Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ադրբեջանական կողմի ակտիվացման երկու հիմնական պատճառ է տեսնում: Armlur.am-ի հետ զրուցում պատգամավորն անդրադարձավ ԱՄՆ ՄԱԿ-ի գագաթնաժողովին և ակնկալվող արդյունքներին:
– Պարոն Պողոսյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է ԱՄՆ ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու: Ըստ Ձեզ Ադրբեջանի կողմից ցուցաբերած ակտիվությունը կապ ունի ՀՀ նախագահի ԱՄՆ մեկնելու հետ:
-Պետք է հասկանալ, որ ՄԱԿ-ի տարեկան վեհաժողովին միշտ էլ Հայաստանի իշխանությունները բազում մակարդակի վրա մասնակցել են: Վստահ եմ, որ կլինեն անդրադարձներ նաև այսօրվա իրավիճակին:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ագրեսիան:
-Երկու խնդիր պետք է նշեմ: Առաջին` իրենց ներքին խնդիրները` Ազգային ժողովի գալիք ընտրությունների հետ կապված, որտեղ երևի օգտագործել են ինչ-որ հաղթանակած խնդիրներ դնել, որ իրենց իշխող ուժը ասի`ինչ որ բան են անում: Չէ որ Ալիևը տասը տարի է արդեն խոստանում է Ղարաբաղյան հարցը ուժային մեթոդներով լուծել: Երկրորդ` Ադրբեջանը գնելով այդքան զենք փորձում է իր համար օգտագործման դնել և դրա հետ միասին փորձելով նշել, որ հայկական կողմը սխալ քաղաքականություն է վարում և ինքը փորձում է միայնակ այդ սխալը լուծել: Բայց դրանով ուշադրությունը ավելի շատ է սևեռում իր վրա: Եվ նավթի գներն են իջել և գազի գներն են իջել: Դա գալիս է նրանից, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի իշխանությունները վարում են ֆաշիստական քաղաքականություն, որը միտված է միայն ու միայն անվտանգության իրավիճակի սրացմանը, այլ ոչ թե խաղաղության:
-Պարոն Պողոսյան, խոսվում է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին: Ըստ Ձեզ հանդիպում տեղի կունենա և այն որևէ դերակատարություն կունենա սահմանային առկա լարվածության վրա:
– Չգիտեմ: Բայց մեկ անգամ չէ որ կրկնել եմ` թող ամեն օր հանդիպեն: Ալիևի և Սարգսյանի հանդիպումները չեն բերելու ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը մինչև Արցախի Հանրապետության նախագահը, արտգործնախարարը և իրենց ներկայացուցիչները չլինեն բանակցությունների սեղանի շուրջ: Բանակցությունների լիակատար ֆորմատ պետք է լինի:
Արփինե Թովմասյան