Շահագրգիռ միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար. ԼՂՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի պատասխանը NEWS.am գործակալության հարցին

– Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի կողմից հրթիռահրետանային գնդակոծության հետևանքով ԼՂՀ ՊԲ չորս զինծառայող է զոհվել: Նախօրեին Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական կրակահերթերին երեք խաղաղ բնակիչ է զոհ գնացել: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս գործողությունները:

– Ափսոսանք է առաջացնում այն, որ Ադրբեջանի նման գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ են անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:

Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներից և այդպիսով ստեղծելով և հետագայում օգտագործելով մի իրավիճակ, երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:

Շահագրգիռ միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար, և հետևանքների բացառմանն ուղղված կոչերի փոխարեն իրավիճակի սրման պատճառներն արմատախիլ անելուն ուղղված քայլեր ձեռնարկել:




Լրահոս