Ռմբակոծությունից հետո Բերդավանի մշակույթի տունն անմխիթար վիճակում է. հարկավոր են աջակիցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով վնաս է հասցվել Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղի` վերջերս նորոգված մշակույթի տանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կրակի հետեւանքով փշրվել են մշակույթի տան առաջին եւ երկրորդ հարկերի գրեթե բոլոր պատուհանները, վնաս է հասցվել շենքի պատերին, շարքից դուրս են եկել մուտքի աստիճանները:

Մշակույթի տան սպորտի մասնագետ Հայկ Ապրիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին անգամը չէ, երբ իրենց շենքը ռմբակոծության է ենթարկվում. տարիներ առաջ կրակի հետեւանքով շենքի տանիքը քանդվել էր, հետո վերանորոգվեց: Ընդ որում, շենքն ընդամենը վեց ամիս առաջ էր նորոգվել անհատ անձանց աջակցությամբ: Իսկ թե հիմա ով է աջակցելու, որպեսզի գյուղի մշակույթի տունը կրկին վերանորոգվի, Հ. Ապրիկյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել` պետական հիմունքներով կարվի նորոգումը, թե հովանավորների աջակցությամբ: Համենայն դեպս, գյուղապետարանի միջոցները սուղ են, հատկապես, որ գյուղում, բացի մշակույթի տնից, ուրիշ տեղերի էլ է վնաս հասցվել»,-ասաց նա` կոչ անելով անհատներին հնարավորության դեպքում աջակցել իրենց այդ հարցում:

Հ. Ապրիկյանը մեզ պատմեց, որ մշակույթի տան ուղղությամբ սկսել են կրակել երեկոյան` 17:30-17:40-ի սահմաններում: «Նախորդ օրն էլ էին կրակել, բայց չէինք պատկերացնի, որ հետո վիճակը կսրվի: Այդ պահին, որ սկսեցին կրակել, երեխեքը դաշտում պարապմունք էին անում, երեխաներին հաջողվեց հանել, նրանց մի մասը գյուղում չէ, հարեւան գյուղերում է, իսկ խմբակների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է»:

Սպորտի մասնագետը նշեց, որ բացի մշակութային, սպորտային ուղղվածության խմբակներից` մշակույթի տանը գործում է նաեւ գրադարան, որն ունի բազում այցելուներ. «Դրսից մարդիկ ասում են` հնարավոր չէ, որ այդ վտանգավոր տարածքում նման աշխատանքներ արվեն, բայց ես ասում եմ` եկեք, տեսեք, թե նման պայմաններում ինչ ակտիվ գործունեություն ենք ծավալում, կոնկրետ ես Հայաստանի առաջնությունում թիմեր եմ ունեցել, այնպես որ, չենք դադարում աշխատել, ամեն բան առջեւում է»,-լավատեսորեն եզրափակեց նա:

Լուսանկարը` Irakan.info

Աննա Բաբաջանյան




Լրահոս