Ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ նախագահական ընտրություններին չի մասնակցել, ավելին, իր թիմակիցների հետ կոչ է արել չմասնակցել իր իսկ խոսքերով «չընտրություններին»: Ռեժիսորը հետեւում է ներքաղաքական կյանքին, լավատեղյակ է, թե ինչ է կատարվում իր շուրջը, ու հաղթանակի նոր տարբերակներ է առաջարկում:
-Ո՞ւմ եք սատարում, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն:
-Նախ եւ առաջ մենք սատարում ենք ժողովրդի ապստամբությանը, ու քանի որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն է այն գլխավորում, աջակցում ենք իրեն այնքան ժամանակ, որքան որ նա պատրաստ է գործել համակարգը տապալելու համար:
-Հավատո՞ւմ եք, որ կգա մի օր, երբ գործող համակարգը կտապալվի:
-Եթե չհավատայի, կյանքս իմաստ չէր ունենա: Հավատում եմ, քանի որ ես մի առաջնորդի հետ չեմ կապում իմ հույսն ու հավատը, ես հավատում եմ մեր անկոտրում ժողովրդին, որը հաղթում էր այս տարիների ընթացքում, եւ որը կհաղթի նաեւ հիմա:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ես անգամ այդ խոսքը չեմ օգտագործում, ես ու իմ ընկերներն այն անվանում ենք «չընտրություններ»: Ես չեմ գնացել այս ընտրություններին, եւ մենք ամիսներ շարունակ հորդորում էինք չմասնակցել այս խայտառակ խաղին, այլ միավորվել այլընտրանքային իշխանություն ստեղծելու համար: Արդյունքում՝ չընտրություններն ավարտվեցին այնպես, ինչպես պետք է ավարտվեին, ինչպես մենք կանխատեսում էինք:
-Այս օրերին ուսանողները դասադուլ են անում, միանում «Բարեւի հեղափոխությանը»: Նաեւ որպես դասախոս` ինչպե՞ս եք վերաբերում ուսանողներին այդ գործընթացում ներգրավելուն:
-Մեր քաղաքացիական հասարակությունը մի 2-3 տարի է՝ արթնացել է` հանձինս 20-25-ամյա երիտասարդների: Իրենք են մեզ առաջնորդում, մենք մեր փորձով իրենց փորձում ենք օգնել, միասին մենք կհասնենք արդյունքի:
Իսկ ուսանողական շարժումները 23 տարի առաջ այնպիսի հզոր շունչ հաղորդեցին համաժողովրդական ապստամբությանը` այն դարձնելով հեղափոխություն: Այսօր էլ են նրանք կատարում այդ դերը, որովհետեւ ժողովրդի ամենահզոր զենքը բռնապետության դեմ եղել է ու կլինի մեկը` անհնազանդությունը:
-Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս մենք կկարողանանք այդչափ անհնազանդ լինել, որ գործող իշխանությունը սկսի հաշվի նստել քաղաքացիների կամքի հետ:
-Ինչպե՞ս անվանել այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում. արդյո՞ք սա հեղափոխություն է, բայց արդեն համաժողովրդական ապստամբություն է: Ի՞նչն է տարբերությունը: Երկրում վաղուց առկա է դասական հեղափոխական իրավիճակը, երբ, այսպես կոչված, «վերեւները» չեն կարողանում արդյունավետ կառավարել, իսկ «ներքեւները» չեն ցանկանում հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Ապացույցը` եղեռնային արտագաղթն է, համատարած աղքատությունն ու աննախադեպ անօրինականությունը: Անխուսափելի օրինաչափությամբ ժողովրդական ապստամբություններն անկախ Հայաստանում միշտ սկսվում են նախագահական կեղծված ընտրություններից հետո: Այսպես եղավ 1996-ին, 2008-ին, նույն հունով է զարգանում 2013-ի «չընտրությունների» վերջնախաղը:
Հայաստանը զավթած ու կեղեքող խունտան հերթական անգամ ապացուցեց, որ բռնապետության օրոք ժողովրդավարական գործիքները, զորօրինակ՝ ընտրությունները, չեն աշխատում, այլ օգտագործվում են բռնապետությունն ամրապնդելու համար: Ընտրությունները կեղծող խունտան ընտրություններով չի հեռանում: Դրա համար նա ստանում է արեւմուտքի, հյուսիսի եւ արեւելքի գաղութատիրությունների աջակցությունն ու օրհնությունը: Մյուս կողմից, Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ ապացուցեցին, որ մենք հպարտ ու անկոտրում ազգ ենք, որը չի հանդուրժում ստրկություն: Ընթացքում պայթեցին ռեժիմի «հզորության» ու «հինգ հազար դրամով ծախվող ոչխար ժողովրդի» մասին փուչիկները: Արդյունքում՝ տարիներ շարունակ հասունացող հեղափոխական իրավիճակը սկսեց ժայթքել` առայժմ ապստամբության տեսքով: Ապստամբության ու հեղափոխության տարբերությունը վիթխարի է եւ ճակատագրական…
Հեղափոխությունն ուղղված է նախ եւ առաջ համակարգի փոփոխությանը` սկսած բարոյական արժեքներից մինչեւ տնտեսական քաղաքականություն, սոցիալական արդարությունից մինչեւ կենցաղային մշակույթ:
Կասեմ գուցե անհեթեթ թվացող մի բան` իրական ազգային հեղափոխության արտաքին ամենահստակ դրսեւորումն է լինելու Հայաստանում ամենուրեք թափվող աղբի կտրուկ նվազումն ու անհետացումը: Դա կնշանակի, որ մենք կրկին ազգ ու քաղաքացի ենք դառնում` սեփական տան ու երկրի տերը: Մենք ընտանիք-ազգ ենք՝ ի տարբերություն արեւմտյան ազգ-պետությունների կամ արեւելյան ազգ-համայնքների: «Հայրիկ, քույրիկ, մայրիկ, եղբայր»` միմյանց այսպես դիմելու մեր ազգային ձեւը վկայում է, որ սա դեռեւս չի վերացել մեզանում, եւ միգուցե սա է պատճառը, որ մենք չենք վերացել իբրեւ ազգ: Ահա ինչու էր այդպիսի խանդով ու դառնությամբ լցվում հայ ժողովրդի սիրտը Տեր-Պետրոսյանի մեծամիտ ուրացման պատճառով, ահա ինչու օտարի լծից էլ ծանր էր տանում ժողովուրդը Քոչարյան-Սարգսյան զույգի իշխանությունը, որը բռնաբարեց ու նվաստացրեց մեր երիտասարդ պետությունը:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ