ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԵՐԵՐՈՒՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆինանսական շուկայի կարեւոր առանցքներից մեկը դրամական փոխարժեքն է եւ այն կարգավորող պետական քաղաքականությունը: Դրամի փոխարժեքի հանդեպ հասարակության զգալի մասի հետաքրքրությունը, ըստ էության, առաջին հերթին պայմանավորված է արտասահմանյան տրանսֆերտներով: Այդ համատեքստում նկատենք, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մշտապես հետեւում է դրամի փոխարժեքին, դրա արժեւորմանն ու արժեզրկմանը: Ստորեւ փորձենք հասկանալ, թե ինչպիսի քաղաքականություն է վարվում դրամի փոխարժեքի նկատմամբ, եւ ինչ միտումներ ունի այն:
Այսպես, նախ հիշենք, որ հայկական արժույթը 1993թ. նոյեմբերի 22-ին դրվեց շրջանառության մեջ՝ կոչվելով դրամ: Ցայսօր Հայաստանում ֆինանսական բնույթի գործողությունները տեղի են ունենում դրամով, իսկ երբ քաղաքացիներն արտասահմանից ֆինանսական օգնություն են ուղարկում իրենց հարազատներին, վերջիններս այն ստանում են դրամով: Վերհիշենք, որ 1993թ.-ին Գերագույն խորհուրդը ստեղծել էր հատուկ հանձնաժողով դրամը շրջանառության մեջ դնելու համար: Հետաքրքրական է, որ այդ գործընթացը դրված էր այն ժամանակվա ընդդիմության վերահսկողության ներքո ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Այդ հատուկ հանձնաժողովը որոշեց 1 դոլարը վաճառել 14.5 դրամով, ինչի արդյունքում, 5-6 օրվա մեջ 1 դոլարի գինը հասավ 250-300 դրամի: Ի վերջո, կառավարությունը, որին ԳԽ-ն փորձում էր հեռու պահել այդ գործընթացից, միջամտեց եւ արդեն նույն թվականի դեկտեմբերի 20-ին զգալիորեն կայունացրեց դոլարի կուրսը՝ 1 դոլարի գինը սահմանելով 200 դրամ: Դրանից հետո կառավարությունը որդեգրեց դրամի փոխարժեքի լողացող կուրսի քաղաքականությունը, ինչը շարունակվում է մինչ օրս: Այդուհանդերձ, վերջին շրջանում մի շարք տնտեսագետներ համարում են, որ դրամի փոխարժեքն իրականում կառավարության կողմից արհեստականորեն զսպվում է եւ համահունչ ընթացքի մեջ չէ մեր երկրի տնտեսական ներկայիս դրության եւ զարգացման միտումների հետ:
Նկատենք, որ այսօրվա դրամական քաղաքականությունը՝ որպես այդպիսին, նորույթ չէ, ավելին, այն Ռոբերտ Քոչարյանի օրոք որդեգրած քաղաքականության շարունակությունն է, երբ դրամն արհեստականորեն զսպում էին, եւ 1 դոլարի դիմաց դրամի արժեքը հասնում էր ընդհուպ մինչեւ 305-306-ի: Դրամի փոխարժեքի ամենահետաքրքրական շրջանը կարելի է համարել ներկայիս վարչապետի ղեկավարության` 2008-2009թթ. հատվածը: Այդ ընթացքում դրամի փոխարժեքի շարունակվող անկումը զսպելու նպատակով Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) երկրի արտաքին պահուստներից վաճառքի հանեց մոտ 700 մլն ԱՄՆ դոլար: Արդեն 2009թ. մարտին ԿԲ նախագահ Ա. Ջավադյանը հայտարարում էր, թե պետք է սահմանափակել ԿԲ միջամտությունները եւ վերադառնալ լողացող կուրսին: Հետաքրքրական է, որ թեպետ ԿԲ-ն հաճախ էր դիմում աճպարարությունների եւ նկատում, թե իրենց քաղաքականությունը միտված է եղել լողացող կուրսի ապահովմանը, այդուամենայնիվ, սույն հայտարարությունն այն եզակիներից էր, երբ ԿԲ-ն ընդունում էր սեփական միջամտությունների փաստը: Վերջինս, սակայն, վարած քաղաքականության սխալականության գիտակցությամբ չէ, որ պայմանավորված էր:
Դրա հիմնական պատճառը 2009թ. մարտի 3-ին դրամի փոխարժեքի 30%-ով անկումն էր, թեպետ մինչ այդ իշխանությունները հավաստիացնում էին, որ դրամի փոխարժեքը ոչ թե զսպված է, այլ լողացող: Հիշենք, որ դրանից հետո իշխանությունները գոհունակություն էին հայտնում, թե դրամի փոխարժեքը կայունացել է: Նախ՝ հարց է ծագում, թե այդ ով էր մեղավոր, որ փոխարժեքն անկայուն վիճակում էր, եւ, վերջապես, ինչ գնով տեղի ունեցավ այդ կայունացումը: Հանկարծակի գահավիժման արդյունքում մարդիկ ահռելի վնասներ կրեցին, իսկ բնակչության կենսամակարդակը, կարելի է ասել, 30%-ի անկում արձանագրեց: Փաստենք, սակայն, որ վարվող այսօրինակ քաղաքականությունը թույլ է տալիս ենթադրել, որ հասարակության կենսամակարդակի խնդիրն այնքան էլ չի հուզում կառավարությանը, որը շարունակեց նույնաբովանդակ քաղաքականությունը՝ տարվա ընթացքում մի քանի անգամ դրամ-դոլար, դրամ-եվրո, դրամ-ռուբլի հարաբերություններում զսպման մեխանիզմներ կիրառելով:
Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ վերջին ամիսներին  հարաբերական կայունություն է տիրում այս ասպարեզում` 1 դոլարի գինը տատանվում է 404-410 դրամի սահմաններում:  Մնում է միայն հուսալ, որ այս ոլորտում բիզնես հետաքրքրություն ունեցող ոչ միայն պաշտոնավոր, այլեւ օլիգարխիկ դիրք ունեցող մարդիկ արհեստականորեն չեն միջամտի դրամի փոխարժեքի լողացող կուրսին եւ ֆինանսական աճպարարությունների արդյունքում չեն փորձի ունեզրկել ժողովրդին եւ այդ ճանապարհով ավելացնել սեփական հարստությունը: Միաժամանակ հարկ է հստակեցնել, որ մի շարք տնտեսագետների համոզմամբ՝ դոլարը պետք է մի փոքր ավելի արժենա, քան ներկայիս փոխարժեքն է: Ինչեւիցե, անցյալի դառը փորձը ունենալով՝ կարող ենք մեծ հույսեր չփայփայել ներկայիս կայունության հետ: Իսկ դրա պատճառն այն է, որ ցանկացած անակնկալ եւ շրջադարձային իրադարձության արդյունքում փոխարժեքի կայունությունը կարող է հեշտությամբ խարխլվել եւ հերթական անգամ հարվածել բնակչության գրպանին:  

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս