենք տալիս դադարեցնել ցանկացած ակտիվություն մոտակա մի քանի շաբաթը»,- ասվում է բժիշկի եզրակացությունում, որը հրապարակել է fightnews.com կայքը:
Աշխարհի չեմպիոնի թիմը խոստացել է հայտնել մենամարտի նոր օրն արդեն հաջորդ շաբաթ: Տիտղոսային մենամարտի անցկացման վայրը կմնա նույնը` Դյուսելդորֆի ESPRIT Аrena-ն: