Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով փետրվարի 26-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանն ընթերցեց ոստիկանության Հրազդանի բաժնից ստացված գրությունն այն մասին, որ Հրազդանի բնակիչ, գործով վկա Համլետ Աղամիրյանը փետրվարի 23-ին մեկնել է ԼՂՀ-ի գյուղեր` աշխատանք գտնելու: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը կասկածներ հայտնեցին, որ դեպքի վայրի տեղազննության ընթերակա Հ. Աղամիրյանը ԼՂՀ-ում է, քանի որ նա արդեն մեկ տարի դատարան չի ներկայանում: Ռ. Մարտիրոսյանը միջնորդեց նրան ԼՂ-ից բերման ենթարկելու որոշում կայացնել: Սակայն դատավորը մերժեց այդ միջնորդությունը՝ ասելով, որ բերման ենթարկելու որոշում կայացվում է, եթե հայտնի է լինում բերման ենթարկվողի գտնվելու ստույգ վայրը, մինչդեռ Հ. Աղամիրյանի գտնվելու վայրն անհայտ է:
Այնուհետեւ Ռ. Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց դեպքի վայրի տեղազննության արձանագրությունը համարել անթույլատրելի ապացույց: Նա դրա համար նշեց 5 պատճառ: Արձանագրությունը թվագրված է 2010թ. հուլիսի 28-ով` Ա. Նազարյանի մահվան հաջորդ օրը: Հետո դատարանում հայտնվել է քննիչի գրությունը, որ թյուրիմացություն է եղել, այն պետք է թվագրվեր հուլիսի 27-ով: Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ սխալմունք չկա, Նազարյանի մահվան օրը` հուլիսի 27-ին, կազմվել է դեպքի վայրի տեղազննության արձանագրություն, դա ձեռնտու չի եղել նախաքննության մարմնին, ուստի այն ոչնչացրել են եւ հաջորդ օրը կազմել նոր արձանագրություն: Իրավապաշտպանի խոսքով` կեղծողներն այնքան անտաղանդ են եղել, որ այն թվագրել են արձանագրությունը կազմելու իսկական ամսաթվով` գլխի չընկնելով դա էլ կեղծել: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ դեպքի վայրից փորձաքննության ուղարկված պարկուճը քննիչի կողմից փոխված է. «ինքնասպան եղած» Ա. Նազարյանի մոտ եղած բոլոր 120 փամփուշտները տեղում են եղել, իսկ Նազարյանին սպանել են այլ զենքով:
Իրավապաշտպանը հայտարարեց, որ Նազարյանի ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել, քանի որ դրանք քննիչի կողմից միտումնավոր ոչնչացվել են: Նա նշեց, որ դեպքի վայրի տեղազննության ընթերակա Արտակ Հովհաննիսյանը դատարանում ցուցմունք է տվել` հայտնելով, որ ինքը Նազարյանի մահվան օրը եղել է «բլինդաժում» եւ չի մասնակցել տեղազննությանը: Տուժողի իրավահաջորդը նաեւ ասաց, որ քննիչ Մադաթյանը Նազարյանի մահվան օրը՝ կեսօրին, իբր դեպքի վայրում լուսանկարել է հանգուցյալ Ա. Նազարյանին, այն դեպքում, երբ այդ ժամանակ Նազարյանի դին գտնվում էր Երեւանում՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնում: Մեղադրող Հարություն Հարությունյանն առարկություններ ներկայացրեց միջնորդության դեմ: Սակայն դատավոր Մարդանյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դրա վերաբերյալ դատարանը որոշում կընդունի խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտը կայացնելիս:
Ավարտվեց այս դատավարության ապացույցների լրացման միջնորդությունների փուլը, եւ սկսվեց դատական ճառերի փուլը: Հաջորդ` մարտի 13-ի նիստում ճառով հանդես կգա մեղադրական կողմը:
Տավուշ