Սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի շքահամերգը, որին մասնակցեցին Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ:
«Հայրապետական մաղթանք» երգով փառատոնը բացեց Ստամբուլի «Լուսավորիչ» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Հակոբ Մամիկոնյանի խմբավարությամբ:
Հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները հայ և օտարազգի երաժիշտների կատարմամբ:
Մեներգերով հանդես եկան Ֆրանկֆուրտից մեր հայրենակցուհի Սոնա Տալյանը ՝ «Յոթ երգ դաշնամուրի համար», Էստոնիայից Տամարա Բեզլուդովան՝ «Երկինքն ամպել ա», Արցախից Հակոբ Բաբայանը՝ «Երգաշար», Դոնի Ռոստովից Տաթևիկ Գևորգյանը «Կռունկ» կատարումներով: Կոմիտասի անզուգական «Անտունին» կատարեց լիբանանահայ Շողիկ Թորոսյանը : «Սաթ» տրիոյի կատարմամբ հնչեց «Խորհուրդ խորին» ստեղծագործությունը:
«Շողեր ջան»ի կատարմամբ ելույթ ունեցավ «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը:
«Արմավիր» պարախումբը ներկայացրեց «Ալ այլուխս» ստեղծագործությունը:
Փառատոնի մասնակից, ազգությամբ թրքուհի, Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած Լեման Շթեյնը կատարեց յուրաքանչյուր հայի զգացումային աշխարհի հիմնը՝ «Դլե յաման»:
Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Աղբյուր» երգչախմբի կատարմամբ հնչեց «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը:
«Ալագյազ, էս առուն» երգի կատարումով հանդես եկավ Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը, «Խումար պարկե» ստեղծագործությունը հնչեցրեց Վլադիկավկազի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբը, «Իմ չինարի յարը» կատարեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը, իսկ Ամմանի Մարզական միության «Երևան» երգչախումբը հանդես եկավ «Մարալ-մարալ» երգի կատարմամբ: Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթիր հայաբնակ գյուղից փառատոնին իր մասնակցությունն է բերել «Զանգեր» երգչախու-մբը, որի կատարմամբ հնչեց «Սոնա յար»-ը:
«Յա՛ր ջան, արի», «Ա՛յ սիրուն կաքավ», «Աղջի՛ Մարան» ստեղծագործություններն էլ ներկայացրեց Շահե Քեշիշյանի ղեկավարած հայ-սիրիական «Ովսաննա» երգչախումբը:
Աթենքից կիթառահար Հակոբ Քոլանյանը ներկայացրեց Կոմիտասի «Մարալի», «Ունաբի» և «Վասպուրական» ստեղծագործությունները:
«Գարուն ա» ստեղծագործությունը հնչեց Շվեդիայից մեր հայրենակցուհի Կարինե Հելման-Գևորգյանի կատարմամբ, ում շնորհիվ շվեդ երգիչ-երգչուհիները հաճախ իրենց երգացանկում ներառում են նաև Կոմիտասի ստեղծագործությունները: Շվեդ երգչուհի Վիլունդ Անն-Քրիստինեն երգեց «Կանչե կռունկ»-ը:
Հաճելի ավանդույթ է դարձել արդեն ճապոնացիների մասնակցությունը կոմիտասյան փառատոներին: Մեր հայրենակից Կարեն Իսրայելյանի և ճապոնուհի տավղահար Ուլալա Իոունեի կատարմամբ հնչեցին «Ծիրանի ծառ» և «Քելեր, ցոլեր» գործերը:
Համերգը եզրափակվեց Գառնիի վոկալ կվինտետի ելույթով:
Համերգի ավարտին Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունեց և շնորհակալություն հայտնեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Նա կարևորեց Կոմիտասին նվիրված փառատոների շարունակականությունը՝ նշելով, որ Կոմիտասին նվիրված փառատոնն իրականացվում է երկրորդ անգամ: 2013 թվականին՝ «Կոմիտաս վարդապետ» խորագրով:
ՀՀ սփյուռքի փոխնախարաը մասնավորապես ասաց. «Պատահական չէ, որ մեր միջոցառումները կրում են Մեծն Կոմիտասի անունը: Պատահական չէ նաև, որ այս փառատոնը կրում է «Երգում ենք Կոմիտաս» խորագիրը: 100 տարի առաջ թուրքը փորձեց լռեցնել Մեծն Երգահանին, դրանով իսկ՝ նաև հայի հոգու կանչը, բայց վրիպեց: Այսօր մենք երգում ենք Կոմիտաս,ասել է թե Կոմիտասը վերադարձել է, և իր հոգեպարար մեղեդիներով գրավում է մարդկանց սրտերը, աշխարհը: Նրա երգն է վերջ տալու մարդու դեմ իրականացված և շարունակվող ոճիրներին՝ ցեղասպանություններին: Կոմիտասյան արվեստը աշխարհասփյուռ հայության միասնության, ազգային ինքնության պահպանման ուղին է, որը ստեղծագործական նոր բացահայտումների ճանապարհ է բացում թե՛ մեզ, թե՛ օտարազգի արվեստագետների համար: Եվ ինչպես ասում էր Պլուզ Երզնկացին. Արվեստի սկիզբը սքանչացումն է»: Այսօր մենք սքանչացանք կոմիտասյան մեղեդիներով: Շնորհակալություն ձեզ»:
Սերժ Սրապիոնյանը փառատոնի մասնակցության հավաստագրեր հանձնեց պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանին, Պոլսի «Լուսավորիչ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հակոբ Մամիկոնյանին և Արմավիրի «Արմավիր» պարախմբին: