Երեկ ՀՀ մարդու իրավունքների գրասենյակը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումների եւ ընտրահանցանքների վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի հաղորդման մասին ոստիկանության արձագանքին: «Ամենեւին չպնդելով, որ մեզ ահազանգած քաղաքացիները բոլոր դեպքերում տիրապետում եւ ներկայացնում են բացարձակ ճշմարտությունը, այդուհանդերձ, կարեւոր է, որ նրանց կողմից տրված տեղեկատվության հերքման դեպքում բոլորիս ներկայացվեն կատարված աշխատանքի մանրամասներ եւ համոզիչ փաստարկներ: Մասնավորապես Սիսիան քաղաքում եւ Վերին Գետաշեն գյուղում ընտրակաշառք բաժանելու այս երկու գործերով անհրաժեշտ է ներկայացնել, թե ումից եւ ինչ բովանդակությամբ բացատրություն է վերցվել, եւ եղել են արդյոք իրարամերժ բացատրություններ: Այս ընտրություններում առանց այն էլ շատ չեն ընտրահանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող ահազանգերը, հետեւաբար չի կարելի անտեսել եւ ոչ մի դեպք: Չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինները, թեկուզեւ թափանցիկ ու հրատապ, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր ու միատեսակ բացատրություններով ավարտեն այդ գործերի քննությունը»,-ասված է հայտարարության մեջ:
ՄԻՊ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ